Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ՝ ԱՌԱՔԻՆԻ ԲԱՐՔԵՐ



Մայոր Հակոբ Սարգսյանի ծառայությունը հիմնականում անցել է սահմանամերձ զորամասերում, որտեղ նա եղել է դասակի, վաշտի հրամանատար և մեծ փորձ է կուտակել առաջնագծի, մարտական հենակետերում ծառայությունը կազմակերպելու ուղղությամբ: Այժմ նա փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալն է, իսկ գումարտակի առջև դրված գլխավոր խնդիրը մեր երկրի պետական սահմանի անհանգիստ մի հատվածի պահպանությունն է: Եթե նման կարևոր առաջադրանքի կատարումը գնահատենք հակառակորդի բոլոր նկրտումներն ու փորձերը առանց վնասի ու կորստի ի չիք դարձնելու չափանիշով, ապա պետք է արձանագրենք, որ 2014թ. գումարտակի համար միանգամայն հաջողված տարի է եղել, և դրանում, անկասկած, զգալի է բոլոր դասակների ու վաշտերի հրամանատարների՝ առհասարակ ղեկավար կազմի ներդրումը:

Գումարտակում ընկերային հարաբերությունների ու ծառայողական կարգապահության անընդհատ բարելավման ու զարգացման մասին է մեր զրույցը մայոր Հակոբ Սարգսյանի հետ:

-Հակոբ Սլավիկի, սովորաբար բանակում երիտասարդ սպաները ծառայությունն սկսում են ամենաբարդից՝ դասակի հետ աշխատանքից: Այստեղ կան այնպիսի խնդիրներ, որոնց վրա նրանք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն, որպեսզի կարողանան առաջադրանքները կատարել առանց թերությունների:

-Նախ՝ ասեմ, որ, իրոք, զինվորների, ստորաբաժանման հետ աշխատանքն ամենաբարդն է, մանավանդ, երբ տվյալ ստորաբաժանումը, դասակը մարտական հերթապահություն է կատարում: Ճիշտ է՝ ունենք երիտասարդ սպաների հետ աշխատանքի ծրագիր, և փորձառու սպաներն օգնում են երիտասարդներին, բայց, միևնույն է, վերջիններիս իրավիճակին տիրապետելու համար ժամանակ է պետք: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ստորաբաժանման հաջողությունը վերջինիս անդամների համակողմանի պատրաստվածության մեջ է: Եթե սպան՝ լինի փորձառու, թե երիտասարդ, հասնի այն բանին, որ իր բոլոր զինվորներն ընկալեն, հասկանան, թե որքան կարևոր է մարտական հերթապահության ճիշտ կազմակերպումն ու կատարումը, որքան կարևոր է ջոկի, դասակի, վաշտի ներդաշնակման տարրերի յուրացումը, որքան մեծ է յուրաքանչյուր զինվորի դերն ու նշանակությունը մեզնից ամեն մեկի և հայրենիքի անվտանգության ապահովման գործում, ապա այդ ստորաբաժանումում ծառայական կարգապահության խախտման դեպքեր չեն լինի, մարտական առաջադրանքներն էլ կկատարվեն ամբողջությամբ, առանց էական բացթողումների: Իհարկի, կան բազմաթիվ այլ կարևոր գործոններ եւս, որոնք պարտադիր են զինվորների ինքնագիտակցությունը, գիտելիքները բարձրացնելու, բարոյահոգեբանական հատկանիշները զարգացնելու համար:

-Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը հաճա՞խ է լինում առաջնագծում:

-Մենք մարտական հերթապահությունն ընդունում ենք ամբողջ կազմով: Ինչպես գումարտակի հրամանատարը, այնպես էլ ես պետք է լինեմ բոլոր հենակետերում, ստուգեմ իրավիճակը, զրուցեմ զինվորների և սպաների հետ: Զինվորները պետք է համոզված լինեն, որ մենք էլ իրենց հետ հավասարապես կրում ենք հերթապահության ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը: Դրանից բացի, հետեւում ենք, թե ով ինչպես է իրեն դրսևորում: Մենք տղաներին հորդորում ենք լինել մի ընտանիքի պես, մի կտոր հացն էլ, մի կոնֆետն էլ միասին կիսել: Սպաների հետ նույնպես շատ ենք զրուցում, քննարկում զինվորների հարաբերություններին վերաբերող հարցեր: Օրինակ՝ եթե որևէ զինվորի ինչ-որ պահի փող է պետք, ավելի լավ է այդ գումարը նրան սպան տա՝ տեղյակ պահելով վերադաս հրամանատարությանը: Առաջին հերթին անհատույց օգնում ենք ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների տղաներին, շատ բնական է, բա էլ ինչու ենք ծնողներին հավատացնում, թե իրենց տղաները երկու տարի մերն են լինելու: Գիտեք, բարձրաբերձ լեռների վրա, թշնամու դեմ հանդիման ամբողջովին փոխվում է մարդու մտածողությունը, աշխարհընկալումը, մանր-մունր կենցաղային հարցերը դառնում են չնչին ու անկարեւոր, քանի որ մտածում ես միայն հայրենիքիդ ու հայրենակիցներիդ հպարտության, արժանապատվության մասին:

-Այսօր լուրջ աշխատանքներ են տարվում փողոցային արատավոր բարքերը արմատախիլ անելու, մայրենի լեզվի մաքրության ուղղությամբ:

-Բնականաբար, մենք հետևողական ենք պաշտպանության նախարարության, վերադաս հրամանատարության հանձնարարականները կատարելու գործում: Մանրամասն ուսումնասիրում ենք փաստաթղթերը և ձգտում ենք բոլոր պահանջները կյանքի կոչել: Մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէ վերացնել այն թերությունները, որոնք տարիներով են կուտակվել: Ինձ համար շատ կարևոր է լեզվի մաքրությունը, որովհետև միջադեպերի մեծ մասն էլ հենց սկսվում է կեղտոտ խոսքից, չէ որ առայժմ տղաների շրջանում բառերից կառչելու, ինչ-ինչ արտահայտությունների համար բացատրություն պահանջելու սովորույթը մեծ է, գրեթե մոդայիկ: Արատավոր բարքերի դեմն առնել կնշանակի մաքրել խոսակցական լեզուն:

-Խրախուսանքները որքանո՞վ են նպաստում բարեխիղճ ծառայությանը:

-Բանակն այն բնագավառն է, որտեղ էական նշանակություն ունեն ինչպես տույժերը, այնպես էլ խրախուսանքները: Աշխուժորեն կիրառում ենք ինչպես կոչումների շնորհման, այնպես էլ կրծքանշաններով եւ պատվոգրերով պարգևատրելու ու խրախուսելու մեթոդները: Ես ինքս եմ հպարտանում, երբ զորքի առաջ հրամանատարը կրծքանշաններով պարգևատրում է զինվորներին կամ հրահանգում է այս ու այն զինվորի ծնողին շնորհակալական նամակ ուղարկել: Վերջիններիս հետ անկեղծ զրույցներ եմ ունեցել և գիտեմ, որ իրենք ձգտում են արժանանալ թե՛ պարգևների, թե՛ կոչման, ինչը շատ կարևոր է և նպաստում է ծառայության որակի բարձրացմանը:

-Դուք եղել եք դասակի և վաշտի հրամանատար եւ գիտեք, որ այսօր կրտսեր հրամանատարներից պահանջվում է պատրաստ լինել ինքնուրույն որոշումների ընդունմանն ու կատարմանը: Մարտավարական մեթոդ, որը դրված է «Հրամանատրում առաջադրանքով» տեսության հիմքում: Ձեր կարծիքով՝ գումարտակի կրտսեր հրամանատարները հոգեբանորեն պատրա՞ստ են անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գործողություններ կատարելու:

-Արդեն ասացի, որ վերադաս հրամանատարությունից ստացված յուրաքանչյուր հրաման ու հրահանգ մանրամասն ուսումնասիրվում է եւ կենսագործվում: Ուսումնական ծրագրերը կազմված են այնպես, որ կրտսեր հրամանատարներն ինչպես մասնագիտորեն, այնպես էլ հոգեբանորեն պատրաստ լինեն և անհրաժեշտության դեպքում կարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել ու իրականացնել, որոշումներ, որոնք համահունչ կլինեն զորամասի առջև դրված խնդիրներին: Եվ քանի որ առաջնագծում, գումարտակի պահպանության հատվածներում իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, հետեւաբար անձնական-անհատական աշխուժություն ցուցաբերելն անիմաստ է ու աննպատակահարմար:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/03/2015