Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԽԵԼՈՒ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ



«…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հով. 8։34)։

Շատերը չգիտեն կամ էլ չեն հիշում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, խոսքերը. «…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հով.8։34)։ Քանի դեռ մարդը մեղք չի գործել, ազատ է, եւ մեղքն իշխանություն չունի նրա վրա, իսկ այն գործելուց հետո դառնում է նրա գերին։ Ոմանք ասում են. «Մեկ անգամ մեղք գործեմ եւ այլեւս չեմ գործի, դա մեծ աղետ չէ»։ Սակայն մեկ անգամ մեղանչելով՝ նա արդեն ընկնում է Գայթակղիչի ցանցը։ Եվ մեղքը սկսում է ուժգնորեն ներքաշել իրեն, այնուհետեւ մարդն արդեն չի զգում, թե ինչպես է հայտնվել մեղքի դաժան գերության մեջ։ Կան մեծագույն մեղքեր, որոնք մարդիկ հազվադեպ են գործում, իսկ գործելով՝ հաճախ են հիշում դրանք եւ ապաշխարում։ Բայց առկա են եւ մանր մեղքեր, մարդիկ գործում են դրանք ամեն ժամ, սակայն շատ հազվադեպ են հիշում դրանց մասին եւ ավելի հազվադեպ էլ ապաշխարում։ Մեղքերի բաժանումը մեծի եւ փոքրի պայմանական է, քանզի յուրաքանչյուր մեղք տհաճ է Աստծուն եւ վնասակար մարդու համար։
Այնպիսի մեղքը, ինչպիսին է ծխախոտ ծխելը, այն աստիճան է մտել սովորության մեջ, որ մարդիկ մեղք չեն համարում եւ նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա տարածման համար. ամենուր կարելի է գտնել մոխրաման, ամեն տեղ գոյություն ունեն հատուկ սենյակներ, վագոններ կամ ճամփորդախցիկներ ծխողների համար։ Ծխում են. սա նշանակում է, որ մեր հասարակության մի ստվար զանգված, առանց սեռի եւ տարիքի խտրականության, մեղսագործում է։ Անգամ թիապարտ հանցագործին թույլ են տալիս կյանքի վերջին րոպեներին՝ մահապատժից առաջ, մի գլանակ ծխել։ Մի՞թե մարդու բնության մեջ ներդրված է ծխելու անհրաժեշտությունը։ Միանշանակ ո՛չ։ Մի՞թե մեղքը կարող է լինել մարդկային բնության հատկություն։ Ո՛չ։
Զարմանալի է, ինչո՞ւ թմրադեղերի օգտագործումը արգելված է օրենքով, իսկ ծխախոտը՝ ոչ։ Ծխախոտը նման է իբրեւ թույլատրված փոքրիկ ստի, աննշմարելի անիրավության, որը մարդուն սպանում է արգանդի մեջ։ Աստված չի հաշտվում ո՛չ փոքր ստի, ո՛չ մեկ սպանող խոսքի, ո՛չ էլ մեկ գայթակղող հայացքի հետ։ Բազմաթիվ մանր, մոռացված ու չխոստովանած մեղսագործումներ, անկասկած, ավելի ծանր են հոգու համար, քան մի քանի ծանր, մշտապես հիշողության մեջ հառնող եւ ապաշխարության մղող մեղքեր։ Եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Սուրբ չէ նա, ով կատարում է մեծ գործեր, այլ նա՝ ով խուսափում է ամենափոքր հանցանքներից, որովհետեւ մեծագույն մեղքի դեմ հեշտ է պայքար սկսել եւ դյուրին է ատել նրա մերձեցումը»։
Բազում փոքր եւ մեղքի մղող անարժան սովորություններ մահացու են հոգու համար, հատկապես եթե մարդ կարծում է, թե դրանք անխուսափելի են ոչ միայն իր համար, որոնց դեմ չարժե եւ չի կարելի պայքարել։ Այդ ժամանակ էլ մարդը փորձում է արդարանալ. «Ես սուրբ չեմ»։
Չկա այնպիսի հասկացողություն, առավել եւս՝ հատկություն, ինչպիսին «բնության պահանջն է»՝ ծխել։ Սա մեղքի պահանջն է։ Բնության պահանջն է շնչել մաքուր օդ, սնվել, տաքանալ, քնել, բայց ոչ երբեք թունավորել ինքդ քեզ, քո շրջապատը ծխով։
Հարկ է հիշել, որ մահից հետո մարմնական կյանքում գործած մեղքերը հոգու՝ մարմնից զատվելուց հետո էլ չեն լքում մարդու հոգին՝ տեղափոխելով դրանք անդենական աշխարհ, ուր մարմնի բացակայության դեպքում հոգին դատապարտված է տանջվելու եւ այրվելու մեղքի ու հեշտանքի անդադար ծարավից։ Սննդի հանդեպ անհագ պահանջ ունենալը մահից հետո տառապանք է պատճառելու նրան, ով նախկինում էլ մտածել է միայն որովայնի մասին։ Հարբեցողն անհավատալիորեն պատառոտվելու է՝ չունենալով մարմին, որը կարելի կլիներ հանգստացնել միայն ալկոհոլ խմելով։ Անառակը նույն զգացումն է ունենալու։ Փողասերն ու ծխախոտամոլը՝ նույնպես։
Պետք չէ հեշտանքին ու կրքերին արդարացում փնտրել, պետք է ապաշխարել Աստծո եւ սեփական անձի առջեւ, որ Բարձրյալն իր շնորհներով օժտեց՝ ազատելով բոլոր տկարություններից։ Հոգեւոր իմաստով ծխելը ոչ միայն մարմնի, այլ նաեւ հոգու սանձարձակությունն է, քանի որ այն, ինչպես պնդում են շատերը, իբրեւ թե «հանգստություն» է բերում նյարդերին՝ չգիտակցելով, որ նյարդերը հոգու նյութական հայելին են։ Ուրեմն եւ այդ թվացյալ հանգստավետությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն, մտապատրանք։ «Հենց որ բարձրանաս ավելի վեր, քան քո կրքերն են, կմտնես Քրիստոսի խաղաղության ոլորտի մեջ»,- ասում է Գրիգոր Աստվածաբանը՝ քրիստոնեական Եկեղեցու մեծագույն սրբերից։
Ուղղափառ Եկեղեցին կոչ է անում բոլոր մարդկանց եւ խնդրում նրանց պայքարել իրենց մեծ ու փոքր կրքերի, արատների, մասնավորապես՝ ծխելու եւ թմրամոլության դեմ, որոնք թունավորում են մեր կյանքը եւ պատրաստում դժոխային չարչարանքներ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԱՍԱՏՐՅԱՆ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական
վարժարանի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Հոգևոր-մշակութային


05/05/2011