Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴՈՒՀՈՒ ԻՆՆՍՈՒՆ ՌՈՒԲԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ կամավորների ընտանիքներին, վիրավորներին, որբերին ու գաղթականներին օգնություն ցույց տալու նպատակով 1914թ. վերջերին ստեղծվեց Մոսկվայի հայկական կոմիտեն (հիմնադիր անդամներ՝ Ս. Մամիկոնյան, Կ. Կուսիկյան, Ա. Ծատուրյան, Ա. Ջիվելեգով), որը շուտով դարձավ ամուր ազգային-հասարակական կազմակերպություն՝ իր շուրջը հավաքելով Մոսկվայի հայ համայնքի բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Կոմիտեն կազմակերպում եւ Կովկասյան ռազմաճակատ էր ուղարկում բժշկական խմբեր, դեղորայք, որբերի համար բացում մանկատներ, ապաստան տալիս գաղթականներին։ 1916-ին կոմիտեն հիմնադրեց «Արմյանսկի վեստնիկ» ռուսերեն պարբերականը, որը լայն գործունեություն ծավալեց Հայ դատի պաշտպանության, աշխարհին հայոց հոգեւոր գանձերին ծանոթացնելու, թուրքական վայրագությունները մերկացնելու ուղղությամբ։
Մեծ էր պարբերականի դերը դրամահավաքի կազմակերպման գործում։ 31-րդ համարից սկսած՝ նրա էջերում երեւաց «Մեկ հայ՝ մեկ ոսկի» խորագիրը, որը սկիզբ դրեց համանուն շարժմանը։ Կամավորության սկզբունքներով պարբերականի հասցեով դրամական միջոցներ էին ուղարկվում հայության բոլոր շերտերից։ Հատկապես ակտիվ էին Մոսկվայի հայերը։ Գեւորգ Տեր-Հարությունովը, օրինակ, պարբերականին ուղարկել էր իր վերջին խնայողությունները՝ 900 ռուբլի, Տատյանա Ամիրովան՝ 20, Գեորգի Էրիվանցովը՝ 18 ռուբլի։ Հավաքված գումարները հանձնվում էին կոմիտեին, որն էլ դրանք փոխանցում էր կարիքավորներին, օգտագործում ըստ նշանակության։
«Արմյանսկի վեստնիկը» (թիվ 40) պատմում է մի հուզիչ նամակի մասին։ Մի խումբ հայ ռազմագերիների ազատ արձակելու դիմաց թշնամին պահանջել էր որոշակի գումար, եւ պարբերականը կոչ էր արել իր ընթերցողներին հավաքել այդ գումարը։ Դրամահավաքին մասնակցում էին նույնիսկ դպրոցականները, եւ ահա պարբերականի խմբագիր-հրատարակչի հասցեով նամակ է ստացվում Աստրախանի դպրոցներից մեկից։ Գրում էր 2-րդ դասարանի մի աշակերտուհի. «Հարգելի պ. Հովհաննես Ամիրյան, չուզելով հետ մնալ եղբայրներիցս, ես էլ ցանկանում եմ ազատել 5 մարդու, եւ ահա ուղարկում եմ 90 ռուբլի։ Շատ կցանկանայի իմանալ ազատված գերիների անունները, եթե կարելի լինի։ 2-րդ դասարանի աշակերտուհի՝ Վարդուհի Մասումյան»։
Նամակը գրված էր լեզվական որոշ մեղանչումներով, ինչը, թերեւս, ներելի էր ռուսական միջավայրում ծնված ու մեծացած մի հայ աղջնակի համար, բայց տվյալ պարագայում կարեւորը դա չէ, այլ՝ նամակի խորհուրդը՝ 2-րդ դասարանի աշակերտուհին զգում էր հայոց ցավը եւ չէր ուզում հետ մնալ մեծերից, նա փոքրիկ, բայց թանկ մի զոհաբերություն էր մատուցում իր ժողովրդին։
Խմբագրությունում շատ էին հուզվել եւ սիրով զետեղեցին այդ հայ աղջնակի նամակը պարբերականի էջերում։

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Պատմության էջերից


05/05/2011