Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐ ՀՈԳՈՒ ԿՐԱԿՈՎ



Դարիկո Խաչատրյանը բանաստեղծ-էսսեիստ է: Նրա ժողովածուներում` «Թևերս թող, աշո՛ւն», «Չարչարանաց ծաղիկ», «Յոթ օր-յոթ քանդակ», «Նարնջագույն թոնիրներ», «Ճերմակ թևերի խիղճը», «Անտես վարդերը մտքի» և այլն, արծարծվում են համամարդկային խնդիրներ:

-Ողջունում եմ սահմանամերձ գյուղում ապրող բանաստեղծուհուն և ցանկանում մանրամասներ իմանալ Ձեր մանկության մասին: Չէ՞ որ մենք բոլորս հոսում-գալիս ենք մեր ակունք-մանկությունից:

-Ողջունում եմ «Հայ զինվոր»-ի ողջ խմբագրակազմին և ձեր թերթի միջոցով ողջույնս եմ հղում բոլոր հայ զինվորներին և սպաներին` ցանկանալով առողջություն ու կորով, քաջություն ու եռանդ, համբերություն և ողջամտություն:

Ծնվել եմ 1959թ. մարտի 31-ին, Արարատի շրջանի Սովետաշեն (այժմ Զանգակատուն) գյուղում, որը նախկինում կոչվել է Չանախչի:

Ես գալիս եմ իմ մանկությունից, մանկությունս օրորող մեր հանդ ու սարերի քամիների հրաշք երգերից, պապերիս երազներից, որոնք մնացել ու սավառնում են Սալմաստ գավառի Հավթվան գյուղի երկնակամարում: Գալիս եմ մայրական տատիս Գողթան գավառից, Նախիջևանի ծաղկաշատ հովիտներից, որոնք առաջինն են ողջունել Լեռն ի վեր իջնող մարդկանց ու նրանց հետ միասին ըմբոշխնել նռնագույն գինու ուրախությունը: Մանկությունս իմ ուղեկիցն է` իմաստուն ուղեկից, քանզի ներծծված է մաքուր կարոտներով, աշնան բազմաշերտ գույների առատությամբ, դժվար ֆիզիկական աշխատանքով, տատիս և թաղի կանանց տխուր պատմություններով և համաշխարհային համբավ ունեցող գրողների գրքերի լույսով:

Մասնագիտությամբ երաժիշտ եմ, երկար տարիներ աշխատել եմ Զանգակատան մանկապարտեզում և դպրոցում: Կյանքս լեցուն է եղել երեխաների ժպիտով ու փոխադարձ սիրով, ու… ծնվել են իմ գրքեր-զավակները, որոնք առայժմ տասն են:

-Ձեր ծննդավայրին քիչ թե շատ ծանոթ ընթերցողը պատկերացնում է այդ հրաշագեղ բնակավայրը` Պարույր Սևակով և նրա բանաստեղծություններով: Ձեզ համար դժվար չի՞ եղել գրիչ վերցնել ու գրել նրա հայացքի տակ, կամ գուցե բանաստեղծը Ձեզ օգնո՞ւմ է:

-Չափածո գրքեր չէի ընթերցում, կարդում էի արձակ` հայ և համաշխարհային մեծերի նովելները, պատմվածքներն ու վեպերը, երբ 12 տարեկանում սկսեցի գրել, դեռ Սևակի պոեզիային ծանոթ չէի, այդ պատճառով էլ չվախեցա, ու ծնվեցին իմ առաջին արձակ բանաստեղծությունները: Հետո, երբ հասկացա, թե որքան ծանր բեռ եմ վերցրել իմ ուսերին` արդեն ուշ էր, բանաստեղծ էի, ու Պարույր Սևակի հոգին ինձ հաստատ օգնում էր, որովհետև մենք նույն տոհմածառի ճյուղերն ենք, երկուսս էլ Սլո-Բաբլոյի ծոռներն ենք, և մեր ազգանունը պետք է Տեր-Սողոմոնյան լիներ: Ավաղ, անցած դարում մի տեսակ սովորույթ է եղել՝ նոր ծնված երեխայի ազգանունը կնքել պապի անունով: Օրինակ` հայրս Սարգսյան է, ես` Խաչատրյան:

Բանաստեղծ Մանասեն սիրում է կատակով հաճախ կրկնել, որ չնայած Դարիկոն գեղագետ և խոհափիլիսոփայական էսսեիստ է, միևնույն է, մնալու է Սևակի ստվերի տակ, իր ծննդավայրը ճանաչելու են նրանով, սակայն, ես ուրախ եմ իմ արյամբ ու ոգով, ուրիշ վայրում Դարիկո չէի դառնա: Ես ես եմ:

-Պատմական ի՞նչ հերոսուհիներ են պատկերված Ձեր ստեղծագործություններում, կամ ցանկացե՞լ եք կերպավորել պատմական որևէ կերպար (Փառանձեմ, Մեծ Տիկին, Ռուզան), ովքեր մեր պատմության բախտորոշ պահերին միշտ եղել են հայ տղամարդու կողքին: Դուք ականատեսն ու մասնակիցն եք դարավերջյան մեր ազատամարտի: Պատմեք այդ մասին:

-Պահ է գալիս, տրտնջում եմ ինքս ինձնից,

Անունիցս անգամ և կոչումից,

Ասենք՝ լինեի Մագթաղինացին,

Բայց նրա խաչը ես կտանեի՞,

Գուցե Փառանձե՞մ.

Միայն Գնելի մահն ինձ հերիք էր,

Որ տառապելով՝ կուսանոց մտնեմ,

Էլ ու՞ր մնաց, թե թագուհի դառնամ

Եվ այնքան հպարտ,

Որ մեն ու մենակ, հոգուս կրակով

Թշնամուն հաղթեմ ու նահատակվեմ…

(«Անտես վարդերը մտքի» Դ.Խ.)

Ամեն մեկն իրեն տրված խաչն է կրում: Իմ ստեղծագործություններում հաճախ են հիշատակված մեր պատմական կերպարները, բայց մեր պատմության դաժան պահերի նկարագրություններում ես կերտել եմ ինձ ծանոթ անձերի կերպարներ: Տատիս, պապիս (ով զոհվել է պատերազմում), մեր թաղի մեծերի կյանքի պատմությունները: «Նարնջագույն թոնիրներ» արձակ ժողովածուի պատմվածքներում և վիպակներում նրանք են իրենց կյանքի դժվարին դրվագներով, իրենց պատմություններով` գաղթի, եղեռնի, տոտալիտար ռեժիմի, Անդրանիկի, Նժդեհի մասին և իհարկե, մարդկային կորուստների և հայրենի հողի, Հայ ժողովրդի դժվար ճակատագրի պատմությունում, որպես ասույթ, միշտ հնչել է մայրական տատիս տխուր նախադասությունը. «Հե՜յ, բախտի աստղ, գիտեի, որ գույնդ չար է», «Աչքներդ ծխի գույն ունեն» վիպակում արդեն ականատես-հերոսուհին ես եմ, ու մեր դարավերջյան ազատամարտը, իմ հորդորն է կռվող եղբորս. «…Հիմա զինվոր ես ու կռվող-զինվոր: Դու գո՞հ ես քեզ բաժին ընկած ճակատագրից: Կուզեի, որ գոհ լինեիր, քանզի հայրենիքը խռով է մեզանից, հոգնել է օտար, կոշտ ներբաններից, օտարահունչ բառերից: Նրա մարմնին աճած մոլախոտերը պետք է քաղհանենք, մաքրենք փուշ ու տատասկից, որ վճիտ ժպիտ տեսնենք հայրենի հողի դեմքին, թեկուզև ավարտվենք, բայց լրացնենք էջը մեր առաքելության: Տեսնես՝ քանի՞ ընկեր-տղերք ես կորցրել, ու մղկտացել է հոգիդ: Դիմացիր, եղբա՛յրս, միակս, սերս, դիմացիր, որ կայանանք աշխարհի փրկված էջերում, եթե դրանք կան, եթե կան»…

1991 թ. աշնանը, երբ ամուսինս և իր հարազատները (անձնագրով ազգանունս Լեոնհարդ է) մեկնեցին Գերմանիա` մշտական բնակության, իմ հայրենասիրությունս ինձ թույլ չտվեց Մոսկվա-Շտուտգարտ գնացքը նստել: Հայրենիքս ինձ սպասում էր: Ակտիվ մասնակցել եմ մեր գյուղի զորամասի հիմնադրմանը, մի խոսքով՝ բանակաշինությանը: Այդ տարիներին եղել եմ հայ զինվոր- տղամարդկանց կողքին և գրականությանս մեջ շատ են հետպատերազմյան խոհերը:

– Ձեր գյուղի դիմացի բարձունքներում մեր դիրքերն են: Դուք միշտ ականատեսն ու վկան եք եղել մեր զինվորների հերոսական պայքարի: Վերջերս նորից մեր զինվորներն իրենց քաջությամբ, պատրաստվածությամբ թշնամու մեջ վախ սերմանեցին, իսկ մեր ժողովրդի մեջ` սեր:

– 1988թ., երբ մեր գյուղում կազմավորվեց առաջին երկրապահ ջոկատը, ընդամենը 7 հոգի էին, հետո դարձան 23 հոգի, իսկ 1992թ. աշնանն արդեն Հայոց բանակի զորամաս ունեինք` «Արծիվ-26»:

Սահմանամերձ բազմաթիվ բախումներ են եղել, մարդագողության, անասնագողության, սպանության դեպքեր, տարածքներ են երկրապահները և ապա զինվորներն ազատագրել, բարձունք են նվաճել:Գյուղը ենթարկվել է թնդանոթային հրետակոծման, բայց մեր տղաները, զինվորներն ու սպաները հաղթել են միշտ: Անցած տարվա օգոստոսյան դեպքերը փառքի էջեր ավելացրին մեր հերոսամատյանում: Գլուխ եմ խոնարհում նախ նրանց մայրերի առաջ, ապա փառաբանում նրանց՝ որպես մեր օրերի Անդրանիկներ, Չաուշներ, Աղբյուր Սերոբներ, Արաբոներ: Թշնամին մշտապես պիտի հիշի, որ հայ զինվորը պաշտպանում է իր հայրենի հողը և շատ հզոր ու առյուծասիրտ է:

– «Ամենագեղեցիկ արարքը ներելն է», ինչպե՞ս կմեկնեք Մատթեոս Ավետարանչի այս պատգամը: Մեր զինվորը հերոս է թշնամու դեմ` անվախ ու անպարտելի, բայց միևնույն ժամանակ պատահում են դեպքեր, երբ միմյանց նկատմամբ անհանդուրժող են:

-Դուք ամենացավոտ թեման շոշափեցիք, որովհետև ես միշտ մտածում եմ, թե որտե՞ղ ենք մենք թերանում տղա-երեխաներին դաստիարակելիս, որ, ի վերջո, կանգնում ենք նման ցավալի փաստերի առաջ: Ինձ թվում է՝ պակաս է քրիստոնեական դաստիարակությունը: Զինվորների հետ պետք է աշխատեն եկեղեցու սպասավորները: Տարիներ առաջ նման անհանդուրժողական մթնոլորտում զոհվեց իմ աշակերտներից մեկը` Ռադիկ Խանգալդյանը, որը դիպլոմային աշխատանքը գրել էր Գերմանիայում, հրաշալի լեզվաբան էր, բանաստեղծ: Նրա զոհվելուց հետո կազմեցի, խմբագրեցի, և ծնողները հրատարակեցին նրա առաջին ու վերջին ժողովածուն՝ «Ինձ լավ հասկացեք» խորագրով: Նրա կորստյան ցավը չի մեղմանում, ու այդ առումով Հայոց բանակում դեռ անելիքներ կան, որ միմյանց չհալածեն, այլ կարողանան մեկմեկու ներել բոլոր վիրավորական առիթների դեպքում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը թանկ ու անգին է մեզ համար: Այո՛, ներելն ամենագեղեցիկ արարքն է:

– Մենք զրուցում ենք, իսկ այս պահին Մռավի, Աղոթարանի, Արցախի, Տավուշի, Արևիքի սահմաններին կանգնած է հայ զինվորը, կանգնած է Ձեր գյուղի դիմացի բարձունքներին…

Ձեր բարեմաղթանքը – ցանկություն – օրհնանք – խորհուրդները հայ զինվորին:

– Տե՛ր իմ, մի՛ փակիր աչքերդ,

ունայնություն խժռող աչքը

ակնապիշ հառված է ինձ,

ինչպես զինվոր որդուս հետևող

թշնամու նշանառուն…

Ամենաշատը դիպուկահարներից և դիվերսանտներից եմ վախենում: Այո՛, վախենում եմ, քանզի թշնամին քաղաքակիրթ չէ, և նենգությունը հատուկ է նրան: Հայոց բանակի բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Մեր օջախի թոռն էլ է ծառայում` 18-ամյա Գնելը: Գնելին և նրանից տարիքով մեծ զինվորներին խորհուրդ եմ տալիս, որ սիրեն ու հանդուրժեն միմյանց: Աղոթքս թող վեր բարձրանա ու խաղաղ երկինք դառնա նրանց համար, թող միշտ հիշեն, որ իրենք Նժդեհի սերունդն են ու պարտավոր են ուժեղ լինել.

Իսկ որդիս զինվոր է, Տե՛ր իմ,

գոնե Դու աչքերդ մի փակիր…

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Բանակ և հասարակություն


30/01/2015