Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏԱՆԻՔԸ ԲԱՆԱԿԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է



Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությամբ անցնող տարում ծառայության ընթացքում իրենց լավ դրսևորած շուրջ 1500 զինծառայող առաջնագծից հնարավորություն ունեցավ անակնկալ արձակուրդով այցելելու իրենց ծնողներին, Հայաստանի բոլոր մարզկենտրոններում անցկացվեցին ծնողների և ԼՂ ՊԲ հրամանատարության հանդիպումներ: Բոլոր այս միջոցառումների նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, հայ զինվորի և նրա ընտանիքի մեծարումը: Միջոցառումների այս տարվա շարքը եզրափակվեց Հայաստանի մայրաքաղաքում:

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում 100 ժամկետային զինծառայող դեկտեմբերի 21-ին հնարավորություն ստացավ Երևանում հանդիպելու ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները:

Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիսավոր միջոցառման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին:

Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ համատեղ ծրագրերի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ, և այն մինչ օրս եղել է արդյունավետ ու հաջողված:

-Իզուր չէ, որ պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր տունն է, մեր ընտանիքը, որի ներսում ներդաշնակվում և համատեղ գործունեության հուն են մղվում մեր զինվորների, մեր հրամանատարների ջանքերը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով լցված պաշտպանում են մեր բոլորիս հայրենիքը: Այն կրթությունն ու դաստիարակությունը, որ մեր զինվորները ստացել են և՛ ընտանիքում, և՛ դպրոցում, անկասկած իր շարունակությունը պետք է ունենա նաեւ բանակում: Այսօր ձեր որդիները կատարում են ձեր ծնողական պատգամը և ինքնակամորեն, գիտակցաբար ծառայելով Հայրենիքին՝ իրենց հրամանատարների ուղղորդությամբ կատարելագործում և հղկում են իրենց անձնական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նաև քաղաքացիական կյանքում,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նախարարը ընդգծեց նաև, որ հայ ժողովուրդը կարողացավ բազմաթիվ փորձությունների միջից հաղթական և պատվով դուրս գալ հենց միասնականության և համախմբման շնորհիվ:

Մեզ պարտադրված պատերազմում մենք հասանք հաջողությունների մեր քաջ տղաների, մեր խիզախ ընկերների մարտական սխրանքի շնորհիվ, որն իր շարունակական արտացոլումն է ստանում նաև ձեր որդիների` այսօրվա զինվորների գործողություներում:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ևս շնորհակալություն հայտնեց բոլոր ընտանիքներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար:

-Այս դահլիճում նստած զինվորները քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է դիրքերից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, որը հայրենասեր զավակ է կրթել, դաստիարակել և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է,- ընդգծեց ԼՂՀ ՊԲ հրամանատարը:

Առանձնակի կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձևավորված համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին կլինի ու իր լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց:

– Որպես հայ մարդ, նաև որպես Երևանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Արդեն երկու տարի է, ինչ երևանաբնակ շատ ընտանիքներ հնարավորություն ունեն կազմակերպվող այցելությունների շրջանակում տարեկան առնվազն երկու անգամ տեսակցելու զավակներին և անձամբ ծանոթանալու ծառայության պայմաններին: Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության շնորհիվ, մեծ ոգևորություն առաջացրեց մեր համաքաղաքացիների շրջանում: Ըստ էության, սա նաև յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի ևս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երևանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու և նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու միջոցառման մասին է, ինչը, անկասկած, ողջունելի է: Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, որի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ: Ու ես վստահեցնում եմ բոլորին, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի:

Այնուհետ ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Բանակային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացան Երևանի քաղաքապետի շնորհակալագրին:

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողները նույնպես արժանացան շնորհակալագրերի, իսկ նրանց որդիները խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով:

Կրտսեր սերժանտ Արշավիր Գասպարյանը զինծառայողների անունից նշեց, որ անձամբ իր և իր զինակից ընկերների համար մեծ պատասխանատվություն է և հպարտություն պաշտպանել Արցախի անվտանգությունը, քանի որ դրանով իրենք շարունակում են Արցախյան պատերազմի հերոս ազատամարտիկների գործը:

Իրենց զավակներին տեսակցելու հնարավորությունը բարձր գնահատեցին նաև զինվորների ծնողները:

– Շատ դժվար է հասնել Արցախ՝ զինվոր որդուդ տեսնելու համար: Եվ մենք անչափ շնորհակալ ենք մեզ ընձեռված այս հնարավորության համար, ինչը միաժամանակ լավ հնարավորություն է հանդիպելու պաշտպանական բանակի հրամանատարության հետ, խոսելու և քննարկելու ծնողներիս հուզող բոլոր հարցերը, – ասաց կրտսեր սերժանտ Էդուարդ Կանեցյանի մայրը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Բանակ և հասարակություն


27/12/2014