Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ



Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ:

Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Նշվեց, որ արդեն ավանդույթ դարձած այս պատարագի շրջանակում առիթ է ընձեռվում հաղորդակից լինելու մեր զինվորական եղբայրներին և միասին աղոթք հղելու առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց նորանոր հաջողություններ և, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Նա ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է: Դարեդար հայկական եկեղեցին և հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս ուսի տված, և հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց հոգևորականներին՝ մշտապես բանակի կողքին լինելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շարքային զինվորից մինչև հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար և այդ անձնազոհության մեջ մենք գտնում ենք մեր նորօրյա հերոսներին:

Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայորներ՝ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթևոսյանին, Արմեն Ղահրամանյանին և գնդապետ Գևորգ Մելքոնյանին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսպոկոս Ներսիսյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պարգևատրվեցին «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ազգային բանակ


30/01/2015