ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ
Բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում, երբ անհատներն են կանգնում հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Աննախադեպ աջակցություն եւ բարի կամքի փայլուն դրսեւորում էր բարերար Վահե Բադալյանի մեկնած օգնության ձեռքը այն ընտանիքներին, որոնք մարտական ծառայության ժամանակ այս տարվա ընթացքում կորցրել են իրենց հարազատներին:
Բարերար Վահե Բադալյանը դեկտեմբերի 23-ին` Երկրապահ կամավորականների միության վարչությունում հանդես եկավ հայրենասիրական նախաձեռնությամբ` հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին հատկացնելով մեկական միլիոն դրամ: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու:
-Բարեգործական այս քայլը վաղուց է քննարկվել մեր ընտանիքում, ուղղակի հիմա հնարավորություն ունեցանք իրականացնելու այն: Կարծում եմ՝ մոլորակի վրա չկա մի հայ, որը ցավ չզգա՝ լսելով սահմանին զոհված զինվորի կամ սպայի մասին: Մենք ապրում ենք դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում եւ պատրաստակամ ենք աջակցելու մեր հայրենիքի պաշտպան զինվորներին,- ասաց նա:
Պաշտպանության նախարարության անունից երախտիքի խոսք ասաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, շեշտելով, որ մարդասիրական այսպիսի քայլը մեզանում աննախադեպ է, ոգևորող և ընդօրինակման արժանի, մանավանդ որ վերաբերում է ժամկետային զինծառայողներին:
-Այս նախաձեռնությունը մեզ համար, իրոք, անսպասելի էր: Ոչ մի սփոփիչ խոսք կամ նյութական աջակցություն չի կարող ամոքել ծնողի վիշտը և վերադարձնել նրան իր զավակին, բայց հենց այսպիսի նախաձեռնությունն է, որ գալիս է փաստելու՝ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք լինել մեր հերոս նահատակների ընտանիքների կողքին եւ թեթեւացնել նրանց վիշտը ինչով կարող ենք,- ասաց նա և հավելեց,- պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցելու նման համատեղ միջոցառումները:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կարևորեց նման բարեգործական քայլը՝ շեշտելով, որ իսկական բարերարությունը գովասանքի խոսքեր չի ակնկալում: Նա գոտեպնդման եւ երախտիքի խոսքեր ասաց ներկաներին՝ այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները, շարունակելով հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների գործը, անմահացան:
-Գլուխներդ բարձր պահեք` նրանք հայրենիքի ազատության համար են զոհվել` նվիրելով կյանքն ապրողաց: Մենք այսօր դեռ կիսատ գործեր ունենք. պատերազմը դեռ չի վերջացել, մենք դեռ թշնամի ունենք,- ասաց Մ.Գրիգորյանը:
Նրա խոսքով` նման մարդասիրական նախաձեռնությունն ամրապնդում է հավատը բանակի, երկրի ապագայի նկատմամբ: Մանվել Գրիգորյանը հիշեցրեց, որ 1989 թվականից անձամբ կորցրել է երկու եղբայրներին և հարազատ շատ մարդկանց, հարյուրավոր մարտական ընկերներ և կոչ արեց ներկա գտնվողներին հպարտանալ այսօրվա երիտասարդներով:
-Դուք հերոսների ծնողներ եք, դուք ուժեղ մարդիկ եք: Կապ չունի, թե ով երբ է զոհվել` 92-ին, 93-ին, 94-ին, թե 2014-ին, բոլորն իմ համար հավասար են, քանի որ կյանքը նվիրել են իրենց երկրին, ինձ, իմ ընտանիքին,- շեշտեց նա:
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը բարերար Վահե Բադալյանին պարգևատրեց «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական մեդալով:
Մ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում