Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ



♦ Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում:
♦ Ինչո՞ւ սպանեցին թալիշ մտավորականի ընտանիքի բոլոր տղամարդկանց:
♦ Եւս քանի՞ տարի կպաշտոնավարի ԱԱ նախարարը:

Ամեն օր չէ, որ Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարի տեղակալ են աշխատանքից ազատում: Ուստի ապրիլի 11-ը, երբ Իլհամ Ալիեւի հրամանագրով ազգային անվտանգության փոխնախարար գեներալ-մայոր Ալի Նաղիեւը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, մտորումների առիթ է տալիս: Հետաքրքիրը պաշտոնից ազատելու պատճառն է, որից, թերեւս, կարելի է պատկերացում կազմել պետության եւ իշխանության առաջ ծառացած լուրջ խնդիրների մասին: Ուստի փորձենք կռահել Ադրբեջանի նախագահի որոշման շարժառիթը:
Վարկած առաջին` Ալի Նաղիեւը անցել է «կենսաթոշակի»: Այս վարկածն է հրամցնում ադրբեջանական հայալեզու «armenia.az» կայքը, որը կարելի էր ընդունել, եթե չլիներ երկու խնդիր: Նախ` ադրբեջանական հայալեզու կայքին հավատալ չի կարելի: Երկրորդ` ադրբեջանական մյուս կայքերը ռուսերեն հաղորդում են, որ Նաղիեւը «պաշտոնանկ է արվել», եւ ոչ թե «ուղարկվել թոշակի»: Կա նաեւ երրորդ հանգամանքը, որին կանդրադառնանք ստորեւ` հինգերորդ վարկածում:
Վարկած երկրորդ` Նաղիեւի հարազատների մեջ հայտնաբերվել է մեկը, որն ազգությամբ հայ է: Տեսականորեն չի բացառվում, բայց քիչ հավանական է, որովհետեւ հայ հարազատներ ունեցողներին Ադրբեջանի ազգային անվտանգության համակարգից հեռացրել են դեռեւս 2004-2005 թվականներին` Էլդար Մահմուդովի նախարար դառնալուց հետո:
Վարկած երրորդ` Նաղիեւը ինչ-որ ծանր հանցագործության մասնակից է: Սրա նախադեպը նույնպես կա. մի քանի տարի առաջ Ադրբեջանի ԱԱՆ-ում հայտնաբերվեցին բարձրաստիճան սպաներից բաղկացած ավազակախմբեր, որոնք տարիներ շարունակ անպատիժ սպանում, առեւանգում, թալանում եւ ահաբեկում էին մարդկանց: Այսօր Ադրբեջանում նույնպես կան աղմկահարույց քրեական գործեր: Օրինակ` փետրվարի 20-ին զորամասերից մեկում 7 զինվորի սպանության գործը, որի քննությամբ զորամիավորումում եւ զորամասում բացահայտվել են կոռուպցիայի, հովանավորչության, յուրացումների, պաշտոնեական դիրքի չարաշահումների, կանոնադրական հարաբերությունների խախտումների եւ այլ հանցագործությունների բազմաթիվ փաստեր: Չի բացառվում, որ Նաղիեւը կապված է դրանց հետ:
Վարկած չորրորդ` Նաղիեւը պարզապես վատ էր աշխատում, ինչը նույնպես հավանական է, քանի որ վերջին ամիսներին ազգային անվտանգության նախարարության աշխատանքում ակնառու են լուրջ թերություններ: Մասնավորապես, ի հայտ են եկել երկրի անվտանգությանը սպառնացող հետեւյալ վտանգները.
ա) ահաբեկչության վտանգ. այս տարվա հունվարին ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Ադրբեջանում իրենց քաղաքացիներին վտանգ է սպառնում, ընդ որում, վտանգի աստիճանը «բավականին բարձր» է: Իսկ Ադրբեջանի ԱԱՆ-ը` հանձին նախարարության մամուլի քարտուղար Արիֆ Բաբաեւի, ընդունեց, որ սպառնալիքն իրական է: Դե, եթե ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին, նշանակում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին չի վստահում:
բ) համաճարակի վտանգ. սա այնքան իրական է, որ ապրիլի 12-ին Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում գտնվող` պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության ղեկավար Քեն Մայերսը: Նրա գործակալությունը զբաղվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարով: Մայերսը ներկա է եղել Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար համաճարակաբանական վերահսկման ժամանակակից կահավորանքով (ծախսվել է 1մլն դոլարից ավելի) լաբորատորիայի բացմանը, որի նպատակը «քաղաքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելն է»: Ամերիկացիների օգնությամբ Ադրբեջանի տարածքում արդեն կառուցվել է այդպիսի 10 լաբորատորիա` պետական անասնաբուժական ծառայության եւ պաշտպանության նախարարության համար: Սա վկայում է, որ համաճարակի բռնկման վտանգն ամենաշատը սպառնում է բանակին, եւ որ Ադրբեջանը, ունենալով այդքան մեծ ռազմական բյուջե, ի վիճակի չի եղել ինքնուրույն ստեղծելու նման լաբորատորիա: Նշենք, որ համաճարակի վտանգը Ադրբեջանում մեծացել է հատկապես անցյալ տարվա ջրհեղեղներից հետո:
գ) ազգամիջյան բախման վտանգ. Ադրբեջանի ներսում պատերազմը սկսված է. ահազանգում է խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Լեյլա Յունուսը: Նրան ցնցել է ապրիլի 19-ին թալիշ հայտնի մտավորական, Թալիշական մշակութային կենտրոնի ղեկավար եւ «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովի կրտսեր որդու` Էմիլի մահը: Անպատկերացնելի է վերջինիս մոր` Մարիամ խանումի վիշտը. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննիչները նրա ամուսնուն տանջամահ արեցին 2009թ. օգոստոսի 17-ին, իսկ մինչ այդ` 2007թ. սեպտեմբերի 8-ին, չդիմանալով ձերբակալված հոր եւ իր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներին, մահացել էր ավագ որդին` 36-ամյա Քամրանը: «Հանուն իմ կրտսեր որդու, հանուն Էմիլի ես պիտի հեռանամ Ադրբեջանից եւ օգնեմ նրան ուրիշ երկրում նոր կյանք սկսել»,- ամուսնու մահից հետո կրկնում էր Մարիամ խանումը: Ավաղ, Ադրբեջանի իշխանությունները կեղծ քրեական գործ հարուցեցին նաեւ Էմիլի դեմ, ձերբակալեցին եւ սպանեցին: Մամեդովների ընտանիքում տղամարդ չմնաց:
Լեյլա Յունուսը, զուգահեռներ անցկացնելով Արցախյան պատերազմի տարիների հետ, նշում է, որ այն ժամանակ ինքը պատերազմից չէր վախենում: Վախը առաջին անգամ նրա հոգում բուն դրեց, երբ պատերազմից վերադարձած գեներալ Վահիդ Մուսաեւին` «խիզախ եւ ազնիվ սպային» բանտում սպանեցին: Իսկ լրագրող Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո Լ.Յունուսը «հստակ գիտակցեց», որ «սա Պատերազմ է»: «Քանի դեռ մենք` ադրբեջանցիները, թալիշները, լեզգիները, քրդերը, թաթերը, ռուսները, հավատացյալներն ու աթեիստները, մենք՝ բոլորս` Ադրբեջանի քաղաքացիները, չենք գիտակցում, որ սա Պատերազմ է, մեր երեխաներին սպանելու են»,- իր հոգու ճիչն է արտահայտում Լեյլա Յունուսը:
Վարկած հինգերորդ` Ադրբեջանի ԱԱ փոխնախարարը սպառնում էր Ալիեւի իշխանությանը՝ համագործակցելով ընդդիմության կամ Արեւմուտքի հետ: Ուշագրավ է, որ նա պաշտոնանկ արվեց քաղաքական ընդդիմության` ապրիլի 2-ի աննախադեպ մարդաշատ հանրահավաքից մի քանի օր հետո եւ ապրիլի 17-ի հանրահավաքից մի քանի օր առաջ, այսինքն՝ այն պահին, երբ իշխանությունը սարսափելի վախեցած էր: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` իշխանության ներսում փոխադարձ անվստահության այնպիսի մթնոլորտ է, որ ցանկացած պաշտոնյայի կարող են կասկածել «անհավատարմության» մեջ եւ ձերբակալել: Ըստ երեւույթին, Ալի Նաղիեւը նման անվստահության զոհ է դարձել (հիմնավորված կամ անհիմն), եւ սա, թերեւս, վարկածներից ամենահավանականն է, քանի որ նախկինում էլ Ադրբեջանի ԱԱՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից հեռացրել են հիմնականում նախագահի դեմ դավադրությունները կանխելու նպատակով:
Այսպես, 2004թ. հուլիսի 23-ին պաշտոնանկ արվեց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1994 թվականից` շուրջ 10 տարի: Նրան անմիջապես դեսպան նշանակեցին Ուզբեկստանում, պարզ ասած` աքսորեցին երկրից: Իսկ նորանշանակ նախարար Էլդար Մահմուդովը, որը ԱԱՆ եկավ ներքին գործերի նախարարությունից, միանգամից փոխեց ԱԱՆ աշխատակազմի պետին, կադրերի վարչության պետին եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին, իսկ հետո համակարգային փոփոխություններ կատարեց նախարարությունում: Այս ամենի պատճառն այն էր, որ Նամիկ Աբասովը, որը հատուկ ծառայությունների կադրային սպա էր, մեծ ազդեցություն էր ձեռք բերել ոչ միայն ԱԱ եւ պաշտպանության նախարարություններում, այլեւ երկրում, եւ Հեյդար Ալիեւը լուրջ մտավախություն ուներ, որ իր մահից հետո նա կարող է իշխանությունը խլել որդուց: Դեռ իր կենդանության օրոք հայր Ալիեւը փորձեց վերահսկել ԱԱ նախարարությունը` ստեղծելով նախագահին կից հատուկ վարչություն, որը պետք է հակահետախուզական գործունեություն ծավալեր պաշտպանության նախարարությունում, այսինքն` թուլացներ Նամիկ Աբասովի ազդեցությունը ՊՆ-ում: Բացի դրանից, արդեն մահվան մահճում Հեյդար Ալիեւը հրամանագիր ստորագրեց սահմանապահ զորքերը ԱԱՆ կազմից հանելու մասին, ասել է թե` քչացրեց Ն.Աբասովի «ձեռքի տակ եղած» զորքը: Վերջապես, Ն.Աբասովը համարվում էր «Արեւմուտքի կադրը», իսկ Ադրբեջանում այսօր էլ հեղափոխության սպառնալիքի աղբյուր են համարում Արեւմուտքը:
2009 թվականին ադրբեջանական մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱԱ փոխնախարար Գիլալ Ասադովը «փորում է նախարարի տակը», եւ որ նախարարությունում ինտրիգների անառողջ մթնոլորտ է:
Այս տարի լրանում է Ադրբեջանի ԱԱ նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնավարման 7 տարին, եւ քիչ է մնում, որ նա այդ ցուցանիշով հասնի նախկին նախարար Ն.Աբասովին: Եթե վերջինս 10 տարվա ընթացքում կարողացել էր նախարարությունն ու երկրի ուժային մյուս կառույցներն «իրենով անել», ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել Էլդար Մահմուդովը: Չի բացառվում, որ շուտով նա էլ «գլխացավանք» դառնա Ալիեւ-կրտսերի համար:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Ռազմաքաղաքական


05/05/2011