ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ՁՈՐ, ԳՅՈՒՂ ԽԵՐՔ
Անձրևաբեր ամպերը եկել-կախվել են գյուղի վրա: Մառախուղ է պատել չորս դին: Գարուն էր, ու գարնան հետ անկողին էր ընկել Նունուֆար տատը, որին մեծ ու փոքր գյուղում Նունո տատ են ասում: Ծնվել է դարասկզբին Հայոց ձորի շուրթին թառած Խերք գյուղում: Ապրած երկար տարիներից, որոնք սպիներ թողեցին տատի հոգում, մաշվել են ոսկորները, ականջները մի քիչ ծանրացել: Տարիներն անտեսանելի կորացրել են գեղեցիկ հասակը, գլխաշորի տակ խնամքով թաքցված երկար վարսերը դարձել են ճերմակ- ճերմակ՝ իր մանկության տարիներին Հայոց ձորը ծրարող ձյան նման: Անգամ չնչին թվացող մանրուքները նա հիշում է, պատմում:
Տատը, անկողնում պառկած, շրջապատված թոռներով, ծոռներով, կենսախինդ ու առույգ է իրեն պահում, սակայն աչքերի խորը խորքում նորից բոցավառվել է այն լուսավոր կետը, որը միշտ ժպիտ է բերում. հիշեցնում հեռավոր ու մաքուր մի մանկություն: Եվ այդ ժպիտը կարծես նման է տատի պատմած Կաթնաղբյուրի այն անմահական ջրի ծփանքին, որի ակունքին կռանալուց ու ջուր խմելուց հետո մարդն ամոքում է իր վերքերը…
-Սիրտդ ի՞նչ է ուզում, Նունո՛ տատ, ի՞նչ է ուզում տատի սիրտը…
-Սիրտդ ի՞նչ է ուզում, տա՛տ, – աղջիկները, թոռներն ու ծոռները շրջապատել են նրան:
-Կաթնաղբյուրի ջրից կուզե՞ս, տա՛տ, -ծոռն է՝ Շահենը:
Տատը ժպտում է, նայում պատուհանից դուրս:
-Կապո՛ւտ քուր, դու ե՞ս, իմ Ավետիք եղբայրն ո՞ւր է…Մեր ծովը, մեր ձորը, մեր գյուղը…
Տատին օրորում էր իր հեռավոր ծովի, գյուղի կարոտը, նրանց բույրը, որը տրվել էր նրան մայրական կաթի հետ և հիմա ամեն գիշեր աստղալույսի հետ կաթկթում է քարերին, խոտերին…
-Պատմի՛ր, Նունո՛ տատ, պատմի՛ր, -խնդրում էին երեխաները, թոռները, ծոռները:
…Մայրամուտ էր լինում, ու քամին արթնանալով սկսում էր իր խաղը՝ չորացած խոտ ու ծաղիկ էր հավաքում, հետո սրբում էր խաչքարերի ջերմությունն ու փոշին և քնաբեր դեղի նման շաղ տալիս գյուղի վրա: Երազային հայացքներ էին գամվում պատուհաններին: Աստղերը, մի բան լսելու ակնկալիքով, շունչները պահած այնքան էին ցած իջնում, որ անզգուշությունից քիչ էր մնում ընկնեին անդունդներն ի վար:
Գալիս էր հայրս հանդից հոգնած ու նստում ընկուզենու տակի քարին: Վառվում էր ծխամորճն, ու ծուխը թաքնվում էր նրա բեղերի մեջ: Որքան էլ հայրս հոգնած լիներ, մենք նրա թախծոտ հայացքից զգում էինք, թե նա ինչ սիրով ու համբերությամբ է սպասում իր ցանած արտի ծլարձակելուն: Ամեն երեկո այդպես թիկն էր տալիս ծառին, ծխում ու մթան հետ անխոս մտնում էր տուն: Որքան էինք սիրում մեր խիստ ու բարի հորը, և նա էլ երևի մեր սիրուցն էր, որ ամեն արևագալ գնում էր դաշտ և երեկոյի հետ վերադառնում: Եվ քնում էր գյուղն իմ հոգնած Մկրտիչ հոր խոր քնով, միայն քնի մեջ կիսատ մնացած «Հայր մերն» էր բառ-բառ պոկվում ու խառնվում գյուղի գիշերային երազներին…Մինչ արևածագ գյուղն արդեն ոտքի վրա էր: Սայլերի ու եզների քնատ ճռնչոց-ձայները գյուղից դուրս էին գալիս ու բռնում լեռան փեշ տանող ճանապարհը: Արևը դուրս էր գալիս Հայոց ձորի թիկունքից, կախվում գյուղի վրա, և միշտ ինձ թվում էր, թե ուր որ է՝ կընկնի: Խոտերին ու սալերին ցոլցլում էին կեսճամփին մնացած ջրի կաթիլները: Մեր գետն ամեն գարնան, ձնհալի՞ց, թե՞ ափերին աճած փշատենիների բույրից, հունը հաճախակի էր փոխում ու ոլոր-մոլոր խուտուտ տալիս Հայոց ձորի կողերը: Ձորն էլ ծիծաղում էր մեզ հետ, ծիծաղից արցունքոտվում ու չէր զգում գարնան երկունքի ցավը:
Հանկարծ ու …ուշքի գար ձորը, վախեցած գետը գտնում էր Վանա ծով տանող ամենակարճ ճանապարհը…
…Դի՜նգ-դո՜նգ, դի՜նգ-դո՜նգ, երեկոյի հետ ձայնում էին Հայոց ձորի շուրթին կպած Արատենցի ու Նոր գյուղի, Աստվածաշենի ու Խերքի (Խերքը մեր գյուղն էր) եկեղեցու ձայները: Ձայները լցվում էին ձորը վերից վար, հուշիկ անցնում նեղլիկ կածաններն ու դառնում կարոտի կանչ, հովիվներն ու սարվորները կարոտում էին գյուղի իրենց հարազատներին: Մի պահ կանգնում էին հանդից տուն դարձող մարդիկ, ուշացած ճամփորդներն, ու որտեղ զանգը հասնում էր նրանց, գլխարկները հանում, մի կարճ աղոթք էին մրմնջում՝ դեմքներն արևագալ, ու ձայները կծկելով գալիս հասնում էին գյուղ: Նորից խաղաղվում էր գյուղը, և արթնացած քամին սիրո շշունջով շարժում էր ծառերի տերևները:
Զատկի կամ հոգեհանգստի օրերին հանգստարանում (այն գյուղի վերին մասում էր) անգամ խոտ ու փշից խնկահոտ էր գալիս: Քամին երկյուղածությամբ համբուրում էր տապանաքարերն ու խունկ բուրվառում գյուղի վրա: Հոգնած մարդիկ թախծում էին իրենց թարմ վշտով: Ծնվում էին նորերը, ժամանակն սպիացնում էր վերքը: Կյանքը շարունակվում էր…այսպես ապրում էինք մինչև 1915թ.-ի եղեռնը…
Կարծես ամեն ինչ քարացել էր շրջապատում: Էլ չէինք լսում մեր գետակի, Ձորի հազարավոր ձայները; Ծովն էլ ասես խռովել էր, ու ալիքները տխուր-տխուր փշրվում էին ժայռերին: Հայրս շտապեցնում էր: Ամենուրեք խոսում էին թուրքերի բարբարոսությունների մասին: Մարիամ, Ոսկի և Կապուտ քույրերս, հայրս, մայրս հազարավորների հետ քայլում էինք հոգնած, տանջված՝ ո՞ւր էինք գնում, առանց մեր այգու, գյուղի, տան ՝ ինչպե՞ս պետք է ապրեինք:
Սարը բարձրանալիս մի կույր գնդակ եկավ դիպավ իմ Ավետիք եղբոր սրտին: Հողին հանձնեցինք, լաց եղանք, և մեր մաքուր երազային մանկությունը պղտորվեց: Մի պահ դադար էր լինում, և երանության մեջ հասնում էի մեր գյուղ, և մի պահ թվում էր, թե այդ բոլորը երազ է: Սթափվում էի հորս ձայնից, և նորից քայլում էինք, քայլում՝ ո՞ւր, ինչո՞ւ: Ոսկի քրոջս ոտքերն արյունոտվել էին, էլ քայլելու ուժ չուներ, հայրս շալակել էր նրան ու գնում էր առջևից: Եվ հանկարծ հերթական դադարին նկատեցինք, որ կորել է իմ Կապուտ քույրը: Հայրս ետ դարձավ նրան փնտրելու: Գտել էր սպանված, ընկած Շամիրամա առվի մեջ: Ջուրը ցամաքել էր, ու դեմքին խճճված, երկար սև վարսերը հեռացնելուց հետո էր միայն ճանաչել իր աղջկան: Գեղեցիկ էր քույրս, պարանոցի երկար ուլունքաշարը չէր եղել: Հասցրե՞լ էր արդյոք ծովը նետել՝ ով իմանա. հայոց հողի վրա մեկը մյուսին հիշեցնող պատմություններ, ուր ավանդությունը խառնվում է իրականությանը, իրականությունը դառնում է լեգենդ ու հիշողություն…
Հասանք Բաղդադ: Հայրս Մարիամ քրոջս հետ մեռավ Բաղդադում: Ես, մայրս, Ոսկի քույրս հասանք Էջմիածին: Մայրս էլ Էջմիածնում մնաց: Ոսկի քույրս ամուսնացավ և բնակություն հաստատեց Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում: Ես ամուսնացա Շահենի հետ: Ծնվեցին Արփենիկը, Սաթենիկը, Քնարիկը, որոնք մեծացան անհայր: Շահենը պատերազմ մեկնեց, ու տեղը սև թուղթ եկավ: Անցան օրեր, տարիներ, ու չէինք հավատում, որ Շահենը էլ չի գա: Աղջիկներս ամուսնացան, տուն-տեղ դրին: 38 թոռ ու նույնքան էլ ծոռ ունեմ: Մեծանում ու հասակ են առնում Հովեն ուՀամլետը, Շահենն ու Արծրունը, Արարատն ու Անահիտը, Աստղիկն ու Արայիկը, Սարգիսն ու Արթուրը, Գևորգն ու Գրիշան, Արփինեն, Սաթենիկն ու Քնարիկը, Սարգիսը, Պետրոսն ու Հովոն…
….Դի՜նգ-դո՜նգ-դի՜նգ-դո՜նգ, ամեն օր անտես մի ձեռք քաշում է եկեղեցու զանգերը, և այդ զանգերի ձայնը բռնած՝ Նունուֆար տատը քայլում, գնում էր իր կորած մանկության արահետով: Քայլում է Վասպուրական աշխարհով, այցի գնում հարազատ շիրիմներին: Հայոց ձորը վերջանում է Վանա ծովով: Ձորում Կաթնաղբյուր կա, ուր լվացվեցիր թե չէ, սրբում տանում է բոլոր հիվանդությունները: Ձորի շուրթերին թառել են հայկական գյուղերը՝ Աստվածաշենն ու Նոր գյուղը, Արատենցն ու Խերքը: Խերքը Նունուֆար տատի ծննդավայրն է: Չէ՞ որ տատն էլ է ունեցել իր մանկության տունն ու այգին: Եվ նա փակ աչքերով գտնում է իրենց տունն ու ծնկի գալիս հայրական տան օջախին…
Այսպես ապրում է տատը, հավատում, որ մի լուսավոր օր իր զավակներն էլ կքայլեն, կգնան, կհասնեն գյուղ: Փլված ու անզանգ սբ.Աստվածածին եկեղեցուց անպայման զանգի ղողանջ կլինի, եւ Նունուֆար տատի 40 թոռներն ու 40 ծոռները իրենց խինդ ու կարկաչով կլցնեն Հայոց ձորի Խերք գյուղը…
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ճակատագրեր