Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»



Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 38-ամյա Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի 02 World մարզապալատում 17 000 հանդիսականի առաջ կայացած ռևանշ մենամարտում երկրորդ անգամ համոզիչ հաղթանակ տարավ նույն գոտու նախկին հավակնորդ, անգլիացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթի նկատմամբ: Երեք մրցավարներն էլ (116:112, 117:111, 117:111 հաշվով) հաղթանակը միաձայն շնորհեցին Արթուրին: Թեպետ խոստացված նոկաուտը չեղավ, բայց Արթուրը, բռնցքամարտի լեզվով ասած, լավ «ծեծեց» բրիտանացի բռնցքամարտիկին:

-Ինձ համար այս հաղթանակը շատ կարևոր էր, և ես այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես պետք է հաղթեի և հաղթեցի: Իմ հաղթանակը իմ ազգինն է,- մենամարտի ավարտից հետո ասել է Արթուրը:

Ուլի Վեգները՝ Արթուր Աբրահամի մարզիչը, մրցամարտից հետո ասել է. «Արթուրը տակտիկապես հիանալի գործեց: Նա ողջ մենամարտի ընթացքում լավ աշխատեց, սակայն ես խոնարհվում եմ բրիտանացու առջև, քանի որ նա կարողացավ դիմանալ և ոտքի վրա մնալ մինչև վերջ»:

Ահա և Ջոն Գալահերի` Փոլ Սմիթի մարզչի կարծիքը. «Արթուր Աբրահամը ցուցադրեց չեմպիոնական բնավորություն և հիանալի իրագործեց իր տակտիկան ռինգում: Մինչև երրորդ ռաունդը հավասար պայքար էր, իսկ հետո Աբրահամը փոխեց մենամարտի ընթացքը»:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Մարզաշխարհ


26/02/2015