ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ
…Երբ խրամատներից այն կողմ շարունակվում է առօրյա կյանքը
Երբեմն խաղաղության ժամանակ չստացված հարսանիքները հաճախ իրականություն են դառնում հենց պատերազմի ժամանակ: Այսպիսին է կյանքը: Արցախյան ազատամարտի մասնակիցներ Լյովա և Կատյա Մանուկյանների ընտանիքը նույնպես «պարտական է» պատերազմին, քանի որ հենց այդ տարիներին է ստեղծվել ու կայացել իրենց օջախը:
Լյովան պատմում է, որ Սումգայիթի ջարդերի մասին բոթը իրեն հասավ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում: Հայրը Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատում էր: Իրենք էլ ամբողջ ընտանիքով նրա հետ միասին մասնակցել են ինքնապաշտպանական մարտերին: Այդ ժամանակ կռվում էին բոլորը:
Օրերն սկսվում և ավարտվում էին գոյապայքարով:
-Եվ այդպիսի սովորական մի օր,- վերհիշում է Լյովան,- ընկերս ինձ հրավիրեց հարսանիքի. ինքը քավորն էր: Գնացինք Աբովյան… Նստեցի հարսնաքրոջ կողքին, սկսեցի խոսեցնել… ծանոթացանք: Հաջորդ օրն իսկ ամուսնության առաջարկ արեցի, սակայն մերժվեցի…
Կատյան ժպտալով խոստովանում է, որ հարսանիքի օրը Լյովան միանգամից գրավել էր իր ուշադրությունը: Հետո քրոջից հետաքրքրվել էր երիտասարդի մասին, իմացել, թե ով է, ինչացու է… Հաջորդ օրը վերադարձել է տուն՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ: Մի քանի անգամ Լյովայից ջերմ նամակներ է ստացել, բայց դարձյալ մերժել է նրան՝ մտածելով, որ դրա ժամանակը չէ:
-Մեկ էլ մի օր քույրս նամակով ինձ հայտնեց, թե քավորի ընկերը գալիս է ինձ ուզելու,- պատմում է Կատյան:- Դեկտեմբեր ամիսն էր, երբ եկան մեր տուն՝ խնամախոսի: Եկան ու ինը օր մնացին մեր տանը՝ ճանապարհները փակ էին: Ամեն օր միասին այցելում էինք մեր բարեկամներին: Ի դեպ, նրան բոլորը հավանել էին: Հարսանիքի օր նշանակեցինք՝ դեկտեմբերի ինը: Համեստ հարսանիք արեցինք, առանց քահանայի օրհնության, առանց հարսի սպիտակ զգեստի… Պատերազմ էր…
Լյովան էլ հիշում է, որ հարսանիքի ուրախությունը ուղեկցվում էր կրակոցներով. դրսում շարունակվում էին մարտերը: Իրենց ջոկատի տղաները հերթով հսկում էին, որ հարսանիքը չխափանվի: Գյուղում և՛ պատերազմ էր, և՛ հարսանիք:
Հարսանքահանդեսից հինգ օր հետո նորաթուխ ամուսինը մեկնում է դիրքեր:
1991 թվականին Լյովան և Կատյան գալիս են Արարատի մարզի Նոյակերտ գյուղ: Հող են ստանում, նկուղային հարկ գցում: Լյովայի ծնողներն ու եղբայրները դեռ Շահումյանում էին: Եվ երբ 1992 թվականին տեղահանվեց Շահումյանի բնակչությունը, նրանք նույնպես Նոյակերտ եկան: Փոքրիկ հողակտորի վրա մի մեծ օջախ կառուցեցին: 1992 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Լիլիթը:
1994 թվականի փետրվարին Լյովան վերադարձավ մարտի դաշտ և մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը:
– Սկեսուրս գնում էր Երևան՝ Լյովայից որևէ լուր իմանալու հույսով,-պատմում է Կատյան:- Տեղեկություններ էին տարածվել, թե ամուսինս գերի է ընկել, սակայն, բարեբախտաբար, հերքվեցին: Նա դեռ կռվի դաշտում էր, երբ ծնվեց որդիս՝ Սիմոնը: Ստեփանակերտում վիրահատվելուց հետո Լյովան վերադարձավ Նոյակերտ…
Պատերազմը հիշողություն է դարձել… Մանուկյանների որդին՝ Սիմոնը, մեկ ամիս առաջ է վերադարձել զինվորական ծառայությունից: Լյովան մեծ հպարտությամբ է խոսում զավակի մասին: Սիմոնը գնացել էր պաշտպանելու այն հողը, որի ազատության համար պայքարել էր նաև իր հայրը: Այն հողը, այն բնակավայրը, որտեղ տարիներ առաջ կրակոցների սուլոցի տակ ամուսնացել էին հայրն ու մայրը, այն երկիրը, որը մի օր կպաշտպանի նաև Մանուկյանների գերդաստանի ամենակրտսեր անդամը՝ թոռը…
Անի ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս