Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ. ԿԱՊԻՏԱՆ ԱՐՄԱՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ



Վաշտի հրամանատար, կապիտան Արման Իսկանդարյանը վեց տարի է, ինչ ծառայում է: Թեեւ ծառայության փորձն այդքան էլ մեծ չէ, բայց ծառայակիցները նրան մատնացույց են անում որպես լավագույնի, որպես զինվորականի, որ միշտ գերազանցում է ոչ միայն հակառակորդին, այլեւ ինքն իրեն: Գնդապետ Էդիկ Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի երիտասարդ սպան հասցրել է ճանաչվել մարտական հերթապահություն իրականացնող վաշտի լավագույն հրամանատար, նախագահի հրամանագրով արժանանալ «Մարտական ծառայության», ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարարի հրամանով «Դրաստամատ Կանայան» մեդալների: Երբ հանդիպեցի Արմանին, ընդամենը մեկ հարց ունեի` «Ինչո՞ւ են բոլորը քեզ համարում լավագույնը»: Նա անակնկալի չեկավ, համեստորեն ժպտաց, մի քանի րոպե լռեց, ժողովեց մտքերն ու անկեղծացավ.

-Ես երբեք չեմ թերագնահատում իմ տեղն ու դերը բանակում, երբեք չեմ մտածում, որ անում եմ այն, ինչ բոլորը, ուրեմն կարող եմ եւ գլուխ պահել, մանրուք համարել եւ աչքաթող անել այս կամ այն հանգամանքը: Չեմ մտածում, որ իմ ծառայությամբ քիչ բան է պայմանավորված: Հակառակը: Ես այն կարծիքին եմ, որ բանակը ես եմ ու իմ վաշտը: Այդ մտայնությունը ստիպում է ինձ կատարելագործել զինվորականի իմ ձիրքը, ներքին մղումը, ճիգը, ջանքը: Իմ առաջին քննադատը ես ինքս եմ եւ գիտեմ` որ օրը լավ ծառայեցի, որ օրը թերացա: Ինչքան էլ կողքից խրախուսեն, գովեն, ես ինքս պետք է գոհ լինեմ ինձնից. չէ՞ որ ինձնից ավելի լավ ոչ ոք չգիտի իմ ուժերի, հնարավորությունների սահմանը:

Իհարկե, երբ 2008 թ. ավարտեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ստացա լեյտենանտի ուսադիրներս եւ ծառայության նշանակվեցի առաջնագծի զորամասերից մեկում, բոլորովին այլ պատկերացումներ ունեի ծառայության մասին: Մտածում էի` ինչ մի դժվար բան է սպա լինելը, ընդամենը պետք է վերահսկել զինվորներին, նկատողություն անել, պարտականությունները հիշեցնել, հանձնարարություններ տալ: Բայց ամեն ինչ փոխվեց շատ արագ, փոխվեց հենց առաջին անգամ, երբ, որպես դասակի հրամանատար, դիրք բարձրացա: Ինքս ինձ ասացի` «Արման, քո «մարտավարությունն» աշխատող չէ»: Պարզվեց` լավագույն սպայի իմ չափանիշները գրքային էին: Այնինչ դիրքը, հակառակորդի` քեզ հետեւող աչքերը, վախը հաղթահարած, դժվարությունները արհամարհող զինվորը պարտադրում են դրսեւորել այլ կեցվածք, հուշում են մարդկային պարզ ու հասկանալի հարաբերություններ` կառուցված վստահության և այդ վստահությունն արդարացնելու պատրաստակամության վրա: Իսկ զինվորի վստահությունն օդից չի ընկնում, դրա համար պետք են արարքներ: Ի վերջո, զինվորը սպային գնահատում է` հիմնվելով նրա արածի ու չարածի վրա:

Չորս տարի ծառայել եմ որպես դասակի հրամանատար, երկու տարի էլ վաշտի հրամանատար եմ, բայց դեռ չի եղել մի օր, երբ զինվորի կողքով անցնեմ ու չնկատելու տամ նրա վատ տրամադրությունը: Ես չեմ կարող անտարբեր լինել: Օրինակ` վերջերս նկատեցի` զինվորը նեղված է, անընդհատ հեռախոս է խնդրում, որ զանգի: «Ի՞նչ է պատահել. ամբողջ օրը ունքերդ կիտած ես»,- հարցրի: Պատմեց, որ ընկերուհի ունի, արտասահմանից է, նույն կուրսում են սովորել, աղջկա ուսանողական վիզայի ժամկետը լրանում է, եւ նա ստիպված է վերադառնալ հայրենի քաղաք:

-Պարոն կապիտան, պիտի մի բան անենք, որ չգնա,- խնդրեց զինվորս:

-Եթե մնա, հետը ամուսնանալո՞ւ ես,- հարցրի:

-Այո՛, սիրում եմ,- վստահեցրեց:

Բոլոր ծանոթ իրավաբաններիս իրար խառնեցի, համալսարան զանգեցի, դեսպանատուն զանգեցի: Պարզվեց՝ հնարավորություն դեռ կա: Զինվորիս արձակուրդ ուղարկեցի, ծանոթներիս էլ խնդրեցի, որ օգնեն: Հարցը բարեհաջող ընթացք ստացավ: Մենակ տեսնեք` հիմա ինչպես է ծառայում:

Բնական է` եղել են, կան զինվորներ, որոնք իմ սրտովը չեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց հետ նույն ջանադրությամբ և սիրով չպետք է աշխատեմ: Նրանք ի՛մ զինվորներն են, նրանք ծառայում են հայրենիքին: Բավական է մեկի հանդեպ ավելորդ ներողամտություն դրսեւորեմ կամ խտրական վերաբերմունք ցուցաբերեմ, վաշտը «կփլվի»: Պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքները… Դու կարող ես զինվորին պատժել, բայց նրան կոտրելու իրավունք չունես. իմ համոզմամբ՝ ծառայության ընթացքում «ընկած» զինվորը գուցե եւ ամբողջ կյանքում այլեւս չկարողանա բարձրանալ:

Փառք Աստծո, այս տարիների ընթացքում միայն «կամուրջներ» եմ կառուցել եւ ոչ թե «պատեր»: Մեկ ամիս է` վերապատրաստման դասերի եմ մայրաքաղաքում: Զորացրված զինվորներս ամեն օր զանգում են, թե` «Հրամանատար, գնանք, մի կտոր հաց ուտենք»: Եթե զորացրվելուց երկու-երեք տարի անց զինվորս պատրաստ է ինձ հետ հաց կիսելու, ուրեմն ես վատ սպա չեմ:

Աշխատում եմ չթերանալ: Եթե զինվորը խախտել է անվտանգության կանոնները, եթե թուլացրել է զգոնությունը, մեղավորը, իհարկե, ես եմ: Արդարացում չկա: Պարզ է, որ մարտական ծառայություն իրականացնող զինվորը ապահովագրված չէ թշնամու գնդակից… Երբ վիրավորվեց իմ լավագույն զինվորը` սերժանտ Գեւորգ Եղիազարյանը, հենց այդ` սեփական մեղքի զգացողությունն ունեի: Հակառակորդի դիպուկահարը կրակել էր պարանոցին, ինչի արդյունքում վնասվել էր ողնաշարը: Երբ տեղեկացրին, չհավատացի կամ չուզեցի հավատալ: Առանց չափազանցելու եմ ասում` երեք կիլոմետրը հաղթահարեցի հինգ րոպեում: Զինվորիս գտա գետնին ընկած: Մոտեցա, ստուգեցի զարկերակը. թույլ տրոփում էր: Մտքում հրամայում էի` «պիտի ապրես, պիտի ապրես, դու պարտավոր ես ապրել»: Ապրե՛ց: Նա հիմա գամված է սայլակին, բայց վստահ եմ` ոտքի է կանգնելու: Նրան վիրահատելու են Գերմանիայի լավագույն վիրաբույժները: Որդուս անվանակոչեցի Գևորգ` զինվորիս, այսինքն` հերոսի պատվին… Երբ գալիս եմ Երեւան, առաջին հերթին նրան եմ այցելում, շատ է ուրախանում… Հիմա էլ հրամայում եմ` չհանձնվե՛լ…

…Ես որպես սպա շատ հասունացա՝ հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանին դրությունը լարված էր: Օգոստոսի 2-ին, երբ անհավասար մարտում ընկավ մարտական ընկերս՝ հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը, երբ բուժկետում տեսա նրա հերոսացած մարմինը, առաջին անգամ անզոր էի զսպելու արցունքներս եւ հիշեցի նախարարի խոսքը` «Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից», ու մտքում ուխտեցի` «Զորիկ, դու ինձ զրկել ես սխալվելու իրավունքից, այսուհետ նաեւ քո հիշատակի առաջ եմ պատասխանատու…»:

Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/02/2015