Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՂՐԱԾՈՒՆ՝ ԱՇՈՒՆԸ ՍՐՏՈՒՄ



ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ 80

Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին, Մոսկվայում։

Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվելով ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ 1952 – 1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում` գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվում է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվում է «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը եւ Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։

Կրկեսից բացի, «Մնջախաղի երեկոներով» հանդես է գալիս էստրադայում: Գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66», 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ» (1972), Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար», 1972թ., ֆիլմերում)։

Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում է տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ՝ «Ծանոթացե՛ք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971 թվական) եւ «Վերջին ռաունդ» (1984 թվական) գրքերը (երկուսն էլ ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է Սոյուզգորցիրկից եւ ստեղծում է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական հիասքանչ տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումները։

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1971 թվականին, Մոսկվայում։

1972 թվականին Երեւանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, Երեւանի պետական կրկեսի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական)։

2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Հոգևոր-մշակութային


19/03/2015