Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ



Որդիներս ծառայել են Խորհրդային բանակում: Եվ նրանց ծառայությունից ժամանակին ես որպես մայր շատ գոհ եմ եղել, որոնց վերադարձին ուրախության սեղան ենք բացել, հարազատներով մինչև գիշեր կերուխում արել… Այժմ թոռնիկս պիտի ծառայի Հայոց բանակում: Ես կցանկանամ, որ զինվորը, ով մեր զավակն է, թոռնիկը, կամ էլ հարևանը, լինի պաշտպանված, լինի հերոս, բայց… խաղաղ օրերի, որ ոչ մի ընտանիքում կսկիծ չլինի: Բանակում լինի միայն առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի ահուդողով չսպասենք զինվոր տղաների վերադարձին: Լիահույս եմ` մեր հայոց բանակը հզոր, ամրակուռ է շնորհիվ անկախացած հայրենիքիս ու ժողովրդիս ոգու… Մեր զինվորը միշտ էլ գիտի պաշտպանել Հայաստան աշխարհի տարածքի, ազգի, պատվի, ընտանիքի, իր ժողովրդի ապահովությունը: Նրա հոգում այն քաջազուն երակն է, որտեղից ակունքվում է Անդրանիկ Զորավարի, Նժդեհի, Մոնթեի, Կրպեյանի, Վազգենի հայրենապաշտության ոգեղենիկ քաջությունը… Քաջություն, որի ուղեծիրներում մեր այսօրվա զինվորներն են աչքի լույսի նման պաշտպանում մեր հայրենի Արցախյան սրբազան հողը, պաշտպանում սահմանները… Բարդ ու դժվարին են նրանց ծառայության օրերն անցնում, քանզի թշնամին դիվերսիոն գործողություններով փորձում է թուլացնել բանակայինների ուժը: Ո՛չ, ո՛չ, ոսոխին երբեք չի հաջողվելու դա, որովհետև մեր տղաներն ուժեղ ու արի են, խելացի ու խաղաղասեր են: Նրանք պահպանում են հայրենի եզերքի անդորրը, որ արցախցի մեր հայրենակիցները ապրեն ապահով ու խաղաղ աշխատանքով:

Սիրելի՛ զինվորներ, ցանկանում եմ ձեզ խաղաղ ծառայություն, հանգիստ, անխռով գիշերներ: Դուք նորակոչիկներին նայեք բարի հայացքով, ոչ թե իշխող կեցվածք ունեցեք: Եվ առանց այն էլ նրանք ձեզ նման թողել են սիրած աղջիկ, ընտանեկան գուրգուրանք, ուսանող նորակոչիկները` լսարան, անդորրավետ պարապմունքներ: Դուք եղեք նրանց հենարան, մինչև նրանք ընտելանան նոր զինվորական կարգուկանոնին, այն իրավիճակին, որն իրենց անսովոր է: Ձեզ ցանկանում եմ բարի ծառայություն, բարի վերադարձ, սիրելի՛ զինվորներ, շարունակե՛ք ուսումը, հասե՛ք ձեր նպատակներին, թող իրականանան ձեր բոլոր երազանքները:

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
հոգեբան, մանկավարժ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Բանակ և հասարակություն


19/02/2015