Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՀՍԿԱՆ. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ



Շնորհավոր ծնունդդ, Վարպե՛տ

Երեկ…
Երբ բոլորդ լուռ էիք,
Ես մեն-մենակ
Ասացի` «Մենք»:
Այսօր բոլորդ ասում եք` մենք,
Բայց ես, չգիտեմ ինչու,
Նորից մեն-մենակ եմ,
Ինչպես երեկ…

Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է:

Տարածական մոնտաժի հեղինակն ու գյուտարարը համաշխարհային կինոյում ուղղակի հեղաշրջում արեց` ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը, ցույց տալով մոնտաժի գեղագիտական արժեքը:

Նրա «Իմ կինոն» և «Տարածական մոնտաժ» գրքերը կինոյի տեսական գիտելիքների շտեմարաններ են: Սերգեյ Գերասիմովի, Ձիգա Վերտովի, Սերգեյ Էյզենշտեյնի աշակերտը կինոմտածողության ու կինոզգացողության ճշգրիտ հաշվարկներով գերազանցեց իր վարպետներին:

Համաշխարհային փաստագրական կինոյի ոսկե էջերից են Փելեշյանի «Սկիզբը», «Կյանքը», «Մեր դարը», «Տարվա եղանակները», «Մարդկանց երկիրը», «Վերջը» կինոնկարները:

«Homo sapiens» («Բանական մարդ») խաղարկային ֆիլմի սցենարը դեռ խորհրդային իշխանության օրոք է պատրաստ եղել, սակայն երկրի փլուզման պատճառով այդպես էլ կյանքի չի կոչվել: Նա այդ ֆիլմի առիթով ասել է. «Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարահանել, իմ մնացած գործերը պստիկ էսքիզ կթվան «Homo sapiens»-ի համեմատ»:

«Վերջը» խորհրդանշորեն Վարպետի առայժմ վերջին ֆիլմն է. նա ուղիղ քսան տարի նոր ֆիլմ չի նկարահանել:

♦♦♦

♦ Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլեւ բացակա պատկերները: Այդ է պատճառը, որ դուք ամեն անգամ նոր բան եք տեսնում:

♦ Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում` ինձ պատկերի միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը:

♦ Հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլեւ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը:

♦ Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում:

♦ Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց ես համամիտ չեմ այդ կարծիքին: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է ջուրն այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած եւ՛ գրականությունը, եւ՛ կերպարվեստը, եւ՛ երաժշտությունը:

♦ Երաժշտությունը բառ չէ, ես չեմ մոնտաժում պատկերն ու երաժշտությունը, ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ, իսկ դրանք տարբեր են:

♦ Արվեստը բացակա իրականության տարբերակն է, որը նույնքան համոզիչ է, որքան եւ «իսկական» իրականությունը:

♦♦♦

Արտավազդ Փելեշյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1996 թվականին արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


05/03/2015