Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԶՈՐԱՄԱՍ



Պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Մերուժան Սիմոնյանի եւ դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Գոռ Թադեւոսյանի հրամանատարությամբ ԼՂՀ ՊԲ առաջնագծի զորամասերից մեկի ուսումնական գումարտակում տասնյակ նորակոչիկներ են հմտանում, ձեռք բերում համապատասխան գիտելիքներ, որպեսզի հետո տեղափոխվեն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ ու ստանձնեն դիրք պահելու պատասխանատու գործը:

-Մերուժա՛ն, շուտով քո ջոկը կհամալրեն այս զորակոչի նորակոչիկները: Պատրա՞ստ ես դիմավորելու նրանց:

-Պատրաստ եմ: Մասնագիտությամբ հոգեբան եմ, վեց ամիս էլ վերապատրաստվել եմ, մասնակցել սերժանտական դասընթացների: Մեկ հայացքից հասկանում եմ` ում հետ ինչպես պետք է խոսել, ում ինչ է անհանգստացնում: Նորակոչիկը հայտնվում է անսովոր միջավայրում, բանակի նիստուկացը նրան տարօրինակ է թվում: Բոլորս էլ այդ օտարության զգացողությունն ունեցել ենք, բոլորս էլ սպասվող անորոշությունից հուզվել-լարվել ենք, բոլորս էլ մտածել ենք` «ո՞նց եմ վազելու, ո՞նց եմ ձգվելու, հանկարծ չխայտառակվե՞մ, ո՞նց եմ էսքան տղաների հետ մի սենյակում քնելու, եթե խնդիր ունենամ, ո՞ւմ եմ դիմելու, տեսնես` ծառայած տղաների հետ լեզու գտնելո՞ւ եմ, էս հրամանատարները ի՜նչ խիստ են երեւում… Ես մի խոսք ունեմ, որ նորակոչիկներին դիմավորելիս ասում եմ` դուք եկել եք մի ընտանիք, որը շուտով ձերն է դառնալու: Այդ խոսքից հետո նրանց դեմքին միշտ ժպիտ է հայտնվում: Կպատմեմ նաեւ այն տղաների մասին, որոնք ամռանը հակառակորդին մի լավ դաս տվեցին, ու կասեմ` այստեղ՝ առաջնագծում կհամոզվեք, որ քաջությունը նաեւ ձեզ է բնորոշ, ուղղակի դուք դեռ չգիտեք այդ:

♦♦♦

-Գո՛ռ, դժվա՞ր է ուսումնական գումարտակի սերժանտ լինելը:

-Ո՛չ, եթե, իհարկե, չես դադարում զինվոր լինելուց, եթե քեզ բարձր չես դասում քո ընկերներից, եթե պատրաստ ես ուրիշի համար պատասխանատվություն կրել: Երբ ես սովորում էի ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում, չէի պատկերացնում, որ կարող եմ այնպես խոսել, որ տասնյակ երիտասարդներ ուշադիր լսեն ինձ, որ ինձ պատմեն իրենց խնդիրների, մտահոգությունների մասին, երբեք չեմ մտածել, որ կարող եմ կապող օղակ լինել զինվորի և սպայի միջև: Այ, օրինակ՝ մի քանի օր առաջ զինվորներիցս մեկի ծնողներն էին եկել, ուզում էին տեսնել իրենց որդուն, դիմեցի վերադաս հրամանատարությանը, կարճատեւ արձակուրդ տվեցին: Ուրախացա: Ես հարգում եմ իմ զինվորներին, սիրում եմ նրանց հետ զրուցել, փոխանցել իմ գիտելիքները, նրանք էլ վստահում են իմ ուժերին ու հնարավորություններին, ինչն ստիպում է ինձ զորակոչից զորակոչ ավելի ինքնավստահ կատարել պարտականություններս:

-Իսկ ի՞նչ ես կարծում՝ ի՞նչն է կարեւոր զորամաս առաջին անգամ ոտք դրած երիտասարդի համար:

-Հոգատարությունը: Երբ նորակոչիկը գալիս է զորամաս, նա անպայման մի քիչ շփոթված է, ինքնամփոփ ու նեղսրտած, դեմքին ինչ-որ անորոշ տագնապ կարող ես նկատել: Եվ միայն հոգատար վերաբերմունքն է օգնում հաղթահարել հոգեկան տագնապն ու մտահոգությունը եւ կամաց-կամաց ընտելանալ զինվորական կյանքին: Նորակոչիկը հոգատարություն, ջերմություն զգում է, երբ ճաշարանում համով եփված ճաշ է ուտում, լավ թխված հաց, երբ զորանոցում միշտ մաքուր է, երբ մշտական տաք ու սառը ջուր կա, երբ հրամանատարը ուշադիր է իր հանդեպ: Վերջերս զրուցում էի տղաների հետ, մեկ էլ նրանցից մեկն ասաց. «Եթե համազգեստը ավելի հարմարավետ ու ցրտադիմացկուն են կարում, ուրեմն՝ մեր մասին մտածում են, ուրեմն՝ անհանգստանում են…»: Զինվորը զորամասում, կարգուկանոնից բացի, նաև մարդկային հարաբերությունների ջերմություն պետք է զգա, այդ դեպքում նա հեշտությամբ կընտելանա միջավայրին ու երբեք չի թերանա, պատվով կծառայի:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ազգային բանակ


15/01/2015