Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՏԻՍ ԹՈՂԱԾ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ



(օրագրից պոկված մի թերթ)

Մանկության հուշերիս մեջ մի տաքուկ անկյունում եմ պահում նրա կերպարը. դալկացած ու ծերության կնիքը վրան: Պարանոցի կնճիռներն եմ զգում մատներիս տակ, երբ կուչ էի գալիս նրա կողքին ու մանկան հետաքրքրությամբ խաղում ալիքված կնճիռների հետ: Մանկության ամենաքաղցր երազս… տատիկս, որ իր փոքրամարմին էության մեջ անսահման սեր ու բարություն էր ամբարել:

Արուս տատս արդեն իր կյանքի ութսունյոթերորդ աշունն էր ապրում: Աշնան տերևների նման էլ թափվել էին տատիս փարթամ մազերի մի մասը, մնացածի վրա էլ ձյունն էր նստել: Չամիչի նման փոքր էին տատիս աչքերը, իսկ խունացած դեմքի վրա հազիվ նշմարվում էր նրա ժպիտը: Տատիս ժպիտը նման էր կիսալուսնի, իսկ ժպիտից գոյացած մատնեհարները տարիների հետ ավելի էին խորանում:

Մանկան միամտությամբ կարծում էի, թե տատիս կնճիռները հաշվելով՝ կարող եմ գտնել նրա ապրած տարիների թիվը: Մի օր հաշվեցի-հաշվեցի ու տեսա` կորցնում եմ թիվ ու համրանք: Ապրած ամեն օրվա մեջ տարիների ցավ ու կորուստ կար: Ամեն անգամ, երբ տատս պատմում էր իր կյանքի անցած-գնացած տարիների մասին, աչքերը լցվում էին, ու թափվում էին արցունքները խորշոմած այտերի վրայով: Տատիս աչքերում կար պայծառ մի շող` նման արևի. տատիս աչքերում կար նաև թախիծ` անցած կյանքի տանջանքն ու տառապանքն էր նրա աչքերում: Դժվար է եղել տատիս կյանքը: Տատս երբեք խոռումոռ (տատիս խոսքն է) չէր նայել ուրիշին: Թե տատիս հարցնեիր` ինչ է նա ուզում, նա կասեր. «Է՜հ, բալա ջան, երկրին խախանդություն ըլի, ուրիշ ոչ մի բան չեմ ցանկնալի»:

Աստվածասեր էր տատս. նա հավատում էր Տիրոջը, հավատում նրա զորությանը: Շատերին էր նա խրատում ու ասում. «Բալա ջան, Աստըծուց էլա մարդ վախ պըտի ունենա, որ ոչ մէ վատ բան չանի: Պըտի վախի Աստըծու պատժից»:

Հաճախ էր տատս նստում իրենց տան շեմին դրած քարին, կուչ գալիս ու կծկվում ոզնու պես: Ամեն օր էլ տատիս կարող էիր տեսնել այնտեղ` մենակ նստած քարին ու մտածկոտ դեմքով: Ու հենց մոտենայիր տատիս, հարցնեիր, թե ինչու է մենակ նստել, նա խորը շունչ կքաշեր ու կասեր. «Է՜հ, բալա ջան, դառը դատեցի, դատարկ նստեցի»: Իսկ հետո, երբ հարցնեիր` ինչո՞ւ է նա այդպես ասում, նա կբացատրեր. «Իմ կյանքն էլ ըտենց էր, իմ բախտն էլ ըտենց էր վիճակվելի»:

…Տատիս ձմեռը էլ չգարունքվեց…Հիմա շեմի քարը դատարկ է… Քարը դարձավ շիրմաքար՝ ծածկելով տատիս հոգնաբեկ ու տանջալլուկ մարմինը… Ամեն անգամ այդ դատարկ քարը տեսնելիս սրտիս մեջ անվերադարձ մանկության կարոտ է արթնանում եւ լուսավոր թախիծ….

Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ճակատագրեր


26/03/2015