Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ



«Արեւավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2013թ., Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից: Ամեն տարի փառատոնն անցնում է տարբեր խորագրերի ներքո: Կազմակերպիչներն ընտրում են հատուկ թեմա՝ ելնելով ժամանակակից եւ համամարդկային խնդիրներից: «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի փառատոնը ոչ միայն լայնածավալ ցուցադրություն է, այլեւ նույն թեմայի շուրջ տարբեր մշակույթներ ինտեգրելու եւ միաձուլելու միջոց:

Նկարիչների միությունում բացված «Արեւավիշապ» 2015 «Պանդորայի արկղ» խորագիրը կրող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

Հավանաբար շատերին տարօրինակ կթվա ծանր, հոգեցունց այս թեմային ծաղրանկարների, երգիծանկարների «լեզվով» անդրադառնալը, սակայն չմոռանանք նաեւ, որ ծաղրանկարչությունը եւս քարոզչության լուրջ միջոց է: Ծաղրանկարիչը խարազանում է արատավոր, ցավոտ երեւույթներն ու խնդիրները, համամարդկային չարիքը: Ի վերջո, ծաղրանկարը թարգմանել պետք չէ՝ այն հասկանալի եւ հասանելի է բոլորին:

Այս տարվա փառատոնի աշխարհագրությունը բավականին ընդարձակ է՝ մասնակցում են 141 հեղինակներ 47 երկրներից, ընդ որում՝ Թուրքիայից մասնակցում է ինը երգիծանկարիչ: Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում ներկայացված են մրցութային, երկրորդ հարկում՝ հետահայաց (ռետրոսպեկտիվ) աշխատանքները՝ ողբերգական դեպքերին առնչվող միջազգային պարբերական մամուլի («Rire», «Silance»…) էջերում տարբեր ժամանակներում (1875-1920-25թ) տպված նկարներ եւ պաստառներ: Երրորդ հարկում էլ հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդեսն է:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում շեշտեց. «Այստեղ միայն Հայոց ցեղասպանության թեման չէ արտացոլված, այլ նաեւ անդրադարձ կա Հոլոքոստին, ընդհանրապես՝ պատերազմներին, բռնությանը, չարիքին, այլատյացությանը, ահաբեկչությանը… Այս ամենը մեր բոլորի ընդհանուր ցավն է, բոլորի հոգսն ու մտահոգությունը: Ծաղրանկարիչը նկարել է այն, ինչ զգացել է, իր պատկերացումներն են, վերաբերմունքը այս ամենին»:

Տարբեր ժանրերով՝ երգիծանկար, գրաֆիկական հումոր, պրոբլեմային գրաֆիկա, պաստառ, շարժ, կոմիքս, ստեղծված գործերում զգում ես արվեստագետի ցավը, տեսնում ողբերգության խորքային շերտերը եւ նաեւ ցավագնորեն գիտակցում՝ հարյուր տարվա մեջ գրեթե ոչինչ չի փոխվել՝ դարձյալ կեղծիք, խաբեություն, ստորություն եւ բռնություն, ոտնահարված իրավունքներ: Եվ պատերազմ. ռազմական մեքենան մեկ վայրկյանում ավերակում է շեն ու ծաղկուն կյանքով լցված տները, ու մեքենայի դագաղներ են դուրս գալիս (Շահրամ Ռեազի (Իրան), թուրք դահիճը ուզում է կացնահարել պորտալարը դեռ չկտրված նորածնին (Վալերի Տարասենկո (Ռուսաստան), փշրված մանկություն՝ ձեռքը կտրած երեխան արկերի եւ ռումբերի վայրի կաղկանձի տակ շտապում է դպրոց (Վիսամ Ադել Ասադի (Սիրիա)….

Ուշագրավ է Պավել Ջանգիրովի նկարը՝ Թուրքիան Եվրոպա է ուզում, բայց ոտքի տակ (ասել է՝ խղճի վրա) 1915 թվականն է: Դանիացի ծաղրանկարիչ Բո Յորգենսենի նկարում միամիտ տեսքով, ձեռքերը կողմ պարզած Էրդողանն է, որ հարցնում է՝ ու՞ր են հայերը, իսկ հետին պլանում մեկ այլ թուրք արագ-արագ թաքցնում է հայերի գանգերի բլուրը: Մեկ այլ ծաղրանկարում դահիճը լաց է լինում, իբր՝ ցավդ է կիսում, սակայն ներքեւի պլանում երեւում է ձեռքի դանակը … Ուկրաինացի ծաղրանկարիչ Վլադիմիր Կազանեւսկու գործերից մեկում գլխավոր հերոսը մահն է, իսկ գեներալները եկել են խրախճանքի եւ դիտում են թատրոն, որի սցենարի հեղինակները հենց իրենք են: Ծաղրանկարիչ Արզօյի ստեղծագործություններից մեկում արյունով ներկված անապատում ընկած գանգի միջից կակաչ է դուրս եկել… Տիգրան Վարդիկյանի (Լեհաստան) նկարում էլ Տրոյական ձիով հաղթական առաջ է շարժվում թուրքը դեպի Իրաք, Սիրիա, Եվրոպա…

Ծաղրանկարները զգոնության կոչ են անում, սթափության ահազանգ հնչեցնում: «Ուրիշի վիշտ, ուրիշի ցավ չկա,- հուշում է Հեմինգուեյը,-մեր բոլորի մահն է գուժում զանգը, եթե չսթափվենք…»:

Ցուցասրահի խորհրդանշական Պանդորայի արկղում էլ մեր բոլորի հույսն է, որ հուսավառ սպասում է, որ մի օր մարդկությունը կսթափվի…..

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն է ճանաչվել լեհ Վիտոլդ Բարբարայի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված ծաղրանկարը:

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային


02/04/2015