ՀԱՅ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ «ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻ»
Անցյալ ամիս ես տեղեկացրել էի, որ Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրի կենտրոնը երեք հայ երիտասարդի արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից:
Հոդվածս համացանցում տեղադրվելուց և առևտրային կենտրոնի դեմ բողոքի մեծ ալիք առաջացնելուց կարճ ժամանակ անց, «Ամերիկանայի» տնօրինությունը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել մեր վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոտագոլյանից և Արմին Հարիրիից՝ վաճառվող ապրանքների շուրջ առաջացած թյուրիմացության համար: Ավելի քան ողջունելի է վարձակալների կողմից խնդրո առարկա հանդիսացող իրենց ապրանքների ցուցադրումը վաճառասեղանների վրա»:
Թեև «Ամերիկանայի» ներողությունը ողջունելի էր, սակայն հապճեպ տեղադրված գրառումը խեղաթյուրում էր նրա անօրինական որոշումը՝ այն անվանելով «թյուրիմացություն»: Տարօրինակ է, որ առևտրային կենտրոնը նեղություն չէր քաշել վարձակալներին տեղեկացնելու, որ ցեղասպանության վերաբերյալ հագուստի վաճառքի արգելքը հանված է:
Մերժելով այս կիսատ-պռատ ներողությունը՝ մի քանի հարյուր զայրացած հայեր բողոքի ցույց կազմակերպեցին «Ամերիկանայի» առջև՝ հայ վարձակալների հանդեպ դրսևորած անընդունելի վերաբերմունքի համար: «Գլենդել նյուզ փրեսը» լուսաբանեց բողոքի ցույցը և տարաձայնությունը երեք հոդվածների շարքով, որոնք հաջորդեցին այս թեմայով իմ սկզբնական հոդվածին:
Ապշեցուցիչ է, որ Գլենդելի խոշորագույն ընկերությունը կարող է այսպես անհոգորեն վարվել իր մեծ թվով հայ հաճախորդների՝ քաղաքի բնակչության գրեթե կեսի հետ, երբ քաղաքային խորհրդի հինգ անդամներից երկուսը, այդ թվում քաղաքապետ Զարեհ Սինանյանը, հայեր են: Բացի այդ, քաղաքային իշխանությունները «Ամերիկանայի» սեփականատերերին շռայլ դրամական օժանդակություն էին տրամադրել Գլենդելում իրենց բիզնեսը հաստատելու համար:
Քաղաքապետ Սինանյանը շատ կոշտ էր արտահայտվել «Ամերիկանայի» ամբարտավանությանն ի պատասխան: Քաղաքապետը նաև զարմանք արտահայտեց, որ «Ամերիկանան» կարող էր «այդքան անտարբեր» լինել իր հաճախորդների մեծ մասի հանդեպ, որոնք հայեր են:
Մարտի 13-ին երեք վաճառողները՝ Չուլջյանը, Հարիրին (ռեպեր «Ար-Մին») և Կոտագոլյանը, իրենց ընկերության՝ «Պենտագոն ռեկորդսի» անունից հայց ներկայացրին Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ «Ամերիկանայի», «Կարուզո հոլդինգսի» և մի քանի այլ անանուն ամբաստանյալների դեմ՝ նրանց մեղադրելով հինգ տարբեր խախտումների համար:
Հայ վաճառողները խնդրեցին, որ դատարանը ընդհանուր, պատժիչ և եռակի վնասի փոխհատուցում նշանակի «Ամերիկանային»: Հայցվորների փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը հայտարարեց, որ նա դատական հայց է ներկայացրել «ամբաստանյալների խայտառակ վարքագծի պատճառով… որը նողկալի և անհարգալից է ոչ միայն իմ հաճախորդների, այլև հայկական համայնքի համար, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ»: Ֆոսթերը հավելեց, որ «ամբաստանյալները պետական զգալի օժանդակության շահառուներ են և որպես այդպիսին պետք է ձեռնպահ մնան նման խտրական վարքագծից»:
Միայն հայ վարձակալների դատական հայց ներկայացնելուց հետո է, որ «Ամերիկանան» նրանց նամակ հղեց՝ տեղեկացնելով, որ այժմ նրանց «թույլատրվում է ցուցադրել և վաճառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրանքները»:
Հայ համայնքը և Գլենդելի բոլոր բնակիչները, որոնք մտահոգված են քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է «Ամերկանայի» սեփականատերերին հասկացնեն, որ իրենք չեն հանդուրժի նման անօրինական և խտրական վերաբերմունք մի ընկերության կողմից, որը հանրային միջոցների շահառու է և վաճառքի հասույթի մեծ մասը ստանում է հայ հաճախորդներից:
Եթե «Ամերիկանան» հրաժարվի ուղղել իր կեցվածքը և չկարողանա վստահեցնել համայնքի ղեկավարներին, որ այլևս նման արատավոր վերաբերմունք չի դրսևորի, ապա Գլենդելի բնակիչները պետք է բոյկոտեն առևտրային կենտրոնը, շարունակեն իրենց բողոքի ցույցերը և կոչ անեն քաղաքային խորհրդին վճռական քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ վերացնեն նախկինում հատկացված ֆինանսական օժանդակությունը:
Թարգմանությունը՝
Ռուզաննա Ավագյանի