ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
ԱՄԱՆՈՐ
– 1992-ի դեկտեմբերի 31-ն էր։ Կարմիրի սահմանային հատվածում էինք,- պատմում է Համո Բեկնազարյանը,- Ամանորը մոտենում էր, և որպեսզի խաղաղ ու ապահով այն դիմավորեինք, որոշեցինք զրահատեխնիկան մի փոքր ետ քաշել, քողարկել ու մարտական վիճակում այն պահել։ Ցուրտ էր, սառնամանիք։ Երբ ուզեցինք գործարկել, պարզվեց, որ 10 զրահամեքենաների շարժիչներն էլ սառել են։ Մութն ընկել էր, և Ամանորին հաշված ժամեր էին մնացել։ Շարժիչների տակ կրակ վառելով՝ սպասում էինք, որ տաքանա ու փորձարկում էինք։ Այսպես գործարկեցինք 9-ը։ Մնաց վերջինը։ Շարժիչի տակ արված կրակն էլ, երկար վառվելով, թվում էր՝ օգուտ չի տալիս։ Մեկ էլ զգացի, որ աշտարակից ծուխ է դուրս գալիս։ Ամեն պահ կարող էր տեղի ունենալ պայթյունը։ Չնայած տղաների հորդորներին, ես ինձ ներս գցեցի և հանգցրի կրակը։ Երբ դուրս եկա աշտարակից, տղաների գոռում-գոչյունները, ուրախության աղաղակները համընկան Նոր տարվա գալստյանը։ Այդպես դիմավորեցինք Ամանորը։
ՏԱՐԵՄՈՒՏ
– Ամանորին մնում էին հաշված րոպեներ, երբ զորամաս այցելեց նախարար Վազգեն Սարգսյանը,- պատմում է փոխգնդապետ Գ. Մարգարյանի այրին՝ տիկին Սվետան։- Ուրախությունը զորամասում հասավ իր գագաթնակետին։ Հազվադեպ կարելի էր տեսնել նախարարին այդպես ուրախ, ոգևորված։ Ջերմ դիմավորումից հետո նախարարը քայլերն ուղղեց ճաշարան. «Տեսնեմ զինվորներն ինչպե՞ս են դիմավորելու Ամանորը, ի՞նչ սեղան եք պատրաստել»։ Զգացվեց, որ նախարարը գոհ դուրս եկավ ճաշարանից։ Հնչեցին Նոր տարին ազդարարող զանգերը, և նույն պահին էլ ձգվեց-երկարեց դհոլ-զուռնայի զիլ ձայնը։ Նախարարն անցավ պարի գլուխ, և ավանդական «Քոչարու» խրոխտ թնդյունները տարածվեցին շուրջբոլորը։ Ոգևորված պարում էր նախարարը։ Զինվորների հայացքները բոցավառվել էին հուզմունքից, անասելի ուրախությունից։ Ավարտից հետո շնորհավորելով զինվորների, սպաների Ամանորը՝ նախարարը բարձրացավ դիրքեր։ Երբ շնորհավորանքի համար բաժակ մեկնեցին, ասաց. «Ինչ բաժակով որ խմում է իմ զինվորը, նույն բաժակով էլ ես պիտի խմեմ»։
Ի՞նչ իմանայինք, որ դա սիրելի մարդու վերջին Ամանորն է, վերջինը տարիների օրերի շարանում, սակայն սկիզբը նոր՝ հավերժության ճանապարհին։
ԸՆԿՈՒՅԶԸ՝ ՄԵՂՐՈՎ…
-Մանիքլու-Փափրավենդ հատվածում էինք: Պետոյի (Պետրոս Ղևոնդյան) հրամանատարությամբ ընկել էինք շրջափակման մեջ: Երբ Պետոյին թիկունքից այդ մասին հայտնեցին, Պետոն ասաց.«Հոգ չէ, Թալինի տղաները հետս են, դուրս կգանք»: Ուժեղ հրետակոծություն էր: Կեղծ դիրքեր էինք կառուցել, և թշնամին անընդհատ ռմբահարում էր այդ դիրքերը: Թշնամու հարձակումներին դիմադրում էինք, սակայն տղաները քաղցած էին ՝ հարկավոր էր մի բան մտածել: Կողքի ձորակում լիքը ընկույզի ծառեր էին: Պետոյին առաջարկեցի, որ գնանք պոպոք հավաքենք, բաժանենք տղաներին, որ քաղցը մեղմեն,- պատմում է Արագած Մկրտչյանը՝ Բոնդոն, ու շարունակում,- Գնացինք, ահագին հավաքել էինք ու արդեն վերադառնում էինք, երբ ծառերից մեկի շվաքում մեղվի չորս հատ փեթակ գտանք: Շատ ուրախացանք ՝ բոլոր շրջանակները մեղրով լցված էին: Ու Պետոյի միտքը հրաշալի գործեց. մեղրը բերեցինք, ընկույզը ջարդեցինք, սկսեցինք մեղրով պատել ցելոֆանը ու վրան ընկույզ շարել: Այսպես մեղրը քսում, ընկույզը շարում ու փաթաթում էինք: Մինչև առավոտ տղաների համար արդեն ահագին պաշար էինք փաթաթել: Առավոտյան, երբ բաժանում էինք, տղաների այն հարցին, թե՝ էս ի՞նչ է՝ պատասխանում էինք՝ ֆիդայիների սնվելու համար ֆրանսիացիներն են ուղարկել: Տղաները հավատացել էին: Միայն նրանցից մեկնումեկը մեկ էլ ասում էր. «Դե խելոք ժողովուրդներն ուրիշ են, էլի…»:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Պատմության էջերից