Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱՆՋԸ ԹԱՐԹԱՌԻ ՋՐԵՐԻՆ…



Տեր Վիրապ քահանան հուզվել էր։ Աղոթքի բառերը լռությամբ բարձրանում էին Դադիվանքի գմբեթն ի վեր, որտեղից լույսի ճառագայթներ էին գալիս-խաչվում սուրբ խորանին։ Դադիվանքում հարսանյաց արարողություն էր։ Քահանայի դեմքը ողողվել էր լույսերով։ Ուրախության արցունքներ էին գլորվում մորուքն ի վար։
-Փառքդ շատ, Տեր, որ ինձ այսպիսի բախտավորություն պարգեւեցիր։ Քանի՞ տարի, քանի՞ դար առաջ էր հնչել սուրբ պատարագը այս կամարների տակ։ Դաժան ժամանակների հողմը քանի՜-քանի խաչքար, սրբավայր-աղոթատեղի հարթեց, ծածկեց հողմով ու հողով։ Շնորհակալ ենք, Տեր, որ նորից բացեցիր մեր սուրբ վանքերի փակ դռները։ Տեր, Դադիվանքում հարսանյաց կարգ է՝ առաջին հարսանիքը տարիների, դարերի մոռացությունից հետո։ Նոր լույս ու ոգի են ճառագում Աթանաս հոգեւորականի կերտած ասեղնագործ խաչքարերը։ Սրբավայրն ազատագրած հայ զինվորի հրազենի փողն ու վանքի գմբեթը ուղղված են երկինք։ Եվ այդ համատեղ զորությամբ էր, որ բացվեցին քո սրբավայրերը։ Տեր, խաղաղություն, սեր ու միաբանություն տուր Արմանի եւ Գայանեի այս նորաստեղծ ընտանիքին։
Դա 2003-ի հունվարի 25-ն էր։ Մեկ տարի անց Դադիվանքում տեղի ունեցավ Արմանի եղբոր՝ Գոռի եւ Քրիստինեի պսակադրությունը։ Պսակադրությունը կատարող քահանան էլի տեր Վիրապն էր, քավորը՝ նույն ինքը՝ Ռազմիկ Պետրոսյանը։ Տեր Վիրապը Ապարանի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր հովիվն է։ Երբ Ապարանի ջոկատի տղաները ռազմի դաշտ էին մեկնում, նա իր պահպանիչ աղոթքով էր նրանց ճանապարհում ռազմի դաշտ։ Հետո տղաները տեր Վիրապին խոստացան, որ երբ հաղթական խաղաղություն լինի՝ կամոքն Աստծո, պիտի վերանորոգեն Սուրբ Աստվածածինը։ Եվ իրենց խոստումի տերը եղան։ Եվ խաղաղության հետ ջոկատի տղաները անցան տարբեր աշխատանքների։ Շատերը համալրեցին նորաստեղծ հայոց բանակի շարքերը, սակայն տղաների եւ քահանայի կապը գնալով վերածվեց հոգեւոր, ամուր մի կապի։
…Վահագն Մովսիսյանը կնոջ՝ Սուսաննայի հետ աշխատում էր Ապարանի «Նիգ» գործարանում, երբ սկսվեց դարավերջի մեր ազատագրական պայքարը։ Նրանք իրենց աշխատասիրությամբ, կարգապահությամբ ու մասնագիտական բանիմացությամբ արդեն իսկ գործարանի ղեկավարության կողմից արժանացել էին դրամական պարգեւների, մեդալների։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ տարիներ անց նրանց կրծքին պիտի շողան էլի մեդալ-շքանշաններ եւ այն էլ՝ հայրենիքին, հայոց բանակին մատուցած ծառայությունների համար։ Իրոք, դժվար էր կանխատեսել…
-Սկիզբը 88 թիվն էր,- վերհիշում է Վահագն Մովսիսյանը,- ներքին կարգով հավաքվում էինք, հետո սկսեցինք Ապարանից ոտքով հասնել Երեւան, մասնակցել Ազատության հրապարակի հանրահավաքներին։ Սկզբում շատ էինք, հետո կամաց-կամաց մաղվեցինք։ Մի օր էլ ասացին, որ Հայաստանի սահմաններում, Արցախում թշնամին գլուխ է բարձրացրել, ու հարկավոր է պաշտպան կանգնել խաղաղ բնակչությանը։ Ջոկատի տասնյոթ տղաներով Նահապետ Տոնոյանի (Ֆեդյա) եւ Ռազմիկ Պետրոսյանի հրամանատարությամբ դուրս եկանք սահմաններ։ Հետո մեզ միացան Մանթաշի, Ծաղկահովիտի տղաները։
Եվ ձգվում է Վահագն Մովսիսյանի պատերազմական, մարտական ճանապարհը ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախ աշխարհի տարբեր սահմանամերձ բնակավայրեր՝ Վարդենիս, Շամշադին, Սիսիան, Կիրանց, Ոսկեպար, Երասխ, Շահումյան, Լաչին, Կուբաթլու, Մարտակերտ, Քարվաճառ…
Բանակի կազմավորումից հետո խորհրդային բանակի պահեստազորի կապիտան Վահագն Մովսիսյանը նշանակվեց տարբեր պաշտոններում։ Եղավ հատուկ գնդի նոր կազմավորված գումարտակի շտաբի պետը, այնուհետեւ 1994-ի նոյեմբերից նշանակվեց պայմանագրային զորամասի շտաբի պետ։ Կինը՝ Սուսաննան, պատերազմ էր ճանապարհել ինչպես ամուսնուն, այնպես էլ եղբայրներին՝ Արամին, Ռազմիկին, Արսենին, Լյուդա մոր եւ հարսի՝ Եվգենյայի հետ դարձել էր կապավոր եւ գիշեր ու զօր պահպանում էր կապը ջոկատի տղաների հետ։ Քարվաճառի ազատագրումից հետո Սուսաննան որդիների՝ Արմանի եւ Գոռի հետ եկավ հասավ ամուսնուն, եղբայրներին, եւ մի օջախ էլ ավելացավ հայոց մեր պատմական բնակավայրում։ Սուսաննան նույնպես ծառայության անցավ պայմանագրային զորամասում։ Հետո արդեն որդիները՝ Արմանն ու Գոռը։ Արմանն այսօր կապիտան է, իսկ Գոռը՝ լեյտենանտ, դասակի հրամանատար։
Պահեստազորի փոխգնդապետ Վահագն Մովսիսյանն ու կինը՝ ենթասպա Սուսաննան, չնայած անցել են վաստակած հանգստի, սակայն հոգով զորամասի տղաների հետ են, մտքով դեպի սահմանները։ Թոռներին՝ Վահագնին, Դավիթին, Սուսաննային ու Մովսեսին, այնքա՜ն պատմելու բաներ ունեն, եւ սակայն Վահագն պապը մեկ էլ տեսար կիսատ է թողնում իր պատմությունն ու հայացքը Մռավի լեռնագագաթներին՝ ինքն իրեն «բողոքում».
-Ինչ-ինչ, բայց թոշակառու ազատամարտիկ չի լինում։ Ամեն հերթափոխի մտքով-հոգով տղաների հետ բարձրանում-իջնում եմ դիրքերից։ Միշտ ականջս ձայնի է, եթե հարկ լինի, ես միշտ կազմ ու պատրաստ եմ… Այսպես է ասում ու թոռների հետ իջնում է մեղվափեթակների մոտ, բացատրում մեղուների հետաքրքիր աշխատանքը։ Խոսում է խաղաղված հոգով, խոսում է աշխարհի ամենաարդար գործի, ամենաարդար վաստակի մասին եւ ասում է, որ ամենափոքրիկ միջատն էլ՝ մեղուն, որ մեղր է արտադրում, քաղցրություն բաժանում աշխարհին՝ չի հանդուրժում, հարձակվում է, երբ իր բարիքը թալանում են, գողանում, էլ ո՞ւր մնաց մարդ արարածը…
Թոռները ուշիուշով լսում են տատիկ-պապիկին։ Չնայած իրենց փոքր տարիքին, թվում է՝ ամեն ինչ հասկանում են։ Եվ առաջին դասարանցի Վահագնիկը դիմելով Վահագն պապին՝ ասում է.
-Պապ, ե՞րբ ենք գնալու Դադիվանք, կիրակի օրը գնանք, հա՞։ Սուսան տատին, Սուսանիկին էլ, Մովսեսին ու Դավիթին էլ տանենք։ Հիշում ես, երբ տեր Վիրապը ինձ մկրտեց՝ ես լաց չեղա։ Մեր դասարանի իմ ընկերներն էլ են ուզում Դադիվանքում մկրտվել, ասենք, որ տեր Վիրապը գա նրանց էլ մկրտի…
Եվ ականջը Թարթառի ջրերին, հայացքը՝ Մռավի լեռնագագաթներին, այստեղ՝ Քարվաճառում, ապրում է Մովսիսյան գերդաստանը՝ տատի ու պապի անուններով իրենց թոռնիկներով։ Ապրում են խաղաղ ու անխռով, ապրում են անանձնական հպարտությամբ, որը փոխանցվում է մեզ՝ թիկունքում ապրողներիս։

Էջը` ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
մայոր
Լուս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Ճակատագրեր


05/05/2011