Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ՕՋԱԽ



Սամվել եւ Արայիկ Մինասյանների նախնիները գաղթել են Խոյից և բնակություն հաստատել Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղում: Այնուհետև տեղափոխվել են Չեչնիա, որտեղ էլ Գրոզնի քաղաքում ծնվել են եղբայրները: Սուրեն հայրն ու Նինա մայրը այդպես էլ չհամակերպվեցին օտարությանն ու անսովոր միջավայրին: Նաև տանջում էր կարոտը, որը լայնալիճ աղեղի պես միշտ բաց ու լարված է մնում: Իրենց ծննդավայրի տենչը, Ազատ գյուղում մնացած հարազատների և նախնիների շիրիմները: Ընտանիքով վերադարձան Ազատ: Նոր էին հաստատվել և սկսել շենացնել հայրենի օջախը, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը և ադրբեջանցիների առաջին հարձակման թիրախ դարձան Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Ազատ գյուղերը: Դժվար էր դիմակայելը. 1989 թվականի մայիսին շատերի հետ Մինասյանների ընտանիքն էլ տեղահանվեց, նորից բռնեց գաղթի ճամփան: Այս անգամ եկան-հաստատվեցին Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում: Եվ այս ընտանիքին բաժին հասած ճակատագիրն էր անշուշտ հիմնական այն ուժը, որը բացեց սրի ճանապարհը. քայլեցին երկու եղբայր՝ Սամվելն ու Արայիկը: Նրանք երկուսն էլ այսօր զինվորականներ են, բարձրաստիճան սպաներ, հայրենասեր՝ դիպուկահար գիտակցումով: Իրենց գործի կարևորությունը իմացող հայորդիներ են:

-Որքան հիշում եմ ծնողներիս՝ օջախ ու տուն են կառուցում, շենացնում, հետո, երբ ժամանակն էր հանգիստ վայելելու, նորից գաղթ, և չգիտես, որտեղ է նորից ոտքդ քարին առնելու, որ վերցնես գետնից որպես բարի նշան ու տուն կառուցես:

-Նինա մայրս կապոցներ է կապում՝ մեկ, երկու, երեք, ծուռ ու խեղճ պարանոցներով նրանք շարվում են տան մեջ, հավաքում է իրերը, բայց չգիտի, որը վերցնի, ինչի թողնի, ու արցունքոտվում են մորս աչքերը.- հիշում է Արայիկ Մինասյանը,- Վերջին անգամ, երբ պատրաստվում էինք թողնել Ազատ գյուղը՝ մեր շեն օջախից մի «Ժիգուլի» ապրանք մի կերպ վերցրինք: Ծնողներս հոգնել էին իրենց վաստակի մեջ վերցնել-թողնելու տարբերություն փնտրելուց…

-Չնայած ամեն դժվարություններին, երբ վերջնականապես հաստատվեցինք Հաղթանակ գյուղում, տեսնել էր պետք այն վճռականությունը, այն կենսասիրությունը, երբ ծնողներս սկսեցին մեր նոր տան, նոր օջախի կառուցումը, նաև ոգևորությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատն էր, որ ես ու եղբայրս ընտրեցինք զինվորականի մասնագիտությունը. սա ասես պայման էր մեր ու կյանքի միջև, չկա էլ գաղթ, որովհետև զենքի կոթին թշնամու գոլորշուց խղճահարություն էլ չի ծնվի…

Մեր օջախի պատմությունը շատ է նման մեր ժողովրդի ճանապարհին՝ գաղթ, տեղափոխություն, կռիվ, մաքառում… Սակայն մեր ժողովուրդը ապրեց, այդպես էլ մենք կապրենք, որովհետև ամբողջ մարմինը թույլ է, եթե չլինեն մացառուտները կտրատող ձեռքերը… Եվ ամուր օջախ, երկիր ունենալու համար ուժեղ, կամքով տղաներ, զինվոր ու բանակ է պետք այն պաշտպանելու համար,- պատմում է հրամանատար Սամվել Մինասյանը:

«Գրվե՛ք զինվորական, դարձեք գրագետ մասնագետներ, մեր օրհնությունը ձեզ», – երբ ես ու եղբայրս որոշել էինք դառնալ զինվորական՝ այսպես օրհնեց Նինա մայրս:

Գ.Շ.

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ճակատագրեր


05/03/2015