Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ



Հունվարի 26-ին Կենտրոն վարչական շրջանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը անսովոր մարդաշատ էր. Կենտրոն համայնքում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին ընդառաջ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Արա Սադոյանի և զինվորական կոմիսար, գնդապետ Հմայակ Մաթևոսյանի նախաձեռնությամբ մոտ երկու տասնյակ նորակոչիկներ հավաքվել էին եկեղեցու բակում՝ հաղորդություն ստանալու և հայրենիքի սահմանները պաշտպանելու ճանապարհվելու: Այստեղ էին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ, բարեկամներ, պատահական անցորդներ: Նորակոչիկները հարազատների, ընկերների հետ ասում-խոսում, կատակում էին:

Նորակոչիկ Նորայր Մեսրոպյանն իմ հարցին` ի՞նչ տրամադրությամբ է բանակ գնում, պատասխանեց մեկ բառով` բարձր:

-Մենք ուրախ ենք, որ հայրենիքի պաշտպան ենք մեծացրել: Եվ ուրախ սրտով էլ ծառայության ենք ճանապարհում: Ինքն էլ, ինչպես տեսնում եք, ուրախ է, շատախոսում է: Թող այս եկեղեցու խաչը պահապան լինի իմ որդուն և բոլոր նորակոչիկներին,- մեր զրույցին է միանում Նորայրի հայրը` Էմիլ Մեսրոպյանը:

Նորակոչիկներից մեկի մայրն էլ բնական համարեց իր անհանգստությունը` մայր է, որդին իր աչքից հեռու է լինելու, հետո` անհանգիստ է սահմաններում, բայց նաև հավելեց. «Թող բոլորի նման գնա ու տղամարդավարի պարտքը կատարի, Աստված իրենց պահապան»:

Զրուցեցինք նաև նորակոչիկի մայր` տիկին Ալիսա Անանիկյանի հետ: «Միշտ էլ զավակիդ համար անհանգստանում ես՝ դպրոցում լինի, բակում, թե մի այլ տեղ: Թող երկրի սահմաններում միմիայն խաղաղություն լինի, և մեր որդիները ողջ-առողջ վերադառնան տուն,- ասաց նա և շտապեց նորակոչիկների համար մոմ վառելու:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը.

-Սիրելի՛ ծնողներ, զինվորականներ, նորակոչիկներ, Կենտրոն վարչական շրջանում մեկնարկում է ձմեռային զորակոչը: Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Հայոց բանակի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երիտասարդներ, և այդ գործի շարունակողները լինելու եք դուք, սիրելի՛ նորակոչիկներ: Ծառայե՛ք խաղաղությամբ, ձեզ բարի ճանապարհ:

Ներկաներին ողջունեց նաև Կենտրոնի զինկոմ, գնդապետ Հ. Մաթևոսյանը.

-Բարի ծառայություն եմ մաղթում, տրամադրություններդ բարձր: Սիրե՛ք, հարգե՛ք ձեր հրամանատարներին, ձեր ծառայակիցների հանդեպ իսկական ընկեր եղեք: Տղե՛րք ջան, բարի ճանապարհ, սիրելի՛ ծնողներ, ձեզ էլ համբերություն:

Քիչ չէին նաև շնորհավորական խոսքով հանդես եկող զինվորականները: Նրանցից մեկը` Ռաֆայել Պետրոսյանը, անգամ չափածո տողեր նվիրեց նորակոչիկներին, հայկական բանակի սպաներին.

-Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր բոլորիս համար մեծ տոն է: Հայոց բանակի ծնունդը մեր պետականության ամենահզոր սյունն է, և եթե այսօր մենք գոյատևում ենք որպես պետություն, ապա դա մեր բանակի, մեր ֆիդայիների, մեր զինվորների շնորհքն է:

Պարոնայք սպաներ, սերուցքն իմ ազգի,

Թշնամին փորձեց թափը ձեր բազկի,

Պատիվն սպայի անարատ պահած՝

Հասցրիք թշնամուն մահացու հարված:

Պարոնայք սպաներ, պարտքը ձեր գործի

Հանել է լեռներ մահացու փորձի,

Վտանգել ճամփան ձեր վերադարձի,

Աստված պահապան, պարոնայք սպաներ…

Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի

Ձեզ են նվիրել որդոց քաջարի…

Պարոնայք սպաներ, պահեք իմ որդուն,

Որ նա անվնաս վերադառնա տուն,

Բայց, երբ թշնամին մեր հողը խուժի,

Թող նա իր երդման խոսքը չդրժի…

Ներկաներին իր օրհնանքի խոսքն ու աղոթքը հղեց Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր տեր Ավետիս քահանա Դանիելյանը: Նա ուրախ է, որ նորակոչիկները հայրենիքը պաշտպանելու են մեկնում եկեղեցու բակից, եւ այսօր Կենտրոն համայնքի նորակոչիկներն իրենց ներկայությամբ բացառիկ նվեր արեցին Առաքելական սուրբ եկեղեցուն:

«Աստված բոլորիդ պահապան, սիրելի՛ զորակոչիկներ»,- իր խոսքը եզրափակեց քահանան:

Միջոցառման ավարտին վարչական շրջանի ղեկավարը նորակոչիկներին նվերներ հանձնեց՝ ծառայության ընթացքում անհրաժեշտ պարագաներ, հագուստ: Այնուհետև «Արարատ» փողային նվագախմբի զինվորական քայլերգի հնչյունների ներքո տղաները ճանապարհվեցին կենտրոնական հավաքակայան:

Զինակոչիկներին ճանապարհելուց հետո եկեղեցու բակում մոմավառություն էր… Ծնողներն աղոթում էին Բարձրյալին՝ իրենց որդիների անվտանգ ծառայության ու բարեհաջող վերադարձի համար:

Նանե ՍԻՄՈՆՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ


05/02/2015