Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ



Մոտենում է Ամանորը և կրկին բոլորի շուրթերին սկսում է հոլովվել ժողովրդական հայտնի խոսքը` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կընթանա ամբողջ տարին»:

Այո՛, այդպես է, բայց քչերին է բախտ վիճակվում դիմավորել գալիք տարին լեռներում, ամպերից վերև` թշնամուն այնքան մոտ, որ երբ զենքը ուսիդ կանգնած ես ամուր քո լեռներում` քեզ զգում ես և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես այնքան հզոր, Աստծուն այնքան մոտ:

Այդ սակավաթիվ երջանիկներից մեկն էլ ես եմ:

Մոտավորապես վեց ամսվա ծառայող էի ու առաջին անգամ պետք է բարձրանայի մարտական հենակետ: Իսկ առաջին հերթափոխս հենց նախկին ու ներկա տարիների խաչմերուկում տեղի ունեցավ: Թեև մարտական ծառայություն էինք տանում դժվարին կլիմայական պայմաններում, սակայն չէինք մոռացել Ամանորի մասին: Գետնատնակում ծառայակից ընկերներս մի հոյակապ սեղան էին սարքել: Մոտենում էր ժամը 12-ը: Մենք խրամատում կանգնած էինք: Գետնատնակ գալու հրաման ստացանք: Մեզ փոխարինեցին մյուս հերթափոխի դիտորդները: Հրամանատարը բոլորիս Նոր տարին շնորհավորեց ջերմ ձեռքսեղմումով:

Անմոռանալի օր էր, անմոռանալի Ամանոր: Վառարանի շուրջ էինք հավաքված: Հին ծառայողները բարձր երգում էին Քելբաջարի երգը և ուրախ էին, որ հաջորդ Նոր տարին արդեն տանն են դիմավորելու: Իսկ մենք դեռ պետք է ծառայենք…

Հակառակորդի հենակետերում քար լռություն էր, անգամ նրանց շների հաչոցները չէին լսվում, իսկ մեր դիրքերում աշխուժություն էր, ուրախության ձայներ էին գալիս…

Զինվորները զանգում էին տուն, շնորհավորում. «Չմտածես, մամ ջան, այս տարի տանն եմ արդեն», ոմանք` «Բան չմնաց, հեր ջան, դիմացեք, մի Ամանոր էլ կպահենք մեր դիրքերն ու տանը կլինենք»: Ես նույնպես վերջիններից էի:

Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի…

3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած էին մեր տղերքը` հպարտ Օմարի լեռների պես… Եվ տարին այդպես էլ գլորվեց-անցավ. անկախ թշնամու ամեն մի սադրանքից, մենք պատվով ու քաջությամբ պահեցինք հենակետը և հանձնեցինք մեզ փոխարինող տղերքին:

Կարծես երեկ լիներ, մի ակնթարթի պես արագ անցավ, իսկ հիմա արդեն ես ու իմ ծառայակից ընկերներն ենք նույնը ասելու` «Չմտածես, մամ ջան, այս տարի տանն եմ արդեն»: Եվ ոգևորելու ենք մեր նորակոչիկներին, սովորեցնելու ենք ամեն մի մանրուք` կապված մարտական ծառայության հետ. օրինակ` ինչպես պատսպարվել կայծակի ժամանակ, ինչպես վարվել խրամատում և բացի այդ` ծնողներից շատ բան մի ուզեք, էստեղ ամեն ինչ կա, ամեն մանրուք տնեցիներին մի՛ ասեք, մոր սիրտ է, կանհանգստանա…

Ամանոր էր. տաք տներում հնչում էին կենացները, խնդության աղաղակներ էին բարձրանում, իսկ մեզ մոտ խարույկի ճթճթոց էր ու զենքի չխչխկոց:

Ժամացույցի զանգերը խփեցին 12-ը. տներում վերցրին բաժակները, լեռներում` զենքերը, այնտեղ Ամանորի հրավառություն էր, Օմարում` իսկական հրավառություն…

ԱՐԱ ԲԱՂՈՒՄՅԱՆ
«Օմարի արծիվ» թերթի
պատասխանատու,
խմբագիր

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ազգային բանակ


27/12/2014