Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԳԱՂՏՆԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ



Հունվարի 7-ին լրացավ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,

Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑԻ ծննդյան 114 տարին:

♦ Գրեթե մեկ դար նրա մասին ոչինչ չի խոսվել:

♦ Գրեթե մեկ դար նրա անունն ու գործը քողարկված են եղել գաղտնիության կապարե վարագույրով:

♦ Նրա անունն իմացել են միայն ֆիզիկոսներն ու հրթիռաշինարարները, խորհրդային պետության բարձրաստիճան ղեկավարներն ու ամերիկյան ԿՀՎ-ի աշխատակիցները:

♦ Նա միջուկային և ջերմամիջուկային կենտրոնի տնօրենն էր:

♦ Նրա անձնագրում կեղծ հասցե էր նշված, եւ մի ամբողջ կյանք նա ապրել է Արզամաս-16-ում:

♦ Աշխատել է Կուրչատովի, Սախարովի, Խարիտոնովի, Զելդովիչի հետ:

♦ Նրա ստեղծած «միջուկային բաղադրիչը» տեղադրվել է Կորոլյովի, Յանգելի, Չելոմեյի ստեղծած հրթիռների վրա:

ԱՐԶԱՄԱՍ 16

♦ Ս. Գ. Քոչարյանցի անվան հետ է կապված խորհրդային բանակի տարբեր զորատեսակների զենքի գործնականում բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքավորման ստեղծումը, եւ, ըստ էության` իսկական միջուկային զենքի (ՄԶ) ստեղծումը:

♦ Ս. Քոչարյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մարտական հերթապահության դրվեցին մի քանի սերունդների միջուկային զինատեսակներ, որոնք տարիների ընթացքում փուլ առ փուլ կատարելագործվում էին կրիչների, կառավարման համակարգերի զարգացմանը զուգընթաց, այդ թվում` հավանական հակառակորդի ՀՀՊ համակարգերի հաղթահարման և հրթիռամիջուկային հարձակումից սեփական տարածքի պաշտպանության նպատակով:

♦ Ս. Քոչարյանցի մշակած ՄԶՄ-ներով հանդերձված միջուկային զենքի համալիրներն այսօր էլ Ռուսաստանի բանակի սպառազինության մաս են կազմում:

♦ Գրեթե 50 տարի նա եղել է Խորհրդային Միության ամենագաղտնագրված մարդկանցից մեկը:

♦ 1959-1990թթ. եղել է Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի` փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը:

♦ Ծնվել է 1909 թվականին, Նոր Բայազետում, այժմ` Գավառ:

♦ Սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում:

♦ 30 տարեկանում պաշտպանել է դոկտորական թեզ:

♦ Կյանքի վերջին տարիներին Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի գլխավոր խորհրդականն էր:

♦ 20-րդ դարի մեծ գիտնականներից մեկի, մարդու և քաղաքացու մահվան կապակցությամբ չի գրվել ոչ մի տող, երկրի ղեկավարների շուրթերից չի հնչել և ոչ մի ցավակցական խոսք: Հայաստանի և Ռուսաստանի ականավոր զավակը կյանքից հեռացավ «գաղտնի», ինչպես եւ ապրել էր իր կյանքի բոլոր տարիները:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Հոգևոր-մշակութային


11/02/2015