Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ՝ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ



Գնալով մարդկանց գիտակցության մեջ ավելի ու ավելի է կարևորվում բանակի դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գործում: Դրա վկայություններից էր և այն, որ այս տարի աննախադեպ սիրով ու նվիրումով նշվեց հայոց բանակի 23-րդ տարեդարձը ինչպես Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, այնպես էլ արտերկրի հայաշատ կենտրոններում:

Մեր հաղթական բանակի տարեդարձը նշվում է լայնորեն և՛ դպրոցներում ու բուհերում, և՛ հասարակական կազմակերպություններում ու գրադարաններում:

Նման մի ջերմ միջոցառում էլ տեղի ունեցավ Երևան քաղաքի Ավան համայնքի թիվ 1 գրադարանում, որի կայացման համար ջանք չէին խնայել գրադարանի տնօրեն Գայանե Զիրոյանը և գրադարանավարուհիներ Ռուզաննա Գևորգյանը, Մարգարիտա Բարսեղյանը, Անուշ Հարությունյանն ու Նելլի Կարապետյանը:

Հայոց բանակի անցած կարճատև, բայց փառապանծ ուղուն, մեր թանկ կորուստներին ու մեծ ձեռքբերումներին էր նվիրված գրադարանի ընթերցողներից Թամարա Հակոբյանի ակնարկը: Նա խորին խոնարհումով հիշատակեց հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բազմաթիվ քաջորդիների՝ Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլ Կրպեյան, Դուշման Վարդան, Բեկոր Աշոտ և շատ ուրիշների՝ նշելով, որ հայրենիքի համար ու բոլորիս համար նրանցից ամեն մեկն էլ հավասար արժանավորներ են՝ թանկ ու անմոռանալի:

Այնուհետև անդրադարձ եղավ հանդիպմանը ներկա որդեկորույս ծնողներին, ինչպես և մի խումբ վաստակաշատ մանկավարժների, որոնք եղել են մեր հերոս ազատամարտիկների սրտերում հայրենասիրության կրակը բորբոքողները՝ Անահիտ Մարտիրոսյան, Կարինե Վերմիշյան, Յուրի Ստեփանյան, Գոհար Պետրոսյան, Սոնա Փաշինյան, Ջուլիետա Գալստյան…

Այստեղ էր նաև Արցախյան գոյամարտում միակ որդուն կորցրած լրագրող Գոհար Մարտիկյանը, որը սիրելի անուն է բոլորի համար իր բախտակիցներին սփոփող եռանդուն գործունեությամբ, որի մասին կարելի է խոսել միայն երախտագիտության խորին զգացումով: Ինչպես ինքն է ասում՝ կորցրել է ոչ մեկ որդի՝ Աշոտ Չախոյանին, այլ բազում հերոս զավակների, որոնցից ամեն մեկը մի ուրույն անհատականություն էր, մի օջախի ճրագ:

Գոհար Մարտիկյանը մեկ առ մեկ գրել է Արցախյան ազատամարտում զոհված բոլոր հերոսների մասին, ներկայացրել նրանց կարճատև կյանքը, երազանքներն ու նախասիրությունները, ընթերցողներին ծանոթացրել նրանց ընտանիքների ու հարազատների հետ և փաստորեն մի-մի գրավոր հուշարձան է կերտել նրանցից յուրաքանչյուրի համար: Տող առ տող, էջ առ էջ նա արդեն բոլորիս ու պատմությանն է հանձնել «Ապրելու բանաձև» խորիմաստ վերնագրով իր գրքի 7 հատորները, իբրև սփոփանքի ու անմահության հուշարձաններ:

Եվ այս միջոցառմանը Գոհար Մարտիկյանը եկել էր գրքով՝ Ավանի թիվ 1 գրադարանին նվիրելով 7-րդ հատորը:

…Ներկաներին հուզեցին նաև միջոցառմանը ներկա երկրապահ կամավորների միության տարածքային վարչության անդամներ Նունե Համբարձումյանի և Ջեմմա Դավթյանի հուզիչ պատմությունները: Միջոցառումը եզրափակվեց գրադարանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հայրենասիրական երգերի ու ասմունքի կատարումներով:

Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Բանակ և հասարակություն


11/02/2015