Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ՔՈ ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂՆ ԵՄ, ԶԻՆՎՈ՛Ր»



Ի կատարումն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձ-կոչի՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», սույն թվականի դեկտեմբերի 20-ին «Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Ղումաշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այցելություն 3-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամաս:

Առաքելությունն իրականացնող խմբում ընդգրկված էին «Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները, վարժարանի ուսուցիչները, կուրսանտներ, ազատամարտիկներ, վերոհիշյալ զորամասի ժամկետային զինծառայողների ծնողներ, «Զինվորի պաշտպան» հասարակական կազմակերպությունը, Աբովյան քաղաքի ուսանողական խորհրդի անդամներ, զոհված ժամկետային զինծառայողների ծնողներ, ինչպես նաև մինչ այդ Արմավիրի մարզի դպրոցներում հայտարարված «Ես քո արժանի փոխարինողն եմ, զինվո՛ր» մրցութային շարադրությունների հաղթող լավագույն աշակերտները:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորությամբ զորամասի հրամանատարությունը դիմավորեց տեղ հասած մեր խմբին: Ընդունելությունից անմիջապես հետո կազմակերպվեց խորհրդակցություն զորամասի հրամանատարության հետ, որին էլ հաջորդեց զորամասի ակումբում կազմակերպված հանդիպումը ժամկետային զինծառայողների հետ: Ելույթներ ունեցան և զինծառայողներին ողջույնի խոսք ասացին գնդապետ Կորյուն Ղումաշյանը, «Զինվորի պաշտպան» ՀԿ նախագահ տիկին Գ. Արմենակյանը, զոհված ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի մայրը, ազատամարտիկներ և այլք:

Բուռն ծափահարությունների ներքո ջերմ մթնոլորտում դահլիճ բերվեց Մասիսի գագաթին ծածանված տասնհինգ մետր երկարություն ունեցող եռագույնը, որը ոտքի հանեց ներկաներին: Մեծ ու անզուսպ էր մասնակիցների ցանկությունը դրոշի կողքին նկարվելու, ինչը հաճելի իրարանցում էր առաջացրել ամբողջ դահլիճում:

Այցելության հաջորդ օրը զորամասի շարային հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Մինասյանը: Այնուհետև պարգևատրվեցին լավագույն սպաներն ու ժամկետային զինծառայողները, ինչպես նաև՝ ազատամարտիկներ: Հանդիսավոր արարողությունից հետո կազմակերպվեց այցելություն զինվորական ճաշարան, զորանոց և բուժկետ՝ ծանոթանալու զինվորական առօրյային: Շարային հրապարակում կազմակերպվեց վարժանք՝ «Տիգրան Մեծ» ՌՄՀՎ-ի կողմից ներկայացված անօդաչու սարքի ցուցադրական թռիչք, որը մեծ խանդավառություն առաջացրեց զորամասի անձնակազմի շարքերում:

Այցելությունն ավարտվեց ջերմ հրաժեշտով և բարձր տրամադրությամբ՝ հետագայում եւս հանդիպելու ակնկալությամբ:

♦♦♦

«Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում զորամասի հրամանատարությանը մեր զինվորների հանդեպ ցուցաբերվող ծնողական վերաբերմունքի և հանրապետության սահմանները անառիկ պահելու համար:

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Բանակ և հասարակություն


15/01/2015