Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ



Ձյան նշույլ անգամ չկար: Ասենք` որտեղից լիներ, երբ դրսում քսան աստիճան շոգ էր: Բակերում դեռ կանաչին էին տալիս թփերը, լսվում էր արմավենիների տերեւների սոսափը: Եթե մի պահ օրացույցը մտահան անեիր, կմոռանայիր, որ այսօր ճրագալույց է` Ծննդյան տոների նախօրեն:

Ինչ ուզում եք` ասեք, բայց Սուրբ Ծնունդը հրաշալի տոն է: Նույնիսկ, եթե Ֆլորիդայում եք ապրում: Նույնիսկ, եթե ճրագալույցին ոչ թե ձեր կնոջ ու երեխայի կողքին եք, այլ` հերթապահության: Ես գուցե եւ ինչ-որ կերպ համակերպվեի, եթե դա սովորական հերթապահություն լիներ, բայց մենք այդ տաք երեկո չորս հոգով էինք եւ պատրաստվում էինք բռնել փախած կալանավորի ու ետ տանել նրան բանտ: Կամ էլ գնդակահարել, ինչն ավելի հավանական էր: Այդ տղան ցմահ բանտարկության էր դատապարտված, այնպես որ` հազիվ թե ցանկություն ունենար կրկին բանտ վերադառնալ:

Իմ կողքին մեքենայում Մաքքին էր: Մի քանի ամիս առաջ նա պարեկություն էր անում փողոցներում, իսկ հիմա արդեն երրորդ կարգի խուզարկու էր: Ջահել տղա է` պարզ աչքերով եւ վարդագույն այտերով: Իսկը ամերիկացի: Նրանցից, որ չափազանց լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին:

Մենք նստած էինք մեքենայի մեջ` չորս տուն հեռու այն տնից, որտեղ իր երեք երեխաների հետ միասին ապրում էր միսիս Բոհենը: Նույնքան հեռավորությամբ, միայն թե` մյուս կողմից, կանգնած էր լեյտենանտ Մորթելլի եւ առաջին կարգի խուզարկու Թրաշերի մեքենան: Աչքերի պատճառով Մորթելլին Լուցկի անունն էին կպցրել. դրանցում օրը ցերեկով էլ մարդկային ոչինչ հնարավոր չէր նշմարել: Նա այդ երեկո գլխավորն էր: Թրաշերի մասին միայն մի բան կարող եմ ասել` ամենասովորական ոստիկան: Մյուս սովորական ոստիկաններից նա, թերեւս, տարբերվում էր միայն իր թմբլիկությամբ:

Թաղամասի մյուս կողմում` Բոհենի տան ետեւի մասում, մեր բաժանմունքի եւս մի մեքենա էր կանգնած, որտեղ նստած էին առաջին կարգի խուզարկուներ Դոդին եւ Ֆիշմանը: Նրանց խնդիրն էր բռնել Բոհենին, եթե նա խույս տար մեզնից եւ փորձեր փախչել բակերով: Ճիշտն ասած` ես այնքան էլ չէի հավատում, թե Դոդին եւ Ֆիշմանն այդ երեկո անելիք կունենան:

-Գիտե՞ք ինչ, սերժանտ,- ասաց Մաքքին,- ինձ թվում է, որ էդ Բոհենի խելքը տեղը չի:

-Այդպես ես կարծում, որովհետեւ նա իրեն կարգին մարդու պե՞ս է պահում,- քմծիծաղ տվեցի ես:- Որովհետեւ ուզում է Ծննդյան տոներն անցկացնել կնոջ եւ երեխաների հե՞տ:

-Բայց ախր նա պիտի հասկանար, որ դա շատ վտանգավոր է, եւ որ մենք անպայման կդարանակալենք իրեն: Եթե նրան բռնեն, կնոջ եւ երեխաների համար ավելի վատ կլինի, չէ՞: Ինչո՞ւ նվերները փոստով չի ուղարկել կամ էլ ինչ-որ մեկի հետ: Հետո էլ հեռախոսով կզանգեր, ու ամեն ինչ կարգին կլիներ:

-Կարծեմ` դու ամուսնացած չես, չէ՞, Մաքքի: Եվ երեխաներ էլ չունես, ճի՞շտ է: Դրա համար էլ ես չեմ կարող պատասխանել քո այդ հարցին:

Ես լռեցի ու սկսեցի մտածել, թե տեսնես ո՞ր մի տականքն է զանգել ոստիկանություն եւ զգուշացրել, որ Էռլ Բոհենը Ծննդյան տոներին հայտնվելու է տանը: Բարոյական արժեքների իմ ցանկում այդպիսի արարքն ամենաստորին տեղն էր զբաղեցնում: Էդ «քցողը» կփոշմանի, եթե ես իրեն հայտնաբերեմ, ոնց էլ լինի` կյանքը դժոխքի կվերածեմ: Հետո հիշեցի, թե մեկ ժամ առաջ լեյտենանտ Մորթելլն ինչ էր ասել ինձ: «Թիմ,- իրեն բնորոշ սառը ժպիտով քմծիծաղ էր տվել նա,- վախենամ` դու էնքան էլ լավ ոստիկան չես: Գիտե՞ս, թե որն է քո գլխավոր թերությունը: Ավելորդ սենտիմենտալությունը: Ասա՛ խնդրեմ` Բոհենը նույնպե՞ս սենտիմենտալ է: Հիշիր ֆինանսական ընկերության էն աշխատակցին, որ Բոհենի հետ «հանդիպելուց» եւ թալանվելուց հետո ողջ կյանքում հաշմանդամ է մնալու: Տեսնես էդ տականքը հետաքրքրվու՞մ է էդ խեղճ մարդու ընտանիքով: Լռու՞մ ես: Դե ուրեմն` շնորհակալ կլինեմ, եթե դադարես ամենավերջին ապուշի պես պահել քեզ»:

Այս երկարաշունչ մենախոսությունը լեյտենանտի պատասխանն էր իմ առաջարկությանը` թողնել, որ Էռլ Բոհենը մտնի տուն, կնոջ եւ երեխաների հետ դիմավորի Ծննդյան տոները, եւ միայն այնտեղից դուրս գալուց հետո բռնել նրան: «Ախր մեզնից ի՞նչ է գնում,- ասել էի ես:- Եկեք մի փոքր բարի գործ անենք նրանց համար»:

Այս մտքերից ինձ ետ բերեց Մաքքիի ձայնը:

-Ի՞նչ եք կարծում, նա` էդ Բոհենն իսկապե՞ս զինված կլինի:

-Ինձ թվում է` հա:

-Էդ դեպքում ես ուրախ եմ, որ Մորթելլը կարգադրեց ռիսկի չգնալ եւ կրակել, եթե նա նույնիսկ մի ավելորդ շարժում անի: Մեր լեյտենանտը խելացի ու փորձառու ոստիկան է:

-Հա, նրա նմաններին համարում են լավ ոստիկան: Իսկ դու նրա աչքերը տեսե՞լ ես:

-Իսկ ի՞նչ կա որ,- չհասկացավ ջահելը:

-Հեչ, անցած լինի,- ձեռքս թափ տվեցի:- Տես, ավտոբուս կանգնեց:

Մենք գիտեինք, որ Բոհենը մեքենա չէր վարձակալի, այդքան փող չուներ: Ամենայն հավանականությամբ` նա ավտոբուսով կգար: Բայց այս ավտոբուսում նա չկար: Ես հոգոց հանեցի եւ նայեցի ժամացույցին: 22.50: Մոտ մի ժամից մեզ կփոխարինեն: Հույս ունեի, որ ամեն ինչ տեղի կունենա ոչ մեր հերթապահության ընթացքում: Ես թեք ընկա թիկնակին ու սկսեցի սպասել հաջորդ ավտոբուսին:

-Դուք երբեւէ մարդ սպանե՞լ եք, սերժանտ,- հարցրեց Մաքքին:

-Չէ,- ասացի:- Էս բոլոր տարիներին, փառք Աստծու, դրա կարիքը չի եղել: Բայց իմ ներկայությամբ սպանել են:

-Ճի՞շտ: Ու ո՞նց էր,- Մաքքիի ձայնը հուզմունքից թրթռաց:- Ի՞նչ է զգում էն ոստիկանը, որը կրակում է հանցագործին:

-Չգիտեմ: Չեմ հարցրել: Բայց կարող եմ ասել, թե նա ինչ տեսք ուներ` կարծես ուր որ է սիրտը թափելու էր:

-Պարզ է,- մի քիչ հիասթափված` վրա բերեց Մաքքին:

Ամենայն հավանականությամբ` Մաքքին նույնպես «լավ» ոստիկան կդառնա` անցավ մտքովս: Կարգուկանոնի գերազանց պահապան` սառնասիրտ եւ առանց ավելորդ հույզերի… Եվ հենց էդտեղ էլ ինքս ինձ ասացի` արդեն որերորդ անգամ, որ պետք է հրաժարվեմ ոստիկանի մասնագիտությունից, հեռանամ հենց հիմա, անհապաղ: Ծննդյան տոների ավելի լավ նվեր իմ ընտանիքին եւ հենց ինձ, դժվար է պատկերացնել: Եվ հենց նույն պահին էլ գիտակցեցի, որ դա երբեք չեմ անի: Բեռ դառնալու ահից, ինչպես որ իմ հոր հետ էր պատահել: Իհարկե, դա նույնպես բավական ծանրակշիռ պատճառ էր` չհեռանալու համար, բայց միայն դա չէր: Եթե ասեի, որ ոստիկանությունում երկար տարիներ աշխատելուց հետո այդ աշխատանքը մտնում է արյանդ մեջ` անկախ նրանից` ինչքան ես ատում այդ մասնագիտությունը, ապա ինձ կմեղադրեին կեղծելու եւ ձեւեր թափելու մեջ: Բայց ես շատ ավելի անողոք քննադատության կենթարկվեի, եթե ասեի, որ մնում եմ այն հույսով, թե կարող եմ որեւէ մեկին ինչ-որ բանով օգնել, բարիք գործել, թեկուզ մի քիչ:

-Եթե ես ստիպված լինեմ կրակել Բոհենին, նա ծպտուն անգամ չի հասցնի հանել,- հայտարարեց Մաքքին:

-Ինչո՞ւ ես էդքան վստահ:

-Հո գիտեք, թե ես ոնց եմ կրակում,- ինքնագոհ ժպտաց էդ ջահելը:- Էս հեռավորությունից ես ուղիղ նրա աջ աչքին կկրակեմ:

-Չեմ կասկածում,- համաձայնեցի ես:- Բայց երեւի ստիպված չլինես կրակել: Մենք նրան կբռնենք` առանց մի կրակոցի: Ի՞նչ կարիք կա աղմուկ բարձրացնել ճրագալույցի օրով:

Ես լռեցի` տեսնելով անկյունից թեքվող ավտոբուսը: Այնտեղից իջավ մի կին, հետո` մի տղամարդ: Կինը շրջվեց դեպի պողոտան, իսկ տղամարդը` միջահասակ եւ շատ նիհար, եկավ մեր փողոցով: Նրա ձեռքերին տուփեր եւ փաթեթներ կային:

-Ահա եւ մեր փախստականը,- ասացի ես:- Դուրս արի մեքենայից, Մաքքի:

Ամեն մեկս իր կողմից դուրս եկանք:

-Մաքքի, հրամանը գիտես: Թրաշերն առաջինն է մոտենալու նրան եւ ատրճանակը պահելու է թիկունքին: Դու պետք է բռնես ձեռքերը եւ արագ ձեռնաշղթաներ անցկացնես: Ես քեզնից մի քանի քայլ ետ կլինեմ ու թիկունքդ կպահեմ: Մորթելլն էլ Թրաշերի թիկունքն է պահելու: Հասկացա՞ր:

-Հասկացա,- գլխով արեց խուզարկու Մաքքին:

Մենք ընդառաջ գնացինք Էռլ Բոհենին: Սկզբում` արագ, հետո` ավելի դանդաղ: Պետք է Բոհենին բռնեինք` մինչ նա կհասներ տանը, ուր ապրում էր նրա ընտանիքը:

Երբ մենք մի քանի մետր մոտեցանք, Բոհենը հասել էր համեմատաբար բաց տեղ, ուր ճյուղերի արանքից ընկնում էր լուսնի լույսը: Նա գլխաբաց էր, մարզական բաճկոնով ու շագանակագույն տաբատով: Բոհենի ձեռքին վեց փաթեթ կար` վառ, գույնզգույն թղթերով փաթաթված եւ գեղեցիկ ժապավեններով կապված: Ոստիկանական դոսիեի լուսանկարում նրա մազերը մինչեւ ուսերն էին հասնում: Իսկ հիմա Էռլը, երեւի` չճանաչվելու նկատառումներով, կարճ կտրած մազերով էր ու բեղեր էր պահել, բայց ես, միեւնույն է, անմիջապես ճանաչեցի նրան:

Մեզ տեսնելով` Բոհենը քայլերը դանդաղեցրեց, ապա միանգամից կանգ առավ: Թրաշերը, որ նրա հետեւից էր քայլում, հազիվ հասցրեց չբախվել նրան:

-Արագ դեն նետիր փաթեթները եւ ձեռքերդ վեր, Բոհեն,- բղավեց նա:- Եվ առանց հիմարությունների:

Էռլ Բոհենը դեն նետեց փաթեթները, եւ նրանք ընկան մայթին: Տուփերից երկուսը բացվեցին: Մեկի մեջ խաղալիք ավտոմեքենա էր: Այն գնելիս Բոհենը երեւի լարել էր մեքենան, որ ստուգի` սարքի՞ն է այն, թե ոչ, եւ մեջը դեռ մի քիչ լիցք էր մնացել: Տուփից ընկնելով` մեքենան մի կես մետրի չափ գնաց ու կանգ առավ: Մյուս տուփի մեջ տիկնիկ էր` հարսանյաց զգեստով: Ավելի մեծ փաթեթի թուղթն սկսեց մգանալ: Երեւի գինի էր, մտածեցի ես: Որոշել էր կնոջ հետ նշել Ծննդյան տոները:

Տուփերն ու փաթեթները դեն նետելուց հետո էլ Էռլ Բոհենը ձեռքերը չբարձրացրեց: Նա կայծակի արագությամբ շրջվեց եւ արմունկով հարվածեց Թրաշերի դեմքին: Ընկնելիս Թրաշերն ակամայից սեղմեց ատրճանակի ձգանը: Փամփուշտը թռավ դեպի երկինք: Բոհենը ձեռքը տարավ բաճկոնի տակ: Ես արագ հանեցի ատրճանակս, բայց կրակել չհասցրի: Ջահելը` Մաքքին, կանխեց ինձ: Փախստական կալանավորի գլուխը ետ ընկավ, նա մի քայլ ընկրկեց եւ մեջքի վրա տապալվեց գետնին: Ես վառեցի լապտերիկը եւ ուղղեցի Բոհենի վրա: Նրա աջ աչքի տեղը սարսափելի, սեւ անցք էր բացվել: Մաքքին խոսքի տերն էր: Ես չկարողացա դիմանալ գայթակղությանը եւ մի կարճ պահ լուսավորեցի ջահելի դեմքը: Այն կավճի գույն ուներ: Բայց նրա աչքերում վախ չկար, դրանք փայլում էին ոգեւորությունից: Նա նման չէր մի մարդու, որն իրեն ուր որ է վատ է զգալու: Մաքքին ջղային շարժումով լիզում էր շուրթերը եւ անդադար կրկնում.

-Նա մեռած է: Վերջացավ: Այլեւս անհանգստանալու կարիք չկա: Նա մեռած է…

Շուտով սկսեցին բացվել տների դռները, բնակիչները դուրս եկան:

-Վերադարձեք ձեր տները,- բղավեց լեյտենանտ Մորթելլը:- Նայելու բան չկա: Մենք ոստիկանությունից ենք: Տուն գնացեք: Չմոտենաք:

Թրաշերն արդեն ուշքի էր եկել եւ ռացիայով օժանդակ ուժեր եւ «շտապօգնություն» էր կանչել:

-Թիմ, գնա խոսիր նրա կնոջ հետ,- ինձ դիմեց Մորթելլը:- Ասա, որ գա եւ հաստատի սպանվածի ինքնությունը:

-Բայց ինչու՞ ես,- մռայլվեցի ես:- Ինչո՞ւ Մաքքիին չես ուղարկում: Նա հո բոլորովին սենտիմենտալ չի: Իսկ ավելի լավ կլինի` ինքդ գնաս: Էս գործողությունը դու ես ծրագրել, լեյտենանտ: Հուսով եմ` չե՞ս մոռացել:

-Դու հրաժարվու՞մ ես հրամանը կատարել:

-Ո՛չ,- ասացի ես: Իհարկե, ուզում էի հրաժարվել, բայց հենց այդ պահին գլխումս մի լավ միտք ծագեց:- Կգնամ: Մի անհանգստացեք:

Ես անշտապ գնացի դեպի այն տունը, որտեղ Բոհենի կինն ու երեխաներն էին ապրում: Կինը բացեց դուռը, եւ դռան ճեղքից երեւաց խունացած եւ խղճուկ կահավորված հյուրասենյակը: Սենյակի կենտրոնում փայլփլում էր ամանորյա տոնածառը, որը մի քիչ մեղմում էր աղքատության տպավորությունը: Տոնածառի տակ խնամքով դրված էին նվերները: Սենյակի խորքում ես տեսա Բոհենի երեխաներին` վեց տարեկան դստերը եւ քիչ ավելի մեծ որդուն:

-Այո՞,- վախեցած հարցրեց տիկին Բոհենը:- Ի՞նչ եք ուզում:

Ուզում էի արդեն բացել բերանս, բայց հիշեցի լրագրերի մասին: «Ի՞նչ իմաստ ունի,- առկայծեց գլխումս:- Միեւնույն է` վաղն ամեն ինչ կլինի թերթերում»: Հաջորդ վայրկյանին հիշեցի, որ վաղը Ծննդյան տոներն են, ուստի թերթերը նույնպես չեն աշխատում:

-Մի՛ անհանգստացեք,- ասացի ես:- Ես այս թաղամասի բոլոր բնակիչներին զգուշացնում են, թե ինչ է տեղի ունեցել: Ձեր հարեւան տներից մեկը գող էր մտել: Մենք նրան բռնեցինք հանցանքի վայրում, տիկին: Նա փորձեց փախչել, այնքան արագ էր վազում, որ ստիպված եղանք կրակել: Բայց հիմա արդեն ամեն ինչ կարգին է: Չենք ուզում, որ մարդիկ դուրս գան տներից եւ մեզ խանգարեն աշխատել: Խնդրում եմ, հանգիստ եղեք, ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում:

Նրա լայն բացված աչքերում տագնապ կար:

-Ո՞վ… Ո՞վ էր այդ մարդը,- հարցրեց տիկին Բոհենն այնքան ցածր, որ ես հազիվ լսեցի նրա հարցը:

-Մանր գող,- անհոգ պատասխանեցի ես:- Շատ ջահել մի տղա:

-Պարզ է,- ասաց նա` թեթեւացած շունչ քաշելով: Ես հասկացա, որ չեմ սխալվել. Էռլ Բոհենը կնոջը չի նախազգուշացրել, որ գալու է: Երեւի ուզել է անակնկալ մատուցել: Հակառակ դեպքում` կինն արդեն ամեն ինչ գլխի ընկած կլիներ:

Ես նրան բարի գիշեր մաղթեցի եւ սկսեցի դանդաղ իջնել սանդուղքից: Թիկունքումս լսվեց փակվող դռան ձայնը:

-Խեղճ Բոհեն,- հառաչեցի ես` վերադառնալով Մորթելլի մոտ,- իզուր տեղը «վարի գնաց»: Նրա հարազատները ոչ էլ տանն էին: Հարեւանուհու հետ խոսեցի, ասաց, որ տիկին Բոհենը երեխաների հետ գնացել է մոր տուն եւ միայն երկու օր հետո կվերադառնա:

-Գրողի բաժին դառնամ,- հայհոյեց լեյտենանտը: Նա մռայլ նայում էր, թե ինչպես են սանիտարները Բոհենի դին պատգարակով մտցնում մեքենան:

-Ճիշտ որ,- հառաչեցի ես:

Հետաքրքիր է, մտածեցի, ի՞նչ կանի Մորթելլը, եթե իմանա, թե ես հենց նոր ինչ արեցի: Իսկ նա վաղ թե ուշ կիմանա: Իհարկե, գլուխս չի շոյի, կասկած չկա: Բայց հիմա ես թքած ունեի բոլոր հետեւանքների վրա: Գլխավորն այն էր, որ տիկին Բոհենն իր երկու երեխաների հետ հանգիստ կանցկացնի Ծննդյան տոները: Ինչպես բոլոր հարեւանները: Ճիշտ է, տոներից հետո ստիպված եմ լինելու գալ այստեղ եւ ամեն ինչ պատմել նրան: Բայց դա արդեն բոլորովին ուրիշ օր կլինի:

Ես ուրախ էի, որ բարի գործ եմ արել: Գուցե եւ այնքան էլ շատ բան չեմ տվել նրանց, բայց էլի ինչ-որ բան տվել եմ: Եվ իմ տրամադրությունն էլ է դրանից բարձրացել: Շատ չէ, մի քիչ, շատ քիչ:

Թարգմ. ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային


15/01/2015