ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` «UH-72A» ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՒՄ
ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է ստանալ առաջին «UH-72A Lakota Light Utility Helicopter» ուղղաթիռը, որը հագեցած է կատարելագործված նոր համակարգով: Այն ներառում է էլէկտրաօպտիկական և ինֆրակարմիր սենսորներ, կատարելագործված լուսավորության համակարգ, անալոգա-թվային տվյալների մշակման և նոր կատարելագործված «GPS» տեղորոշիչ համակարգեր:
Ապրիլի 17-ից 20-ը այս համակարգը ցուցադրվել է ԱՄՆ-ի բանակի ավիացիոն ցուցահադեսում, որը կայացել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում: Մայիսին կայանալիք փորձարկումներից հետո այն կհամալրի Ազգային գվարդիայի զինանոցը: Նոր համակարգով համալրված Lakota ուղղաթիռը պատրաստ կլինի իրականացնելու մարդասիրական, փրկարարական, ինչպես նաև կարևոր ռազմական առաքելություններ:
Կատարելագործված «GPS» տեղորոշիչ համակարգի շնորհիվ կհեշտանան երկրի ներսում իրականացվող առաքելությունները: Օրինակ` այդ համակարգ մուտքագրելով փողոցի հասցեն, համակարգը իր տվյալների բազայում փնտրում է դեպի այդ հասցեն տանող ուղղությունը, ապա տվյալներն ուղարկում թռիչքի կառավարման կենտրոն, որն էլ ուղղորդում է օդաչուներին դեպի նշված հասցեն: Էլէկտրաօպտիկական և ինֆրակարմիր սենսորները և անալոգա-թվային տվյալների մշակման համակարգը հնարավորություն են ընձեռում օդաչուներին և վերգետնյա օպերատորներին թռիչքի ընթացքում միաժամանակ հետևել վերգետնյա գործողություններին:
Ուղղաթիռը համալրված է նաև նոր «RT5000» ռադիո համակարգով, որն ընդունակ է հաղորդագրություններ փոխանցելու միաժամանակ մի քանի հաճախականությունների վրա:
Այս համակարգի ընձեռած եզակի հնարավորությունն այն է, որ օդաչուները կարող են անմիջականորեն հաղորդակցվել ինչպես ոստիկանության և հրշեջ ծառայությունների, այնպես էլ ռազմական մարմինների հետ:
ԱՄՆ-ի ազգային բանակը մտադիր է ձեռք բերել նոր համակարգով համալրված առնվազն 100 «UH-72A» ուղղաթիռներ:
Ուղղաթիռը նախագծվել է և կառուցվել « EADS North America » ընկերության կողմից` Միսսիսիպի նահանգի Կոլումբուս քաղաքի արտադրական բազայում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական