ԿԱՅԱՑԱՎ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Էդուարդ Խաչիկյանի հերթական` «Երբ արեւը մայր մտավ լուսաբացին» գրքի շնորհանդեսը:
Գրքում արտացոլված է շապինգարահիսարցիների հերոսամարտը: Վեպի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա. հեղինակն օգտվել է մի շարք փաստավավերագրական աղբյուրներից:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս Ռուբեն Սաքապետոյանը, որը նաեւ գրքի արեւմտահայերեն մասի խմբագիրն է: Այնուհետեւ ելույթներ ունեցան Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, հեղինակի գործընկերներն ու մտերիմները:
Միջոցառման ավարտին շնորհակալական ու ամփոփիչ խոսքով հանդես եկավ Էդուարդ Խաչիկյանը: Ազատամարտիկ գրողն ընդգծեց, որ մոտ ապագայում ընթերցողին կներկայանա նոր գրքերով:
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային