Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք



Նրանց բոլորի համար սա առաջին ու ամենապատասխանատու երդումն է: Երդումը մայր հայրենիքին: Տղաներն այս կարևոր օրվան նախապատրաստվել են լրջագույնս ու ամենայն պատասխանատվությամբ: Թեեւ պարտադիր չէ, բայց անգիր են արել երդման տեքստը, փայլեցրել կոշիկները, արդուկել են համազգեստը: Շարահրապարակում, ինչպես ասում են, յուղ լցնես, կհավաքվի: Շուրջբոլորը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են, ազգային հերոսների ու ֆիդայական շարժման նշանավոր դեմքերի դիմանկարները: Ծնողներից շատերի, հատկապես փոքրիկների ձեռքերում ծաղկեփնջեր են… Ամեն բան ու ամեն ինչ տոնական է, գրավիչ: Տղաները լավ գիտեն՝ զորամասի հրամանատարներից, ծառայակից ընկերներից բացի, իրենց երդման արարողությանը մասնակցելու են նաև հարազատները, ընկերներն ու հարևանները և այն ՄԵԿԸ, որին չհասցրին սիրո ու հավատարմության խոսքեր ասել… Համոզված են՝ դրա ժամանակն էլ կգա՝ ընդամենը երկու տարի հետո… Եվ կյանքում յուրաքանչյուր քայլի երաշխավորն ու ազգի գոյատևման առհավատչյան խաղաղ ու բարգավաճ Հայրենիքն է:

Երդման արարողություն է գնդապետ Հարություն Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հաղթահարելով ձմեռային ճանապարհների դժվարությունները՝ իրենց զավակների, զարմիկների ու ընկերների երդմանն են ժամանել Հայաստանի հարյուրավոր բնակիչներ: Ձմեռային զորակոչով բանակ եկած զինվորները երդվում են, որ հավատարիմ կլինեն Մայր Հայրենիքին, կանեն ամեն ինչ, որ թշնամու ոտքը չաղտոտի մեր սուրբ հողը, կյանքը կտան հանուն հայրենիքի:

Հավաքվածների մեջ տեսնում եմ ընկերոջս՝ լրագրող, արձակագիր, ազատամարտիկ Վրեժ Սարուխանյանին: Մոտենում եմ:

-Դստերս որդու՝ Գրիգոր Զաքարյանի երդմանն ենք եկել,- ասում է:- Իմ զինվորը նաև իմ «Էրգրականչ» գրքի, որ վերջերս է հրատարակվել, առաջին ընթերցողներից է ու նաև իմ անաչառ քննադատը: Դեռ 5-6 տարեկան էր, երբ խնդրում էր պատմել մեր ազատագրական պայքարի գործիչների, Մեծ եղեռնի մասին, երբ պատանի էր, քննադատում էր մեր նախնիներին՝ թե ինչու միասնական չեն եղել ու հզոր բանակ չեն ունեցել: Գիրքս, որ նվիրված է Սասնո աշխարհի և, ընդհանրապես, հայոց ֆիդայական շարժմանը, Գրիգորս տարածեց իրենց դպրոցի, բակի ընկերների շրջանում, հիմա էլ ինձ հորդորում է գոնե մի քսան հատ էլ բերեմ, որ ծառայակից ընկերներին տա: Եղած հինգ հատը բերել եմ, մնացածն էլ հետո կուղարկեմ:

-Փաստորեն, թոռնիկդ քո ոտնահետքերով է գնում,- ժպտալով ասում եմ ես,-քսան տարի առաջ էլ այս կողմերում դու էիր մեր երկրի սահմանները պաշտպանում, այդպես չէ՞: Տա Աստված, որ թոռնիկդ ու նրա բոլոր ծառայակից ընկերները ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները, իսկ թե թշնամին նորից համարձակվի մեզ վրա փորձել իր ատամների ամրությունը, ջարդված ատամներով տեղում կմնա,- մաղթում եմ ես ու հրաժեշտ տալիս:

Ձմռանն օրը կարճ է տևում: Երդման արարողությունն ավարտված է: Զինվորներին ազատ ժամանակ է տրվում հարազատներին հանդիպելու, մայրիկ-քույրիկների պատրաստած համեղ ուտեստները ճաշակելու համար: Սահմանված ժամին բոլորը սթափ շարվում են զորամասի շարահրապարակում, «ներկա» ստանում:

Տղաների համար սկսվում է զինվորական ծառայության նոր ժամանակը:

Նրանք արդեն Հայրենիքի երդվյալ զինվորներ են:

Բարի ծառայություն:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ


12/02/2015