Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՈՌԱՑ ՄԻ ՀԱՅՈՒՀԻ



Սեղանին փաստաթղթեր են՝ գրություններ, վկայականներ, դիմումներ, նամակներ, լուսանկարներ: Սովորական մարդու համար դրանք շատ են, կամ էլ մեզ է այդպես թվում, որովհետև մարդը հենց այսպես պետք է ապրի, արարի, աշխատի, երազի ու թողնի այսպիսի մի կենսագրություն: Թղթերն այնքան էլ հնացած չեն (ինչպես լինում է՝ դեղնած, խունացած) նրանք խնամքով պահպանված են: Ու երբ թերթում-կարդում-ծանոթանում ես՝ զգում ես, որ երկար տարիներ նրանց ձեռք չի դիպել, և հիմա մի փոքր հպումից նրանք ճչում են, բացում իրենց լեզուները: Հերոսը, ավելի ճիշտ՝ հերոսուհին, եղել է մեր ժամանակակիցը, ապրել է մեր կողքին և լուսանկարից հիմա մեզ հառած նրա հայացքը, աչքերը այնքան պարզ են ու խորունկ, ինչպես իր ապրած կյանքը: Արդեն 20 տարի է՝ նա կնքել է իր մահկանացուն և ապրում է իրեն ճանաչողների հուշերում: Եվ վեր է հառնում մեր բարդ ու դժվարին դարավերջի օրերի մի հայուհու կերպար, որը, կրկնում եմ, եղել է մեր ժամանակակիցը, սակայն հայացքը եղել է ապագային հառած, ապրել է մեր այսօրով: Այս մոռացված հայուհու կենսագրությանը ծանոթանալու համար ես իմ շնորհակալական խոսքն եմ ուզում ուղղել ազատամարտիկ ուսուցիչ Արայիկ Գևորգյանին, որը քանիցս փնտրում, գտնում, վեր է հանում խոնարհ ու մոռացված հերոսների: Եվ մայրության, գեղեցկության այս միամսյակին թող սա լինի մեր նվերն ու խնկարկումը մեր նահատակ հայրենասեր հայուհիներին:

Հայկանուշ (Անուշ) Արամայիսի Ղազանչյան: Ծնվել է 1941թ., Գավառ քաղաքում, մանկավարժների ընտանիքում: Դպրոց, ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետ, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո շարունակել է մանկավարժական իր աշխատանքը՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 1982 թ.-ից նշանակվել է Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն: Սովորական մի կենսագրություն իր հետագա ոչ սովորական ընթացքով: Բոլորս ենք հիշում Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու օրերը՝ համաժողովրդական ցույցեր, հանրահավաքներ և դրան ի պատասխան՝ Սումգայիթի, Բաքվի կոտորածներ, տեղահանություն: Այդ օրերին ինչպես Հայաստանի ամեն մի բնակավայր, այնպես էլ Գավառ փաքրիկ քաղաքի բնակչությունը ալեկոծված էր՝ Սումգայիթի կոտորածներից փրկված երեխաների, ծերերի մի բազմություն բնավորվել էր այնտեղ: Եվ հայուհի Անուշ Ղազանչյանի առաջին գործը այն է լինում, որ նա դպրոցի ուսուցչական կազմի հետ օգնության ձեռք է մեկնում նրանց՝ կազմակերպում է սննդի, օթևանի, հագուստի, գրենական պիտույքների և ուսուցման խնդիրներ: Եվ այդ ամենի հետ՝ այնքան կարևոր հոգատար ու սրտացավ վերաբերմունք: Այսօր դա միգուցե թվա սովորական, բայց այն օրերի համար դա համարձակ քայլ էր, հայրենանվիրում: Եվ այդ քայլի համար նրան հեռացնում են կոմկուսի շարքերից, հեռացնում աշխատանքից: Եվ պատճառն այն էր, որ կոմունիստ ղեկավարի այդ քայլը կարող է խարխլել ժողովուրդների «անխախտ բարեկամությունը»: Իսկ Անուշը ձեռք է մեկնել իր հայրենակցին առանց վերևների գիտության: Եվ սկսվում է հալածանքը, մեղադրանքների շարանը, որոնք անշուշտ Գավառի նման նահապետական բարք ու վարքով հայտնի քաղաքում իրենց ազդեցությունն են թողնում ինչպես ընտանեկան, այնպես էլ Անուշի առողջության վրա… Իսկ մինչ այդ Անուշն արդեն ճանաչված, սիրված անձնավորություն էր, և սկսվում է ի պաշտպանություն նրա բողոքի հսկայական մի շարժում դպրոցի ուսուցիչների և բնակչության և շարժման առաջամարտիկների կողմից: Եվ այդ ընթացքում էլ նա աներկյուղ շարունակում է իր գործունեությունը՝ սատար կանգնելով Արցախի ժողովրդին: Ի պաշտպանություն Անուշ Ղազանչյանի՝ նամակներ, հեռագրեր են գալիս հանրապետության տարբեր բնակավայրերից, Արցախից . «Մենք գիտենք, թե ծավալված շարժումն ինչպիսի արձագանք է գտել Գավառ քաղաքում, սակայն ցավով իմացանք, որ մեծ հայրենասեր Հայկանուշ Ղազանչյանին վտարել եք կոմկուսի շարքերից: Աշխարհը ցնցող Արցախյան շարժումը, անկասկած, հաղթական ավարտ կունենա, իսկ Արցախի ժողովրդի համար Հայկանուշը մի նոր Ռուզան է: Այդ անծանոթ կինը բոլորիս համար դարձել է սիրելի: Ես իմ գլուխն եմ խոնարհում նրա առաջ»: Ս. Միրզոյան, Ավան Ասկերան:

Պայքար էր հանուն արդարության, ինչպես Անուշի, այնպես էլ Արցախի համար: Մեկ տարի անց՝ 1989թ.-ի հունիսի 15-ին հայրենասեր Անուշ Ղազանչյանի նկատմամբ բեկանվում է անարդարացի որոշումը, և նա նշանակվում է իր նախկին պաշտոնին…

Այդ օրերին իրավիճակը չափազանց լարված էր, հակահայ տրամադրությունները օրեցօր ադրբեջանցիների կողմից նոր թափ էին առնում, ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այնպես էլ Արցախում, հատկապես Շահումյանում պատերազմի վտանգը դառնում էր անխուսափելի: Ծանր օրեր էր ապրում մեր ժողովուրդը: Եվ հայրենասեր հայուհին իր շուրջը համախմբելով հայրենասեր մարդկանց, որոնց թվում էին օդաչու Նվեր Կրնատյանը, ուսուցչուհի Էլյա Աղաբաբյանը, ազատամարտիկ ուսուցիչ Արայիկ Գևորգյանը, հացի գործարանի արտադրամասի պետ Վոլոդյա Մաթևոսյանը, Վեդիի մարզադպրոցի ուսուցիչ Մարտին Վարդանյանը, Մակարավանքի վանահայր տեր Վահանը, Կարմիր գյուղի հացի կոմբինատի տնօրեն Աշոտ Գասպարյանը և էլի հայրենասեր հայորդիներ, որոնց անունները արժե հիշատակել, որովհետև նրանցից շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Հայթայթած միջոցները նրանք հասցնում էին Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, Հադրութ… Հայրենասեր հայուհի Անուշ Ղազանչյանը տարբեր ջոկատների հետ եղավ այդ վայրերում, օգնեց ջոկատներին, խաղաղ բնակչությանը պարենով, հանդերձանքով, զենք-զինամթերքով, մասնակիցը և ականատեսը եղավ պատերազմական գործողությունների: Այդ ամենը չնայած իր ազդեցությունն ունեցավ նրա փխրուն առողջության վրա, բայց նա շարունակում էր իր ազգանվեր գործը:

Պահպանվել են Վ. Սարգսյանի, Ա. Հակոբյանի, Լ. Սարգսյանի գրությունները, որոնք գրաբերները հանձնում էին նրան և իրենց վստահված սննդի, զենքի, կենցաղային ամենօրյա իրերի հետ թռչում Արցախ: Այդ օրերին Արցախը Հայաստանին կապող օդային գլխավոր ուղիներից մեկն էլ Գավառի օդանավակայանն էր:

Որպեսզի ընկալելի լինի այդ օրերին նրա կատարած սխրանքը, մեջբերենք Անուշ Ղազանչյանին հասցեագրված նամակ-գրություններից կարճ հատվածներ.

«Հարգելի տիկին Անուշ, գրաբերս՝ Արայիկ Գևորգյանը, երաշխավորված անձ է: Խնդրում եմ օգնես, որ թռչի Շահումյան». Վ. Սարգսյան 17.08.90թ.

«Հարգելի Ա. Ղազանչյան, Է. Աղաբաբյան, խնդրում եմ օգնել Մեղրու շրջանի Նյուվադի (Նռնաձոր) գյուղի 50 ընտանիքին և «Ղարս» ջոկատի անդամների ընտանիքներին». Ա. Գրիգորյան 10.10.91թ.

«Անուշ ջան, խնդրում եմ Վալտերին օգնես՝ մեքենան հասցնի Շահումյան, որտեղ կարիքը շատ կա: Մնաց վալենկաները, կաթի «բիդոնները»: Նախապես շնորհակալ եմ»: Ալեքսան, 18 հոկտեմբերի:

Հետո ծանր հիվանդությունը նրան գամեց անկողնուն: Մի քանի ամիս Գերմանիայում բուժում ստանալուց հետո նա նորից վերադարձավ հայրենիք, ծննդավայր, որտեղ էլ 1995թ.-ին կնքեց իր մահկանացուն: Անցել են տարիներ, նրա անունը տալիս այսօր էլ մարդիկ խորին ակնածանքով են հիշում նրան: Հիշում են նրա կատարած գործերը, նրա նվիրական երազը՝ տեսնել Արցախը անկախ և ազատ: Նրա երեխաները՝ Արտյոմը, Մանուշակը, Լուսինեն, սրբությամբ են պահում իրենց մայրիկի կենսագրությանը վերաբերող ամեն մի փաստաթուղթ: Վերջերս հայուհին պարգևատրվեց ԵԿՄ հուշամեդալով, և տեսնել էր պետք զավակների ոգևորությունը, ուրախությունը Եվ պատկերացնել կարելի է, թե այս տողերը կարդալիս որքան հուզմունք, թախիծ ու հպարտություն նրանք կապրեն: Եվ ոչ միայն նրանք՝ բոլոր նրանք, ովքեր ճանաչել են հայուհի Հայկանուշ (Անուշ) Արամայիսի Ղազանչյանին, որի անունն ու կատարած գործերը արժանի են հիշատակման…

Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Բանակ և հասարակություն


26/03/2015