ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՆԿՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
«Հայ զինվոր» թերթի հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանը տարեմուտին հանդիպել էր գնդապետ Է. Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներին, որոնք 2014թ. ուսումնական տարին պատվով էին եզրափակել:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ
Հակառակորդի չհիմնավորված ամբարտավանության շնորհիվ պաշտպանական շրջանի պահապանները հնարավորություն ստացան իրական մարտական գործողությունների միջոցով ստուգելու ուսման ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ մեկ անգամ ևս բոլորին ապացուցելով, որ տարածաշրջանում հայկական բանակը եղել ու մնում է ամենամարտունակը: Առաջնագծի պաշտպանության գործում՝ մանավանդ ամառային «կայծակնային» պատերազմի օրերին, իրենց քաջությամբ առանձնացան կապիտան Հայկ Խալաթյանի վաշտի զինծառայողները, որոնք իրենց հրամանատարի գլխավորությամբ ի չիք դարձրին ադրբեջանցիների բոլոր ծրագրերն ու մտահղացումները:
-Դեռևս 2014թ. սկզբին զորամասերի ավագ սպայակազմերի առջև խնդիր էր դրվել գործնական օգնություն ցույց տալ վաշտերի ու մարտկոցների հրամանատարներին, նպաստել այդ ստորաբաժանումների մարտունակության կտրուկ բարձրացմանը, որովհետև հենց նրանք են մարտական առաջադրանքների հիմնական կատարողները: Կյանքը ցույց տվեց, թե որքան կարևոր է վերադաս հրամանատարության տված հրամանների կատարումը: Մենք հակառակորդին ցույց տվեցինք, որ հայ զինվորը հաղթում է ոչ թե խոսքով, հոխորտանքով, այլ գործով, զենքով,- ասաց կապիտան Հ. Խալաթյանը և ավելացրեց,- շնորհավորում եմ իմ վաշտի և բոլոր հայ զինվորականների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, նրանց մաղթում առողջություն ու հետագա խաղաղ ծառայություն ու միաժամանակ գլուխ եմ խոնարհում այն տղաների շիրիմների առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին:
ՄԵՆՔ ԱՐԴԱՐ ԵՆՔ ԵՒ ՈՒԺԵՂ
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Համլետ Ավանեսյանը ծառայում է հայրենի երկրի՝ Արցախի զորամասերից մեկում: Ինչպես մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում, այնպես էլ առաջնագծում սահմանի պահպանություն իրականացնելիս ջոկը գործում է պատասխանատվության բարձր զգացումով` գիտակցելով առաջադրանքի լրջությունն ու կարևորությունը:
-Եթե դու մշտարթուն ես, և տարածքն ամբողջությամբ քո տեսադաշտում է, հակառակորդը երբեք չի կարողանա քեզ անակնկալի բերել, ավելին՝ եթե նույնիսկ մեծ ուժերով էլ փորձի հարձակվել, միևնույն է, դու նրան կոչնչացնես: Հակառակորդը ձգտում է թույլ տեղերի վրա հարձակվել: Դրա համար էլ մեր հրամանատարները մեզ անընդհատ զգոնության կոչեր են անում, պահանջում են, որ ուշադիր լինենք հենակետի բոլոր կողմերի, նաև՝ մեր թիկունքի նկատմամբ:
Կրտսեր սերժանտ Հ. Ավանեսյանը Հադրութից է: 2012թ. է ավարտել տեղի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի պետական ագրարային համալսարան, երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ: Պատասխանելով հարցիս, պարզաբանեց, որ Միքայել Մանվելյանն Արցախի պաշտպաններից է, և դպրոցը նրա անվամբ է կոչվել հադրութցիների միահամուռ որոշմամբ:
Կրտսեր սերժանտը հավաստեց, որ ինքը և իր ջոկը կշարունակեն նույն աչալրջությամբ պահպանել հայրենիքի սահմանները, պատասխանատվությամբ կկատարեն հրամանատարների բոլոր հրամանները:
-Պարտված թշնամին ձգտում է վրեժխնդիր լինել, և մենք պետք է նրա մեջ սպանենք այդ ցանկությունը, որովհետև արդար ենք և ուժեղ:
Համլետը չմոռացավ շնորհավորանքի իր խոսքն ասել մեր ժողովրդին ու մեր զինվորներին:
-Թող նոր սկսվող տարում սահմանում կրակոցներ չլսվեն, յուրաքանչյուր զինվոր պատվով կատարի իր ծառայությունը և զորացրվելով գնա իրականացնելու իր երազանքները:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Լրացավ Արսեն և Արմեն Հակոբյան զույգ եղբայրների ծառայության կես տարին: Զորամասի ուսումնական գումարտակում սովորելուց հետո նրանք այժմ տեղափոխվել են մարտական գումարտակ և շատ շուտով կներգրավվեն սահմանի պահպանության պատասխանատու ծառայության մեջ:
-Թեեւ գործնական պարապմունքները հիմնականում անցկացվել են առաջնագծի նմանությամբ պատրաստված ուսումնական ավանում, բայց փորձաշրջանի կարգով մեզ նաև տարել են առաջնագիծ ու ծանոթացրել տեղանքին, ցույց տվել, թե ինչպես են կազմակերպվում դիտարկումը, հենակետի պահպանությունը, դիտորդների փոխարինումը, հանգիստը, ուսումը, սնունդը: Մենք պատրաստ ենք առաջնագծի ծառայությանը,- վստահեցրեց շարքային Արսեն Հակոբյանը:
Եղբայրներն Արևածագ գյուղից են: Օգտվելով առիթից՝ նրանք շնորհավորեցին իրենց ծնողների՝ Աննայի և Սահակի Նոր տարին, մաղթեցին նրանց առողջություն ու համբերություն:
-Դուք ձեզ լավ նայեք, մեր մասին մի՛ անհանգստացեք, մեր մասին մտածողները, մեր խնդիրները լուծողները շատ-շատ են, ամեն ինչ հրաշալի է,- ասաց Արմենը:
ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՐՆԴԻՑ ՍԵՐՈՒՆԴ
Արցախի պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվոր՝ լինի Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց, թե մի այլ տեղից, անպայման ազատամարտիկի կամ էլ զինվորականի որդի է: Եթե այդպես էլ չէ, ուրեմն՝ քեռին կամ էլ հորեղբայրն է պատերազմի մասնակից: Հայրենիքի պաշտպանությունը ԼՂՀ-ում փոխանցվում է սերնդեսերունդ: Երկրի այսօրվա պաշտպանների թվում է նաև կրտսեր սերժանտ Անդրանիկ Ավանեսյանը: Մեր հանդիպման ժամանակ նա դեռ ուսումնական գումարտակում էր, և ինչպես ներկայացրեց ԱՀՏԱ գծով վաշտի հրամանատարի տեղակալը, սովորում, առաջադրանքները կատարում է բարեխղճորեն՝ գիտակցելով, որ իմացությունն ու հմտությունները հետագա անվտանգ ու արդյունավետ ծառայության գրավականն են:
-Առաջնագծում եղել եմ նաև մինչև բանակ զորակոչվելս, հայրս ծառայում էր առաջին պաշտպանականի հրետանային դիվիզիոններից մեկում և ինձ մի քանի անգամ սահման է տարել: Նա ուզում էր, որ իմ աչքով տեսնեմ, թե զինվորներն ինչպես են պաշտպանում հայրենիքը, պատկերացում ունենամ առաջնագծի մասին: Ես զգում էի, որ նա իր մտքում ինձ պատերազմի է նախապատրաստում:
Հարցնում եմ, թե կրակայինից ինչ է ստանում:
– Քննության ժամանակ երկրորդ ստուգողականից «լավ» գնահատական եմ ստացել, բայց բոլոր թիրախները խոցել էի, ուղղակի «գերազանց» նշանակում էին միայն բացարձակ ճիշտ կրակողներին, նրանց, ովքեր առաջադրանքը կատարում էին սահմանված լավագույն ժամանակում:
Նշենք նաև, որ կրտսեր սերժանտ Ա. Ավանեսյանը նաև եռանդուն է հասարակական աշխատանքներում, մասնակցում է կազմակերպվող միջոցառումներին: Իմանալով, որ իր մասին փոքրիկ ակնարկը տպագրվելու է «Հայ զինվորի» պաշտոնաթերթի տոնական համարում, զինվորը խնդրեց իր անունից շնորհավորանքի խոսք հղել ծնողներին ու հարազատներին և անփորձանք ծառայություն մաղթել Արցախի բոլոր պաշտպաններին:
Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ազգային բանակ