Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԻ 5-Ը ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է



ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՝ մարտի 5-ին, ավանդույթի համաձայն Երկրապահ կամավորականները ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդավայր, շնորհավորեցին Սպարապետի ծնողներին, հարազատներին ծննդյան 56-ամյակի առթիվ, եղան Սպարապետի տուն-թանգարանում, որից հետո ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Սպարապետին հարգանքի տուրք մատուցեց բարձրաստիճան սպայակազմը ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Մասնակիցները ծաղիկներ, ծաղկեպսակներ դրեցին Անհայտ կորածների հուշահամալիրին: Այնուհետև ներկաները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Սպարապետի շիրմաքարին: Սպարապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներից գլխավորը Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ, մարզահամերգային համալիրի հրապարակում 10.000 «Պատանի երկրապահ» կամավորների երդման հանդիսավոր արարողությունն էր: Սպարապետ Վ.Սարգսյանի 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ ընթերցվեց ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի ուղերձը: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ: Երևանից և բոլոր մարզերից հավաքված պատանի երկրապահները ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորները և պատվով շարունակել Սպարապետի գործը: Պատանիներին իր օրհնության խոսքն ասաց ԶՈԻ հոգևոր փոխառաջնորդ տեր Մովսես աբեղա Սարգսյանը՝ նշելով, որ օրը ինքնաճանաչողության օր է՝ միտված ծանոթանալու մեր ազգի հերոսներից մեկի՝ Վ. Սարգսյանի անցած ուղուն և վերաիմաստավորելու մեր ներկան: Հավաքվածներին ողջունեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Շնորհավորելով պատանի երկրապահներին՝ նա ընդգծեց, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր և Էջմիածնի Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ: Օրվա խորհրդի ու կարևորության մասին խոսեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պատանիներին շնորհավորելով երդման կապակցությամբ՝ նախարարը նշեց, որ Վ. Սարգսյանի երազած երկիրն այսօր զարգացում է ապրում, և պատանի երկրապահները լինելու են հզոր հայրենիքի կառուցման հիմնասյուները: Միջոցառման ավարտին պատանի երկրապահները ներկայացրին ցուցադրական ելույթներ, որին հաջորդեց հանդիսավոր քայլերթը:

Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող պատանի երկրապահ կամավորականների՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավորությամբ տված երդումը հավաստիքն էր, որ նրանք բարձր կպահեն հայ երկրապահի պատիվը, անմնացորդ նվիրումով կշարունակեն պապերի ու հայրերի փառավոր գործը՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի պաշտպանության համար:

ՄԱՅՐ ԼԵՌՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

2001 թվական, մարտի 5: Վ. Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում է նաև նրա անվան տուն-թանգարանը: Հոծ բազմություն էր հավաքվել. եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից:

Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց Սպարապետի ձայնը ՝ բիբլիական լեռը պարուրող ամպից մի ծվեն պոկվեց ու եկավ, քարացավ, մնաց մարդկանց ուղիղ գլխավերևում: Վազգենի ձայնը տարածվում, ձգվում էր հեռուներ, ու հանկարծ մարդիկ նկատեցին, որ ամպի ծվենը հզոր թևերով արծիվ է դառնում, որը հանդարտ, վեհորեն թևերը բացել ու առանց թափահարելու հանդարտ պտույտներ էր գործում: Բարձրախոսից հնչում էին բարձրաստիճան հյուրերի, պաշտոնատար անձանց խոսքերը՝ ափսոսանք, ցավ, մորմոք, վիշտ ու թախիծ պարունակող, իսկ արծիվը վերևում էր ՝ անհաս ու բարձր: Արարողակարգի ավարտին արծիվը հանդարտ թևեց դեպի Մայր լեռը: Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքներով ուղեկցում էին նրան, տարբեր մեկնություններ տալիս:

Իսկ արծիվն անտեղյակ այդ մեկնություններից, հանդարտ ընթացքով թևում էր դեպի բիբլիական լեռան ձյունե բարձունքները, որտեղ, ըստ Ագաթանգեղոսի, ծնվում են հայոց ազգի հերոսները:

ԱՂ ՈՒ ՀԱՑԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

-1998թ.-ի նոյեմբերի 2-ին Վազգեն Սարգսյանը եկել էր Քարվաճառ,- պատմում է Գ.Խաչատրյանը: Նախարարը շրջեց զորանոցներում, սպաների աշխատասենյակներում (եթե այն օրերին դա կարելի էր աշխատասենյակ համարել): Փոքր սենյակներում դրված էր աշխատասեղանը՝ կողքին ծալովի մահճակալը.

-Ա՛յ, սա հասկացանք. և՛ աշխատել, և՛ հանգստանալ, քնել, մինչև տեսնենք, – ասաց Վ. Սարգսյանը:

Աշխատասենյակներից քիչ թե շատ բարվոքն ու ընդարձակը հրամանատար Սեյրան Սարոյանինն էր, որտեղ էլ սեղան էինք բացել հյուրերի համար: Նախարարը բացեց սենյակի դուռը. տեսավ ուտելիքով ծանրաբեռնված սեղանը, ապա դառնալով մեզ, ասաց.

-Ես գամ հասնեմ Քարվաճառ ու սենյակո՞ւմ հաց ուտեմ: Հաց կուտենք դիրքերում, զինվորների հետ, – ասաց ու շարժվեց դեպի մեքենան:

Շտապ սեղանի ուտելիքները հավաքեցինք ու բարձրացանք դեպի Մռավ: Մինչ նախարարն անցնում էր դիրքից դիրք՝ մարտական հենակետերից մեկում արդեն պատրաստ էր հացի սեղանը: Հասավ հենակետ, զրուցեց զինվորների հետ (մեկիկ-մեկիկ բոլորին բարևում էր, հարցնում ընտանեկան վիճակից): Հետո մոտեցավ սեղանին, մի կտոր հաց վերցրեց, վրան աղ ցանեց ու դիմելով մեզ, ասաց.

-Համեցե՛ք, էնքան որ՝ օգտվենք մեր զինվորների աղ ու հացից, թող էս ամենը մնա զինվորներին, իսկ մենք ներքևում հաց կուտենք…

***
«Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության եւ ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, եւ ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը:

Երկրապահ կամավորականների միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում եւ ողջ աշխարհում, որտեղ հայ կա: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին եւ հետեւանքը կանոնավոր բանակի բացակայության:

Սիրելի՛ պատանիներ, հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաեւ կյանքի գնով լրացրին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաեւ դարձան այդ բանակի հիմքը:

Հիշե՛ք նաեւ, որ դուք այլեւս չէք լինելու «կամավորականներ»: Դուք Հայաստանի Հանրապետության վաղվա զինվորներն ու սպաներն եք: Անկախ նրանից, թե կյանքի ինչ ուղի կընտրեք, համոզված եմ, որ դուք լինելու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ:

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ՝ խորհրդանշական օր եւ գեղեցիկ առիթ, որ բոլորս երախտագիտությամբ հիշենք եւ շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով եւ կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին եւ պատգամներին»:

ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ուղերձից

***
«Եթե Վազգեն Սարգսյանն այստեղ լիներ, իսկ նա հոգեպես մեզ հետ է, ինքն ուրախության պահեր կապրեր, կհպարտանար մեր Հայկական բանակի, Հայաստանի այսօրվա անկախության, որպես ինքնիշխան պետության, զարգացման ընթացքի համար:

Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել, զարգացնել Հայկական բանակը, և այսօր Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ողջ անձնակազմի հետ միասին ժողովրդի աջակցությամբ կատարելագործում է այս կառույցը: Ականատեսն եք, որ հայկական բանակը տեղում չի դոփում, մրցունակ է, անընդհատ կատարելագործվում է, զարգացնում է փոխգործունակ կարողությունները՝ մեր անվտանգության ապահովման համար ստեղծելով միջազգային երաշխիքներ: Անկասկած, այդ ամենը անդրադառնում է բանակի մրցունակության վրա, որն արտահայտվում է մեր սահմանների պաշտպանությամբ:

Մեր զինվորներն այսօր կարողանում են սահմանների պաշտպանության գործում իրենց անձնվիրությամբ հետ մղել հակառակորդի ցանկացած ոտնձգություն, ցանկացած սադրանք: Թեկուզ կյանքի գնով ապահովում են հայ ժողովրդի խաղաղ արարումը: Առանձնահատուկ տարի է այս տարի: Մենք միջոցառումների ձևով իրականացնում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք ավելի պատասխանատու կերպով պիտի նայենք մեր հայրենիքի ապագային : Բոլորիս կոչ եմ անում, որ ցանկացած այսպիսի խորհրդանշական միջոցառում ոգեշնչի մեզ բոլորիս և պատասխանատվության կանչի մեր հետագա արարումների ընթացքում»:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

***
«Բոլորդ էլ գիտեք, թե Վազգեն Սարգսյանն ինչպիսի Հայաստան էր ուզում: Ոչինչ, կգա՛ այդ Հայաստանը: Անպայման կգա: Մեր տղաների թափված արյունը սերունդները անպայման հետ կբերեն: Վազգենը ասում էր, եթե հարցնում եք ՝ ինչպիսին է ազատությունը, անկախությունը, նշանակում է՝ հարցնում եք՝ ծնողներիդ սիրո՞ւմ ես: Ազատությունը, անկախությունը մարդու համար ամեն ինչ է, ինչպես և հայրենասիրությունը»:

ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿ

***
-Մեր ոչ վաղ անցյալի պատմության մեջ իր վեհությամբ վեր է հառնում Վազգեն Սարգսյանի՝ հայոց սպարապետի մոնումենտալ կերպարը: Նա ավելին էր, քան մտավորականը, ավելին, քան ազատամարտիկը, ավելին, քան զորականը:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱԺ նախագահ

***
-Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա՝ Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան կապակցությամբ: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, հայ ժողովրդին, մեր զոհված և անհայտ կորած հայորդիներին, եռասերունդ երկրապահներին: Հատուկ ուզում եմ շնորհավորել մեր ազգի մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին: Թույլ տվեք բոլոր ներկաների անունից ասել. «Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ»: Փաստ է, որ մեր պետության մեջ ամենազարգացած կառույցը հայոց բանակն է, որի հիմքում Վ. Սարգսյանն է կանգնած: Զինադադարից հետո երկրապահի հիմքի վրա ստեղծվեց հայոց բանակը, դարձավ պետության հզոր հաղթաթուղթը արտաքին քաղաքականության շփումների մեջ: Համոզված եմ, որ այսօր էլ հայոց բանակը հզոր է և ամուր, պատասխանատու մեր ժողովրդի և պետության համար:

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵԿՄ նախագահ

***
150 տարի առաջ ծնվեց ամենայն հայոց Զորավար Անդրանիկը և իր ճերմակ նժույգով գնաց թշնամուն ընդառաջ: Գնաց գնդակների տարափի տակ, և թշնամու գնդակները հալվում-կպչում էին նրա այծենակաճին: Անխոցելի էր Զորավարը, թշնամին սարսափում էր՝ լսելով նրա անունը: Անդրանիկը եղավ հայոց առաջին աշխարհազորային կամավորների հրամանատարը: Մեկ դար չլրացած՝ 94 տարի անց ծնվեց Սպարապետը, որը դարձավ հայոց երկրորդ աշխարհազորայինների հրամանատարը: Թշնամին էլի սարսափում էր նրա անունը լսելուց: Զորավարի նման նա էլ Աստծո ողորմածությամբ տարավ բազում անհավանական հաղթանակներ:

1903 թվականին, երբ Սասնո լեռներում Զորավար Անդրանիկը կռիվ էր մղում թշնամու դեմ՝ հեռավոր Արցախից Թորգոմ անունով մի հերոս իր երկու տասնյակի հասնող ձիավորներով հասնում է Սասուն՝ Անդրանիկին օգնության: Անցնող տարիների հետ Զորավարի երազանքներից մեկը Արցախ մտնելն էր: Ու նրա ճանապարհը կանգնեց Զաբուղում: Զորավարի երազանքը ի կատար ածեց Սպարապետը՝ բացելով Ավետյաց երկրի դռները, ազատագրելով Արցախ աշխարհը: Եվ այդ ամենը կատարվեց ազատամարտիկների և նրանց փոխարինած հայոց նորաստեղծ բանակի զինվորներով:

ՄՍՏՈ ԱՐԱՐԱՏՑԻ

Պատրաստեց Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ, Պատմության էջերից


12/03/2015