ԴՈՒ ՉԳԻՏԵՍ ՋԵԿԻՆ
ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Իմ մասին հետո կգրեն՝ նա բժիշկ էր, որը փորձում էր թեթեւացնել մարդկանց տառապանքը:
ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոգեբանները դեռ մասնագիտական բացատրություն կտան բժիշկ-ախտաբան Ջեկ (Հակոբ) Գևորգյանի ֆենոմենին…
Նա ծնվել է 1928թ., ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում, հայ գաղթականի ընտանիքում: Շնորհալի երեխան կարողանում էր միաժամանակ երկու ձեռքով գրել, ընդ որում` մեկով անգլերեն, մյուսով` գերմաներեն: Գերազանց առաջադիմությամբ ավարտում է դպրոցը և ընդունվում Միչիգանի բժշկական համալսարան: 1952թ. ծառայության է անցնում ԱՄՆ-ի զինված ուժերում և անգամ մասնակցում Կորեական պատերազմին: Ծառայությունից հետո աշխատում է Միչիգանի և Կալիֆոռնիայի հիվանդանոցներում: Աշխատելով որպես բժիշկ-ախտաբան Պոնտյակի գլխավոր հիվանդանոցում, Գևորգյանը նաև փորձարարական տարբեր աշխատանքներով է զբաղվում: Օրինակ՝ առաջարկում է նոր մահացածներից արյունը փոխներարկել հիվանդներին: Նա հույս ուներ, որ ԱՄՆ ԶՈՒ կհետաքրքրվի իր առաջարկով: Սակայն Պենտագոնը ոչ մի հետաքրքրություն էլ չի ցուցաբերում: Մեկ ուրիշ անգամ էլ Գևորգյանն առաջարկում է մահվան դատապարտված կալանավորների վրա փորձարկումներ կատարել եւ մահապատժից հետո նրանց օրգանները փոխպատվաստել հիվանդներին, սակայն այս առաջարկը մերժվում է:
Տասնամյակներ շարունակ Գևորգյանը մի շարք վիճահարույց գաղափարներ է մշակում մահվան հետ կապված: Նա քարոզում էր էվթանազիա (լավ մահ, հեշտ մահ, այսինքն` անբուժելի հիվանդ մարդուն ցավից ազատելու հեշտ տարբերակ), բազմաթիվ հոդվածներ հրապարակում, որոնք ցույց էին տալիս նրա` էվթանազիայի էթիկայի վերաբերյալ մտածելակերպը: Բժիշկը նախագծում եւ ստեղծում է այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոնը (անգլերեն` mercy – ողորմածություն, գթություն, կարեկցանք), որը անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին էր ներարկում իրենց կյանքին վերջ տալ ցանկացող անբուժելի հիվանդներին: Ըստ փաստացի տվյալների՝ մերսիտրոնի «ծառայությունից» օգտվել է ավելի քան 130 մարդ:
Հայազգի բժշկի մասին աղմկահարույց լուրերը վերջ չունեին. նրան քննարկում էին և քննադատում, ատում եւ պաշտում, իրար հակասող բնութագրումներով որակում` փրկիչ, մարդասպան, խենթ, հանճար, մոլագար, բարեգութ հրեշտակ, սերիական մարդասպան, եւ ի վերջո՝ չկայացած անհաջողակ, որը ձախողվել է տարբեր ասպարեզներում` գիտություն, գեղանկարչություն, երաժշտություն (Գեւորգյանը նաեւ յուղանկարիչ էր, նվագում էր ֆլեյտա, երգեհոն, ջազային ոճի երաժիշտ էր. 1997թ. թողարկված «Շատ հանգիստ կյանք» սկավառակը վաճառվել է 1400 օրինակով):
Բժշկական ընկերակցությունները, ԱՄՆ-ի իշխանությունները անվերջ դատապարտում էին նրան, իսկ համաշխարհային մամուլը նրան կնքել էր «Դոկտոր մահ» մականունով:
Անհույս հիվանդներին այն աշխարհ ուղարկելու «գյուտի» պատճառով 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու արտոնագրից: Դատական գործընթացները հաջորդում էին մեկը մյուսին: 1999-ի մարտին նրան մեղադրեցին երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարի ազատազրկման դատապարտվեց Միչիգանի նահանգի ուղղիչ հիմնարկում (2007թ. հունիսի 1-ին լավ վարքի համար նրան 2 տարի շուտ ազատեցին):
Ջ. Գևորգյանը մահացել է 2011 թվականին: Նրա մասին բազմաթիվ գրքեր գրվեցին, ֆիլմեր նկարահանվեցին: «Դու չգիտես Ջեկին» ֆիլմում «Դոկտոր մահին» մարմնավորում է համաշխարհային կինոյի աստղ Ալ Պաչինոն, որը հենց այդ դերի համար արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին: Ի դեպ, իհարկե ոչ պատահականորեն, ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թ. ապրիլի 24-ին:
2011 թվականին, Գևորգյանի մահից հետո, Նյու Յորքում տեղի ունեցավ նրա նկարների և անձնական իրերի աճուրդ: Նրա պատկերած գեղանկարներում գերիշխողը մահվան թեման է: Նկարներից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն»: Կտավում պատկերված է կնոջ կտրած, արյունոտ գլուխ, որի մազերից բռնել են երկու ձեռքեր` մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների թուրքական զինվորականի համազգեստով է, իսկ մյուսը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա գերմանական զինվորական համազգեստով: Այս նկարով Գեւորգյանն արտահայտել էր իր բողոքն ընդդեմ հայերի և հրեաների զանգվածային սպանությունների:
Ասում են` այդ նկարի շրջանակը ներկված է հեղինակի սեփական արյունով…
Իր հարցազրույցներից մեկում Ջ. Գևորգյանը խոստովանել է, որ իր չափազանց հետաքրքրությունը մահվան հանդեպ Հայոց ցեղասպանության մասին լսած պատմությունների ազդեցությամբ է ձևավորվել: Նրա ծնողները հրաշքով են փրկվել Հայոց եղեռնից, մայրը` Սաթենիկը, եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին, հայրը` Լևոնը, ամբողջ ազգ ու ցեղին: Տխուր եւ դառը հիշողությունները նրանց ամենօրյա խոսք ու զրույցի առանցքում էին՝ կտրված գլուխներ, սրախողխող արված հղի կանանց լլկված մարմիններ….
Հոգեբանները մասնագիտական բացատրություն կտան, թե ինչ ընթացք է ստանում մարդու հոգեկան դաշտը, երբ մանկությունը լիուլի է ծնողներից լսած հոգեցունց, դժոխք հիշեցնող պատմություններով…
Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ճակատագրեր