ՌՈԲՈՏ-ՄԻՋԱՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Վերջին ժամանակներս ռոբոտատեխնիկային ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մանավանդ` ռազմական ոլորտում: Երբ խոսում ենք ռոբոտների մասին, իսկույն պատկերացնում ենք մարդակերպ սարքեր կամ լուրջ մարտական միավորներ, սպառազինության զանազան համակարգերի կրիչներ: Սակայն այժմ ժամանակակից ռոբոտների աշխարհը շատ բազմազան է: Օրինակ՝ ամերիկացի մասնագետները հսկայական ուշադրություն են դարձնում փոքր լուծումներին` աշխատանք տանելով ռազմական «ռոբոտ-միջատների» ստեղծման համար:
ԱՄՆ-ում կա Հեռանկարային պաշտպանական հետազոտությունների գործակալություն (DARPA), որին Պենտագոնը տարեկան հատկացնում է 10 մլրդ դոլար: Այն կանոնակարգում է ռազմական ոլորտի նախագծային մշակումները և գիտական հետազոտությունները: Եվրոպայում լրջորեն աշխատում են հետախուզության, դիտարկման և նպատակակետի նշման համակարգերի վրա:
Ամերիկյան Lockheed Martin լաբորատորիայում ստեղծել են մի եզակի ռոբոտ-լրտես` թխկենու տերևի տեսքով: Ամբողջովին կառավարվող թռչող սարքի քաշը 10 գրամ է, երկարությունը՝ 4 սմ: Կան նաև ձկան, տարբեր միջատների, փոքրիկ թռչունների տեսքով ռոբոտներ:
Ստեղծվող միջատանման ռոբոտները հագեցվում են զանազան տվիչներով, բարձրախոսներով և տեսախցիկներով: Այս ոլորտում առավել հաջողության է հասել գիտնականների մի խումբ Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից, որն ստեղծել է InsBot ռոբոտ-ուտիճների մի քանի նմուշ: Ի դեպ, այժմ այս փոքրիկ ռոբոտներն օգտագործվում են ոչ միայն ռազմական ոլորտում, այլև կենցաղային խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ շուտով այս ռոբոտ-ուտիճները կօգնեն հետազոտելու դժվար հասանելի վայրերը՝ վթարային շենքերը, տեխնոգեն աղետների գոտիները, քարանձավները: Նրանք կկարողանան կազմել այդ տեղերի մանրամասն պլանը, չափել ռադիացիոն դաշտը, ջերմաստիճանը, կատարել հողի և օդի հետազոտություններ:
Թեպետ InsBot ռոբոտն այնքան էլ նման չէ ուտիճի, բայցեւայնպես, կարևորն այն է, որ վերջինս շարժվում է ուտիճի նման և այդ միջատի հոտն ունի, ինչը թույլ կտա, որ իսկական ուտիճները նրան ընդունեն որպես յուրայինի: Ի դեպ, InsBot-ն արդեն կարող է մտնել իսկական ուտիճների խմբերի մեջ և փոխել նրանց վարքը: Օրինակ՝ այն կարող է ձեր բնակարան ներթափանցած միջատներից ազատվելու արդյունավետ միջոցներից մեկը լինել:
Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ռազմական