Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԻՄԸ…



Ամերիկահայ կինոդերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից է, նրա անունը համացանցում ամենաշատ որոնվողների առաջին տասնյակում է: Նրան սիրում են եւ ատում, քննարկում եւ քննադատում ու մի կուշտ էլ նրա մասին բամբասում: Բաց տեսարաններով նրա լուսանկարները պարբերաբար պայթեցնում են համացանցը, իսկ նրա եւ քույրերի մասնակցությամբ ռեալիթի շոուները մշտապես սկանդալ եւ իրարանցում են առաջացնում:

Ասում են՝ անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է արգելել կնոջն ու երեխաներին նայել Քարդաշյանների շոուները, որին, իբր, Քարդաշյանը պատասխանել է «միլիոնավորների մեջ մի քանի դիտող կորցնելով՝ մեծ կորուստ չեմ ունենա…»:

Այսօր խոսքը, սակայն, ոչ նրա սկանդալային շոուներին է վերաբերելու, ոչ էլ նրա շքեղ մարմնի բարեմասնությունները ցուցադրող լուսանկարներին, այլ պարզապես Քիմի հայկական արմատներին եւ նրա… հայանպաստ գործունեությանը:

Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին, Լոս Անջելեսում, ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում (Ռոբերտ Քարդաշյանը հայտնի փաստաբան էր, մահացել է 2003թ. թոքերի քաղցկեղից):

-Հայրս մեզ շատ բան է պատմել հայերի եւ հայկական մշակույթի մասին, նա միշտ ասում էր, որ մեր ազգանվան վերջից երբեք չհանենք «յան»-ը, ինչն անում են Ամերիկա տեղափոխված շատ հայեր: Ամեն տարի ես եւ մեր ընտանիքը հարգում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թեեւ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիայի կառավարությունը նախկինի նման հերքում է այդ իրողությունը: Հայոց ցեղասպանությունը ավելի վաղ է իրագործվել, քան Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները, ե՛ւ Հոլոքոստը, ե՛ւ այս ոճիրները թերեւս չլինեին, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, -գրել է Քիմը իր բլոգում (իսկ բլոգի այցելուների թիվը միլիոնների է հասնում): Նմանատիպ, նմանաբնույթ գրառումներ հաճախակի կարելի է տեսնել համաշխարհային աստղի բլոգում:

Քարդաշյանը բազմիցս միացել է նաեւ հանրահայտ ռոք խմբի` «System of a down» -ի մենակատար Սերժ Թանկյանի եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչերին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից կատարել ԱՄՆ հայ համայնքին տված խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Քարդաշյաններն իրենք եւս ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են: Բրիտանական Daily Mail-ը տպագրել է Քարդաշյան ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Նրանց մի ճյուղը փրկվել է Էրզրումի ջարդերից: Պարբերականն իր էջերում պատմել է աստղային այս ընտանիքի նախնիների ճակատագրի մասին…

♦♦♦

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ նախատեսել է ապրիլին այցելել Հայաստան՝ իրենց նախնյաց երկիրը:

♦♦♦

2011թ., երբ Քիմի լուսանկարը հայտնվել էր թուրքական «Cosmopolitan» ամսագրի շապիկին, նա վրդովվել էր, քանի որ այն ոչ պատահականորեն էր տպագրվել ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

♦♦♦

Քիմը կեսկատակ-կեսլուրջ որոշել է իրեն փորձել քաղաքականության ասպարեզում եւ ցանկանում է դառնալ Գլենդելի քաղաքապետ: Գուցե եւ ընտրվի՞, ինչ կա որ, շատ մի՛ զարմացեք, չէ որ այս աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է: Համենայնդեպս, Քիմը կլինի երկրագնդի ամենացանկահարույց քաղաքապետը…

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


26/02/2015