ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ
Տառապում էի երկկողմանի աճուկային ճողվածք հիվանդությամբ: Ինչ-ինչ պատճառներով ժամանակին չէի վիրահատվել, և առողջությունս բավականին վատացել էր: Երեխաներս էլ, լոռեցու ասած՝ «բկդրեցին» ու համոզեցին, որ վիրահատվեմ: Լսել էի մեր քաղաքի զինվորական հոսպիտալի մասին: Վեր կացա, տնգլ-տնգլ գնացի: Անցակետի զինվորներին խնդրեցի, հարգեցին, ներս թողեցին: Շենքի առաջին հարկում հանդիպեցի մի ջահել-ջիվան, սիրունատես, զինվորական հագուստով աղջկա:
-Ա՛յ բալա,- ասի,- էս անտեր գրիժաներս համը հանում են, մի խելք շանց տուր, ու՞մ դիմեմ:
-Արի՛, պապի՛ ջան,- ասաց ու ինձ տարավ, թուշ արավ մի շատ հաճելի մայորի:
-Հայկ Հովհաննեսովիչ, էս պապիկը Ձեզ է հարցնում:
Ինքը գնաց, ես մնացի:
Հայկը հրավիրեց նստել ու պատմել իմ ցավի մասին:
Պատմեցի՛: Լսեց, հարցրեց.
-Ճնշում ունե՞ս:
-Ա՛յ բալա,- ասի,- ճնշումն ի՞նչ է, որ չունենամ, մի բան էլ ավելի ունեմ, էդ էլ հո փողով չի՞, որ չունենամ:
Հայկս ինձ տարավ մի ուրիշ հաճելի մարդու` մայոր Վարդանի մոտ: Հանձնարարեցին սրտիս վիճակը ստուգել: Ստուգեցին, ասին` բարձր է` 90-190: Հետո էլ տարան սիրտս «նկարեցին»:
Այդ վերաբերմունքից սրտապնդված՝ Հայկին ու Վարդանին ասի.
-Տղերք ջան, որ դուզն ասեմ, վերջնականապես որոշեցի՝ վիրահատվո՛ւմ եմ:
-Պապի՛ ջան,- ասին,- որ էդպես է, կվիրահատե՛նք:
Բարիշը կայացավ, օրը պայմանավորվեցինք:
Նախապատրաստական շաբաթն անցկացրի իրենց ասած դեղերն ընդունելով ու նոյեմբերի 10-ին էլի գնացի հոսպիտալ:
Նորից քննեցին-զննեցին, ասին՝ լավ է:
Վիրահատության օրը երեխանցս ուղեկցությամբ գնացի հոսպիտալ:
Անմիջապես սենյակ հատկացրին, հայավարի տնավորեցին:
Ժամը տասին տարան վիրահատարան:
Հավաքվել, ասում-խոսում են (ես էլ իրենց հավասար): Մայոր Վարդանը համ իր գործն է անում, հա՛մ էլ քթի տակ մի անծանոթ մեղեդի է նինրի տալիս: Շուրջս ուրախ է, ուզում էի իրենց արած գործին նայեմ, էն էլ առջևս սավանով փակած էր:
Չհասկացա, երբ երկուսուկես ժամն անցավ:
-Պապի՛ ջան, ասին,- վերջացրինք, 20 տարվա ճողվածքներդ գրողի ծոցը ուղարկեցինք:
-Ապրե՛ք, բալեք ջան,- ասի,- ղղմած, հիացած եմ ձեր վերաբերմունքից:
Առոք-փառոք, բարի մաղթանքներով ինձ տարան իմ տեղը՝ հիվանդասենյակ:
Բուժքույրերը ժամանակ առ ժամանակ մտնում են սենյակս, հալս հարցնում, մասնագիտական ու մարդասիրական օգնություն ցույց տալիս ու միշտ բարեժպիտ, հոգատար: Այնպես սրտացավ են հարցնում՝ «Պապի՛ ջան, ո՞նց ես, հո ցավող տեղ չունե՞ս», կարծես իրենց հարազատ պապիկը լինեմ:
Հարազատ-բարեկամներս գալիս-գնում են, ու բոլորը տեսնում են բժիշկների, սպասարկող ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքը թե՛ իմ, թե՛ բաժանմունքի մյուս զինվոր հիվանդների նկատմամբ:
Հիմա քարի պես պինդ եմ, առողջ և իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել Վանաձորի զինվորական հոսպիտալի բոլոր աշխատակիցներին, հատկապես վիրահատող բժիշկ, վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Հայկ Հովհաննիսյանին, անզգայացման բաժանմունքի պետ-բուժծառայության մայոր Վարդան Առաքելյանին, ավագ օրդինատոր-բուժծառայության կապիտան Դավիթ Ազարյանին, ինչպես նաև գեղեցկուհի բուժքույրեր Թամարա Հովհաննիսյանին, Հերմինե Ծատուրյանին, Գայանե Սահակյանին և Էմմա Գալստյանին:
Շնորհակալություն:
Մելս ՄԵԼԻՔՅԱՆ
թոշակառու, ք. Վանաձոր