ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է
Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում ոչնչացվել է Ալ-Քաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենը: Նա սպանվել է ամերիկյան զինվորականների հատուկ գործողության ժամանակ: Սպանվել են նաև Բեն Լադենի որդիներից մեկը և ուղեկցող անձինք: Ամերիկացիներից ոչ մեկը չի տուժել: Ահաբեկիչը թաքնվել է եռահարկ շինության ներսում`շրջապատված չորսմետրանոց ցանկապատով: Շենք մուտք գործող զինվորներին օդային օժանդակություն է ցույց տրվել, օդում էլ մշտապես երկու անօդաչու թռչող ապարատներ են գտնվել , որոնք Բեն Լադենի փախուստի դեպքում կոչնչացնեին նրան:
Դեպքի առթիվ հեռուստաելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. «Արդարությունը հաղթանակեց»,- նշել է նա: Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել Բեն Լադենի 2 կանանց և 6 երեխաներին Իսլամաբադից շուրջ 60 կմ հեռու գտնվող լեռնային տեղանքում բռնելու մասին: Ընդհանուր առմամբ, Բեն Լադենն ունի 19 երեխա:
Ալ Քաիդան մեղադրվում է 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով սպանվել է մոտ 3 հազար մարդ: Այժմ էլ ԱՄՆ իշխանությունները հատկապես արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել աչալուրջ լինել, խուսափել մարդկային կուտակման վայրերից: Մտավախություն կա, որ Բեն Լադենի ոչնչացումը կարող է ահաբեկչական նոր ալիք բարձրացնել: Զգոնության կոչ է արել և ահաբեկչությունների վտանգի մասին զգուշացրել նաև Ինտերպոլի ղեկավար Ռոնալդ Նոուբլը: