Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Սկիզբը՝ նախորդ համարում

ԻՆՔՆԱՊԱՀՈՎՈՒՄ

Գլորվելով առաջ՝ ինքնապահովումը կատարվում է, երբ անկման արագությունը մեծ է (ուժեղ բախումից, քերծվելուց խուսափելու համար), կամ երբ անհրաժեշտ է հակառակորդի հարվածից խուսափել, անսպասելի մոտենալ նրան և այլն (նկար 28, 29): Այս ինքնապահովումը կատարելու ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել գնդի ձև: Ավելի ապահով է գլորվել մարմնի առանցքին շեղակի, որպեսզի ողնաշարը չվնասվի: Աջ ուսի վրայով գլորվելիս անհրաժեշտ է աջ ոտքը առաջ դնել և հրվել նրանով (ձախով՝ հակառակը), որպեսզի ողնաշարը շատ չոլորվի: Առաջինը հատակին են հպվում ձեռքերի ափերը, աջ ձեռքը մի փոքր առաջ, մատները դեպի ներս (կարելի է նաև միանգամից ուսով հպվել): Գլուխը թեքվում է դեպի ձախ թևատակը, որպեսզի հատակին չբախվի: Հենվելով աջ ուսագոտու մկանների վրա (տրիցեբս), շեղակի գլորվելով մեջքի մկանների վրա, հպվել նստատեղի ձախ մկանով, լրիվ ծալված ձախ ոտքի մկաններով, արագորեն ոտքի ելնել (կարելի է ձախ ձեռքով հրվել հատակից): Ձախ ոտքը լրիվ ծալած, ամբողջ երկայնքով հպվում է հատակին կողքի մկաններով, իսկ աջ ոտքը՝ կես քայլ առաջ, դրվում է ոտնաթաթի ներբանի վրա, ծունկը ծալած և ուղղահայաց դեպի վեր:

Ոտքերի այս դիրքը պաշտպանում է ողնաշարի ստորին մասը և կոնքոսկրերը վնասվելուց և հնարավորություն է տալիս արագ ու հեշտ ոտքի ելնել: Այս ինքնապահովումը կարելի է կատարել նաև ցատկով, երբ հաղթահարվում է երկար կամ բարձր արգելք, երբ պետք է խուսափել անսպասելի հարձակումից և այլն (նկար 29):

Նկար 28, 29

Գլորվելով դեպի ետ՝ ինքնապահովումը կատարելիս նույնպես պետք է գլորվել շեղակի: Սկսել ծնկները ծալելով, ձեռքի ափերով թուլացնել մարմնի բախումը հատակին, հպել աջ կամ ձախ ուսը, գլուխը թեքել առաջ ու կողք (հպվող ուսին հակառակ), ոտքերը ծալած վիճակում թափով ետ մղել և կանգնելու ժամանակ ձեռքերով հրվել հատակից: Պետք չէ թույլ տալ, որ ողնաշարը և ծոծրակը հատակին բախվեն:

Գցող հնարքի ժամանակ ինքնապահովումը ամենաբարդն է: Եթե նետող հնարքին խոչընդոտելու բոլոր փորձերը ապարդյուն անցան, և անկումը անխուսափելի է, անիմաստ է հակառակորդից կառչելը, քանի որ ձեզ հետ ձգում եք հակառակորդին, որն էլ ամբողջ մարմնի ծանրությանը գումարելով անկման արագությունը՝ ճզմում է ձեզ: Խորհուրդ է տրվում հնարավորինս մեղմացնել անկման թափը: Ավելի լավ է գլորվելով ընկնել, քան ճզմվել մի տեղում: Չգլորվելու դեպքում հարվածը ավելի կենտրոնացած է: Պետք է ձգտել չընկնել գլխի վրա և ընդհանրապես գլուխը չխփել: Շատ վտանգավոր է ողնաշարով ուղղահայաց ընկնելը: Եթե անկման ժամանակ ծնոտները սեղմված չլինեն, մեծ է հոդախախտման կամ կոտրվածքի վտանգը, իսկ եթե լեզուն մնա ծնոտների արանքում՝ ծանր հետևանք կունենա:

ՀԱՐՎԱԾՆԵՐ, ԳՑՈՒՄՆԵՐ, ՀՆԱՐՔՆԵՐ

Զինվորականի համար ամենաարդյունավետը Խորհրդային Միության ուժային կառույցներում ընդունված մերձամարտի՝ մարտական սամբոյի հարվածային տեխնիկան է: Մանավանդ հետախույզի համար անիմաստ են տաէկ-վոն-դոյի և բալետի խառնուրդ հնարքները: Իհարկե, մարտական սամբոն օգտագործում է և՛ տաէկ-վոն-դոյի, և՛ ու-շուի, և՛ կարատեի, և՛ բոքսի հնարքները, բայց վերցված են ամենաարդյունավետները:

Հարվածը կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել երեք կարևոր սկզբունք. ճիշտ պահին, ճիշտ կետին, ճիշտ մասով:

Ամենաուժեղ հարվածային մասերն են՝ ծնկները և արմունկները: Արմունկներով կարելի է կատարել ծակող, փշրող, հրող հարվածներ վերից վար, դեպի վեր, դեպի կողք, դեպի ետ, կորագծով առաջ, կորագծով ետ: Ծնկով կարելի է խփել ուղիղ առաջ, կորաձև կողքից առաջ, ընկած հակառակորդին՝ վերից վար: Արմունկը կարող է մահացու հարված հասցնել կոկորդին, ծոծրակին, ողնաշարին, գլխին: Ջախջախիչ են ծնկով գլխին, ողնաշարին, արևահյուսակին, կողերին, աճուկներին հասցված հարվածները:

Բռունցքով հարվածները կարող են լինել ուղիղ, վարից վեր, վերից վար, կողային կորագծով, դեպի ետ: Հարվածող մակերեսներն են՝ ցուցամատի և միջնամատի կոճերը դիմացից և արտաքին (երեսի) կողմից, ճկույթ մատի հիմքում, դաստակի եզրի մկանները: Բռունցքով հարվածի ժամանակ անհրաժեշտ է, որ հակառակորդին բախվելու պահին մատները լինեն ամուր կծկված:

Օգտագործվում են նաև ձեռքի ափի բաց դիրքով հարվածներ. ափի եզրի մկաններով, ափի ներսով, մատների ճանկաձև դիրքով, մատների երկրորդ հոդերով, մատների կետային հարվածներ:

Ոտքերով հարվածները կատարվում են ոտնաթաթի երեսով, ծայրով, ներբանով, կրնկով, կողքի մկանով, ներսով: Հետագիծը ուղիղ առաջ, ուղիղ ետ, ուղիղ կողք, վերից վար, վարից վեր և այս ձևերի կորագծով տեսակները: Կատարվում են նաև շրջադարձով:

Հարվածների ժամանակ կարևոր է, որ բախման պահին ամբողջ մարմնի մկանները և իներցիան կենտրոնացած լինեն դեպի հարվածի թիրախը, բոլոր մկանները, մանավանդ հարվածող վերջույթը, լինեն պրկված: Դա նպաստում է հարվածի հզորությանը և պաշտպանում է հարվածող վերջույթը վնասվածքից: Այդ լարումը պետք է տևի մի կարճ պահ, իսկ մինչ այդ և դրանից հետո՝ մկանները պետք է լինեն թուլացած վիճակում: Դա օգնում է խնայել ուժերը և հարվածել ավելի կտրուկ, լինել արագաշարժ:

Մեծ նշանակություն ունի ճիշտ շնչառությունը: Հարվածի պահին անհրաժեշտ է արտաշնչել կտրուկ և հզոր, իսկ մնացած ժամանակ՝ շնչել ռիթմիկ և հնարավորինս հանգիստ:

Գցող (նետող) հնարքները և դրանց հաջորդող գետնի վրա պայքարը առավել բնորոշ են բանակային ձեռնամարտին: Մարտական սամբոն մեծապես հենվում է ձյու-դոյի, ջիու-ջիցուի, այկիդոյի, հայկական կոխի գցումային տեխնիկայի վրա:

Շարունակելի

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ազգային բանակ, Ռազմական


19/02/2015