ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
«Հայ զինվոր» թերթի ծառայակից մայոր Գայանե Պողոսյանի հարցազրույցը ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանի հետ
-Պարոն Ղուկասյան, տարեվերջյան ամփոփումները վկայում են, որ 2014թ.-ին բանակում արձանագրվել է հանցագործությունների կտրուկ նվազում, ընդ որում՝ նվազել է բոլոր հանցատեսակների քանակը: Իմ դիտարկմամբ՝ վերջին տասը տարվա մեջ նման ցուցանիշ չի արձանագրվել:
-Նման ցուցանիշ չի արձանագրվել բանակի պատմության մեջ առհասարակ: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ բանակում հանցածին իրավիճակի և օրինապահության առումով արձանագրված ցուցանիշները խոսում են ոչ միայն դրական տեղաշարժի, այլև թռիչքային առաջընթացի մասին:
– Այո՛, հիմա ես կարդում եմ ամփոփագրերը՝ ինքնասպանությունների թիվը նվազել է 78 տոկոսով, ինքնավնասումները՝ 19 տոկոսով, ծեծկռտուքները՝ 18 տոկոսով: Բայց ահա ունենք մահվան ելքով դեպքերի աճ….
– Այո՛, մահվան ելքով դեպքերը աճել են հակառակորդի աննախադեպ ագրեսիվ վարքի պատճառով: 2013թ.-ի համեմատությամբ՝ հակառակորդի կողմից գրանցված դեպքերի թիվը աճել է 16-ով՝ 6-ից հասնելով 22-ի:
-Պարոն Ղուկասյան, անցյալ տարեսկզբի ուղերձում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տարին հայտարարեց արատավոր, հոռի բարքերի դեմ պայքարի տարի և հնչեցրեց մի կարգախոս, որը ուղղակիորեն հասցեագրված էր զինվորական իրավապահ մարմիններին` «Մեր ամրոցում՝ մեր օրենքներով»: Ենթադրում եմ՝ ուղերձին և կարգախոսին համահունչ գործողությունների ծրագիր է կազմվել պաշտպանության համակարգի բոլոր ստորաբաժանումների համար….
-Իհարկե: Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում ձևավորվեցին աշխատանքային հինգ խմբեր, որոնք որոշակի պարբերականությամբ այցելում են զորամասեր՝ տեղում ստուգելու ռազմական ոստիկանների ծառայությունը և զորամասերի հրամանատարների հետ համագործակցության արդյունավետությունը: Խմբի անդամներին հանձնարարություն է տրվել անհատապես հանդիպելու, այսպես կոչված, դժվար զինվորների հետ: Ի դեպ, ռազմական ոստիկանները մասնակցում են անձնակազմին դիրք ճանապարհելուց առաջ իրականացվող հրահանգավորումներին: Խնդիր դրվեց ռազմական ոստիկանության պետի ղեկավարությամբ սահմանված հաճախականությամբ բարձրանալու դիրքեր և, որպես հայրենիքի զինվոր, սահման պահելու շարքային զինվորի հետ:
-Ես նկատում եմ գաղափարական-բովանդակային փոփոխություն: Ռազմական ոստիկանը, ավանդական պատկերացմամբ, օրինականություն հաստատող, հանցանքները բացահայտող, նաև կանխարգելող գործառույթ ունի, այսինքն՝ նրա ներկայությունը զորքերում առաջին հերթին զինվորներին հսկելու, զսպելու, հանցանքները բացահայտելու համար է, բայց այսօր կարծես թե այդ երկու բևեռները մոտեցնելու միտում է նկատվում:
-Ե՛վ զինվորականները, և՛ ռազմական ոստիկանները, և՛ զինվորները մի գերնպատակ ունեն՝ բարձր պահելու բանակի մարտունակությունը: Ուստի, այս երեքից և որևէ մեկը չի կարող հակադրվել մյուսին: Զորքերում օրինականություն հաստատելը, հանցանքները բացահայտելը և իրավական գնահատական տալը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը և հանցանքները կանխելը (ինչին կոչված է ռազմական ոստիկանությունը) բխում են բոլորիս շահերից: Ռազմական ոստիկանը զինվորի բարեկամն է. սա պետք է հասկանան երկուստեք և աշխատեն համագործակցված: Այս գաղափարը պետք է ամրապնդեն նաև սպաները: Ըստ տարեսկզբին կազմված ծրագրի՝ մենք պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հետ բանակային բոլոր զորամիավորումներում կազմակերպեցինք հանդիպումներ սպայակազմի և որոշ տեղերում՝ նաև սերժանտական կազմի հետ: Խնդիրը հետևյալն էր՝ ամրապնդել կանոնադրային հարաբերությունները, համագործակցել ռազմական ոստիկանների հետ, արձագանքել անգամ ամենափոքր զանցանքին…
-Բանակում միշտ էլ խնդրահարույց է եղել սպաների կողմից հանցագործությունները թաքցնելու միտումը, ու փաստը բոլորովին էլ զարմանալի չէ, որովհետև հրամանատարի աշխատանքի գնահատման կարևոր չափանիշներից մեկն էլ զորամասում արձանագրված հանցանքների քանակն է, բնականաբար, հրամանատարը պիտի ջանա թաքցնել դրանք, որ չհամալրի հետնապահ զորամասերի շարքը:
-Այո՛, այդ իսկ պատճառով էլ առաջին հերթին խնդիր է դրվել փոխելու գնահատման չափանիշների սանդղակը, որպեսզի զորամասերում կատարված հանցագործությունների թիվը հրամանատարների աշխատանքի գնահատման կարևորագույն ցուցիչ չհամարվի: ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության հետ միասին կատարել ենք մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հստակեցնելու պարտականությունների և պատասխանատվության շրջանակը բոլոր օղակների համար և ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնցով մարդկային գործոնի կարևորությունը կմղվի հետին պլան: Ավելի պարզ ասեմ՝ որպեսզի հրամանատարը շահագրգռված լինի ոչ թե թաքցնելու հանցանքը, այլ բացահայտելու: Եթե նախկինում ռազմական ոստիկանը կարող էր աչք փակել այս կամ այն խնդրի վրա, այսօր նա ունի ամենափոքրիկ զանցանքները բացահայտելու ուղղակի շահագրգռվածություն, մարելու հանցածին օջախները, որովհետև մեր նախարարը ամենայն խստությամբ հայտարարել է, որ հատկապես ծանր, մահվան ելքով դեպքերի ժամանակ, եթե դրանց նախորդել է նախապատմություն (ոչ կանոնադրական հարաբերություններ), ապա ռազմական ոստիկանության աշխատակիցը պատժվելու է մյուս հրամանատարների հետ հավասարապես:
Շատ կարևոր է, որ այս անցած տարի մեծ աշխատանք կատարվեց վաշտի, մարտկոցի հրամանատար օղակը ուժեղացնելու ուղղությամբ: Պաշտպանության նախարարը անձամբ հանդիպեց բոլոր զորամասերի վաշտերի, մարտկոցների հրամանատարներին: Այս օղակը այժմ անհամեմատ ուժեղ է, քան տարեսկզբին էր, և սա իր հերթին անդրադարձավ զորքերում կարգապահության որակի վրա:
-Կան թաքցված հանցագործություններ և քողարկված հանցագործություններ: Ռազմական ոստիկանությունն ունի՞ օպերատիվ ցանց և զորքերում ծառայող ռազմական ոստիկաններ, որոնց գերխնդիրը հանցագործությունները կանխելն է:
-Միանգամայն ճիշտ եք: Եվ բանակում հանցագործությունների կտրուկ նվազումը առաջին հերթին կապված է կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության հետ: Եթե երկու զինվորի միջև տեղի ունեցած վիճաբանությունը չհարթես, ապա այն կհասունանա և, ով գիտե, գուցե դառնա մարմնական վնասվածքի կամ նույնիսկ սպանության ու ինքնասպանության պատճառ:
-Հանցածին մթնոլորտ են ստեղծում ավելի շատ փոքրիկ, աննշան թվացող հանցանքները: Վերջերս, երբ ես զրուցում էի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանի հետ, նա ասաց, որ հաճախ զորքերում հանցագործությունների պատճառ է դառնում զինծառայողների իրավագիտակցության ցածր մակարդակը:
-Մեր աշխատանքային ծրագրում ներառված է զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված բաժին, որը նախատեսում էր հանդիպումներ, զրույցներ զորամասերում ինչպես զինվորների, այնպես էլ սպաների հետ: Մենք պարբերաբար բացատրել ենք զինվորներին թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները, իրենց դրական ազդեցությունն են ունեցել նաև արտագնա դատավարությունները, երբ զինվորները հնարավորություն են ունեցել տեսնելու, թե ինչպես է իրենց նման մեկ այլ զինվոր պատժվում այս կամ այն հանցանքի համար: Ես դրական եմ համարում հանցանք գործած զինվորների ձերբակալությունը զորքի առաջ՝ բոլորին ի տես, քննիչի և դատախազության աշխատակցի ներկայությամբ, ընդ որում՝ համապատասխան իրավասու անձը զորքին բացատրում է, թե ինչի համար է ձերբակալվում իրենց ծառայակից ընկերը:
-Պարոն Ղուկասյան, վերջին շրջանում որոշ զորամասերում որևէ զանցանք կատարած կամ նկատողություն ստացած զինվորներին զրկում են դիրքեր բարձրանալու և սահման պահելու իրավունքից: Արդյոք սա հակառակ հետևանքը չի՞ ունենա:
-Ո՛չ: Նախ՝ սրանով մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ զինվորին դիրք վստահելը նրան տրված ամենամեծ պատիվն է: Եվ հակառակը՝ ոչ մարդավայել արարքի համար զինվորին զրկել դիրք պահելու հնարավորությունից նշանակում է զրկել նրան այդ պատվից: Այնինչ, երբ որոշ ժամանակ անց կանչում ես զինվորին ու հպարտորեն, աչքալուսանքի պես հայտնում, որ նա կրկին արժանացել է դիրքեր բարձրանալու պատվին, այսպես ասած, մի զարկով երկու նապաստակ ես խփում: Առաջին՝ կարևորում ես սահման պահելու առաքելությունը, եւ երկրորդ՝ զինվորին խրախուսում ես՝ վերականգնելով նրա հեղինակությունը, փաստում, որ կրկին վստահում ես ու հավատում նրան: Ես չգիտեմ՝ այս հոգեբանական մոտեցումը ի՞նչ արդյունք կունենար այլ երկրների բանակներում, բայց վստահաբար կասեմ, որ շատ բարենպաստ է անդրադառնում հայ տղայի վրա: Մերոնք շատ պատվախնդիր են:
-Ինչ լավ է, որ չեք խոսում ընտանիքներում դաստիարակության պակասի և դպրոցների վատ աշխատանքի մասին:
-Մենք պետք է փոխենք հասարակության իդեալները, որովհետև դրանք ապակողմնորոշում են սերունդը:
-Եվ ովքե՞ր պիտի փոխարինեն մականունավորին, ի՞նչը պիտի փոխարինի փողի «պաշտամունքին»:
-Մականունավորին պիտի փոխարինեն մտավորականները, արվեստագետները, զինվորականները, ազատամարտիկները… Փողի պաշտամունքին պիտի փոխարինի խելքի, գրագիտության, կրթվածության, տաղանդի պաշտամունքը… Մենք պիտի օգտագործենք ամբողջ ներուժը ՝ քարոզչական, կրթադաստիարակչական, որ փոխենք մեր բարոյական արժեհամակարգը, ի դեպ, ռազմական ոստիկանությունը նույնպես ներգրավված է բանակ-դպրոց, բանակ-բուհ համագործակցության ծրագրերում…
-Պարոն Ղուկասյան, եկեք խոսենք ռազմական ոստիկանության «արժեհամակարգի» մասին: Այս կառույցին շատ ծանր ժառանգություն է բաժին հասել բանակաշինության վաղ տարիներից՝ ծեծ, բռնությամբ խոստովանություն կորզելու պրակտիկա, կաշառակերություն…
-Եկեք չխոսենք ժառանգությունների և բանակաշինության տարբեր փուլերի դժվարությունների մասին… Ես կարող եմ միանշանակ փաստել, որ իմ ղեկավարած կառույցում այսօր չեն ծեծում, չեն բռնանում, կաշառք չեն վերցնում, որովհետև իմ՝ ծառայության պետ նշանակվելու առաջին օրվանից հրամայել եմ, նախազգուշացրել, որ անօրինականության յուրաքանչյուր դեպք կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
-Եթե հրամանով հնարավոր էր այս հարցը լուծել, ինչո՞ւ հենց բանակաշինության առաջին օրվանից չեն հրամայել, որպեսզի այսօր ստիպված չլինեինք կարծրատիպեր կոտրել:
-Ես կարող եմ խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ ինքս եմ ղեկավարել կառույցը: Մենք եղել ենք հետևողական, սահմանել ենք հսկողություն, փակել ենք բոլոր սողանցքները, ազատվել ենք այն աշխատակիցներից, որոնք փորձում էին շարժվել հին սովորությամբ: Այսօր ռազմական ոստիկանությունը ձերբազատված է այն բոլոր բացասական երևույթներից, որոնք նշեցիք:
– Հետաքրքիր է, իսկ ի՞նչ խնդիրներ, չլուծված հարցեր ունի կառույցը:
-Ամենամեծ խնդիրը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունն է: Մենք պետք է ավելի հաճախակի ու արդյունավետ դարձնենք անձնակազմի վերապատրաստումը: Պետք է ընդօրինակենք միջազգային առաջավոր փորձը, որպեսզի կարողանանք հավասարը հավասարի հետ շփվել մեր արտասահմանցի գործընկերների հետ, պետք է արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն գտնենք: Այսինքն՝ մեզ համար առաջնայինը բանակաշինության այս փուլում մասնագիտական գիտելիքները բարձրացնելու հրամայականն է:
-Պարոն Ղուկասյան, ռազմական ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ եղան, վերադասավորումներ: Ինչի՞ն էին միտված այդ տեղաշարժերը:
-Մենք ուժեղացրինք սահմանային, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպասարկող ստորաբաժանումները: Ռազմական ոստիկանությունը, այսպես ասած, դեմքով շրջվեց դեպի զորքերը, հանցագործությունը բացահայտելուց զատ, նախեւառաջ կարևորեց այն կանխարգելելու անհրաժեշտությունը:
-Գիտեք, որպեսզի մարդը աշխատի ոգևորվածությամբ, անհրաժեշտ է, որ նրա աշխատանքը գնահատվի արդարացիորեն, որ բարոյական ու ֆինանսական խթանները բաշխվեն ըստ արժանվույն՝ հիմք ունենալով միմիայն աշխատանքի որակը… Պարզ ասած՝ առաջադիմության գրավականը պիտի լինի ռազմական ոստիկանի բարեխիղճ աշխատանքը… միջնորդների հեղինակավոր զանգերը կարող են մեծ վնաս հասցնել գործին:
-Շատ ճիշտ եք: Ես Ձեզ պարզ ասեմ՝ պաշտպանության նախարարը խստորեն հանձնարարել ու հրամայել է առավելագույնս արդարամտորեն իրականացնել զինծառայողների առաջխաղացման գործընթացը: Հեղինակավոր զանգերը մերժվում են: Շարունակաբար մերժվելով՝ հետզհետե վերանում են: Գիտեք, հաշվի առնելով դեռևս խորհրդային տարիներից եկող կարծրատիպերը, դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք ունենալ ամուր, աշխատունակ կառույց, պիտի լուծենք կադրային խնդիրները, պետք է գործը վստահենք լավագույններին….
-Պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ զրույցի համար, գիտեմ, որ երկու սպանությունների և երկու ինքնասպանությունների գործով նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, այդ պատճառով էլ ոչինչ չեմ հարցնում: Դատավարության ավարտից հետո մենք կկարողանանք խոսել մանրամասների մասին, հասկանալ, թե ովքեր էին մեղավոր, որ մեր զինվորները զրկվեցին կյանքից, իսկ այս զրույցը ավարտենք մեկ անգամ ևս հիշելով, որ բանակում 2014թ.-ին արձանագրվել է հանցագործությունների աննախադեպ նվազում, և ցանկանանք, որ այս միտումը պահպանվի նաև 2015թ.-ին:
Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում