Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



Մարտի 21-ին Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում ՓԱՌՔՈՎ հայրենի հողին հանձնեցինք մարտի 19-ին իրենց կյանքի գնով հայրենի սահմաններն անառիկ պահած քաջորդիներից Հակոբ Խաչատրյանին: Աղաձորում հանգստարանի հիմք դրվեց արծիվ-քաջորդու Սուրբ մարմնով: Հակոբենց ընտանիքը 2010 թվականին է բնակություն հաստատել Աղաձորում: Հակոբը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Առանձնակի սեր ուներ պատմություն առարկայի հանդեպ, և պատահական չէ, որ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Սովորելուն զուգահեռ մարզվում էր ձյուդոյով. «Լավ մարզվեմ, որ բանակում չխեղճանամ»: 2014թ. ամռանը զորակոչվեց հայոց բանակ…

Մինչև կբերեին քաջորդու մարմինը, որոշվում էր հուղարկավորության վայրը. հարազատները համոզում էին Հակոբի հորը՝ Գագիկին, որ այն կատարվի նախկին բնակավայրում՝ Արարատի մարզի Դվին գյուղում, սակայն Գագիկն արդեն կայացրել էր որոշումը՝ Աղաձորում հիմնադրվող հանգստարանում առաջին շիրիմն իր որդունն է լինելու: Ինքն այլևս այստեղից չի հեռանալու: Հակոբը Գագիկի միակ որդին էր. «Անհամբեր էր, թե երբ պետք է բանակ գնա: Որոշել էր` զինվորական պարտքը կատարի, նոր շարունակի ուսումը, բայց անկատար մնաց որդուս երազանքը: Մի քանի օր առաջ արձակուրդ եկավ, մկրտեցինք: Ասում էր, եթե կռիվ լինի, ես ոչ մի քայլ հետ չեմ նահանջի.. ու չնահանջեց: Մարտի 28-ին կդառնար 19 տարեկան: Որոշել էինք անակնկալ մատուցել. զորամաս գնալ, բայց ինքն ավելի շուտ… Դեպքի օրը՝ առավոտյան, մայրը պատմեց տեսած երազը, որ իբր որդուն սպիտակ վերնաշապիկ է հագցնում: Չնահանջեց տղաս, ինչպես խոստացել էր, և նրան տուն բերեցին, ինչպես ընդունված է՝ փառք ու պատվով՝ վահանի վրա»:

Աղաձորում կայացավ հոգեհանգիստը, իսկ երեկոյան՝ մթնշաղին, դպրոցի բակում, որտեղ 12 տարի սովորել է Հակոբը, կայացավ մոմավառության արարողություն, որին մասնակցեցին տարածքի բնակավայրերի բնակիչները, շրջվարչակազմի տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ: Հակոբի, նրա հետ մարտիրոսված քաջերի հոգիների հանգստյան համար աղոթք հնչեցրին դպրոցի աշակերտները՝ Աստծուց խնդրելով առողջություն վիրավոր 4 զինվորների համար: Հաջորդ օրը՝ կեսօրին, մարտական ընկերների համազարկի ու Հայոց օրհներգի հնչյունների տակ Խուստուփ լեռան դիմաց՝ կանաչ դաշտում, որտեղ շատ էր խաղացել Հակոբը, մայր հողին հանձնեցին քաջի մարմինը՝ ավելի սրբացնելով Արցախյան գոյամարտի հերոսների արյամբ սրբացած հայրենի հողը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/03/2015