Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՅԼ ՍԵՌԸ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿՈՒՄ



Վաղուց արդեն ժամանակավրեպ է համարվում «կնոջ տեղը խոհանոցն է» արտահայտությունը: Դեռևս հին հույն փիլիսոփա Պլատոնը կանխատեսել էր, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակ արհեստներն ու նաև կպատերազմեն: Այսօր աշխարհի շատ երկրների բանակներում արդեն կարելի է տեսնել կին զինծառայողների: «Բանակը կնոջ տեղը չէ» կարծրատիպը Հայաստանում այլևս փշրված է:

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: Հետազոտությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ իրականացրել են մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Հայ ժողովրդավարական ֆորումը (ՀԺՖ) պետական մարմինների, հասարակական կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նա շեշտեց, որ զինծառայող կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց առաջխաղացման և հավասար հնարավորությունների ապահովման հարցերը բավականին երկար ժամանակ է, ինչ ընդգրկված են ՀՀ ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում, և որ այս ոլորտում պաշտպանության նախարարությունը, պատկերավոր ասած, «ձեռքերը ծալած» չի նստում և գործնական քայլեր է իրականացնում, որի ամենախոսուն օրինակը ռազմական ուսումնական հաստատություններում տարեցտարի ավելացող իգական սեռի կուրսանտների քանակն է:

Դավիթ Տոնոյանը նշեց նաև, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականցվող աշխատանքը և պատրաստ է շարունակել ու խորացնել կառուցողական այս համագործակցությունը: Մեկ անգամ ևս կարևորելով կանանց ներգրավվածությունը զինված ուժերում ըստ իրենց արժանիքների և կարողությունների՝ փոխնախարարը հավելեց, որ «Հայաստանի նման երկրի համար լրացուցիչ մարդկային ռեսուրսը երբեք էլ չի կարող ավելորդ համարվել, առավել ևս պաշտպանական ոլորտում, իսկ այս տեխնոլոգիական դարաշրջանում պաշտպանության ոլորտում կանանց մասնագիտական ռեսուրսի անտեսումը, սոսկ կարծրատիպերից ելնելով, կարող է էական վնաս հասցնել համակարգի թե՛ իմիջին, թե՛ պրոֆեսիոնալ կարողություններին»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ իր խոսքում նշեց, որ մի քանի տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ պաշտպանական գերատեսչության շենքում կհավաքվեն և կքննարկեն նմանաբնույթ հարցեր: Նա մեծապես կարևորեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը կանանց ներգրավման և գենդերային հավասարության ոլորտում:

Այնուհետ կատարված հետազոտությունների արդյունքները մանրամասն ներկայացրին ՄԶՄԿ փորձագետ Վահան Ասատրյանը և ՀԺՖ փորձագետ, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը: Հետազոտությունը ներկայացնում էր երկրում կանանց զինվորական ծառայության և գենդերային դերերի վերաբերյալ թիրախային խմբերի ընկալումների առանձնահատկությունների գնահատման վրա հիմնված քաղաքականության վերլուծություն և առաջարկներ: Հարցումներն անցկացրել էին ապագա զինծառայողների` ավագ դպրոցների երեխաների, նրանց ծնողների, պաշտպանության ոլորտի անձնակազմի իգական և արական սեռի ներկայացուցիչների շրջանում: Ամփոփիչ քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ դիտարկումներ, առաջարկներ, տեսակետներ: ՀՀ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանն իր խոսքում նշեց. «Այսօր միակ իրական սիմվոլը, որ ունենք, որի առաջ խոնարհվում ենք, մեր բանակն է: Այս կառույցից էլ պետք է միայն լուրջ և դրական փոփոխություններ տեսնենք»: Պատգամավորը կողմ արտահայտվեց բանակում կանանց պարտադիր ծառայությանը. «Ես ինքս 4 աղջիկ ունեմ, նրանց միշտ ասում եմ` պատրաստվեք, ձեր հայրիկը այնպիսի օրենք է հանելու, որ գնաք ծառայելու»: Նա բարձր գնահատեց ՊՆ-ում կայացած այս ամփոփիչ քննարկումը, սակայն նշեց, որ այսօրինակ քննարկումները պետք է ամենուր անցկացվեն, տարածվեն մամուլով, դառնան բոլորին հասանելի և նաև ընդունելի:

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Վերջինս իր խոսքում նշեց, որ արծարծված թեմաներն իրեն շատ հոգեհարազատ են, և հավաստեց, որ լուրջ արմատական փոփոխություններն այս ոլորտում արդեն իսկ ակնառու են, ու թեև դանդաղ, բայց հաստատուն է այդ ընթացքը զինված ուժերում:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/02/2015