Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ա. Ս. ԱՆՀԱՅՏ ՀԵՐՈՍՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ



♦ 1925 թվականին Արա Սարգսյանը գալիս է հայրենիք, որտեղ ավելի վաղ արդեն հանգրվանել էին Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Թամանյանը, Հակոբ Կոջոյանը…

♦ 1960-ական թվականներին ընդհատակից դուրս են գալիս «ՆԵՄԵՍԻՍ» գործողության բոլոր մասնակիցները և արժանանում համաժողովրդական պատվի, մեծարանքի ու սիրո: Բոլորը, բացի թերևս մեկից` Խորհրդային Միությունում ապրող Արա Սարգսյանից, որի անունը փաստաթղթերում և արժանավորների հուշերում անվտանգության նկատառումներով հիշատակվում է ընդամենը հապավումով` Ա. Ս.:

♦ Մեծանուն արվեստագետը գիտեր, թե հանուն ինչի է միանում Հայ դատի վրիժառուներին, գիտեր, թե ինչ կարող է իրեն սպասվել Խորհրդային Միությունում… Սակայն նա ընտրում է ՀԱՅՐԵՆԻՔԸ:

♦ Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականին, Կոստանդնուպոլսում:

♦ Սովորել է Կ. Պոլսի գեղարվեստի վարժարանում, Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դասընթացներում:

♦ Հայաստանի նկարիչների միության հիմնադիր, առաջին քարտուղար:

♦ Հայաստանի Գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, առաջին ռեկտոր:

♦ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ:

♦ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս:

♦ Ա. Սարգսյանը նորագույն շրջանի հայ քանդակագործության սկզբնավորողներից է:

♦ Նրա ստեղծագործությունները համադրում են ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, ավանդականն ու նորարարականը, որոնց բնորոշ են մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը:

♦ Մեծանուն քանդակագործի ամենից հայտնի ստեղծագործություններից են բանաստեղծ Հովհ. Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները Հայաստանի ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բակում:

♦ Ա. Սարգսյանի կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» քանդակն է (տեղադրված է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց):

♦ Քչերին է հայտնի, որ նորագույն շրջանի հայ քանդակագործության հիմնադիր Արա Սարգսյանը մեր ժողովրդի այն զավակներից է, որոնք անցյալ դարի 20-ական թվականներին անաղարտ պահեցին և փրկեցին իրենց ժողովրդի պատիվը` իրականացնելով «ՆԵՄԵՍԻՍ» հայտնի գործողությունը:

♦♦♦

«ՆԵՄԵՍԻՍ» է կոչվել արդար հատուցման և վրեժխնդրության հին հունական Նեմեսիդա աստվածուհու անունով: Գաղտնի գործողության նպատակը 1915 թ. հայերի եղեռնը կազմակերպած ու իրականացրած երիտթուրք պարագլուխներին պատժելն էր: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքական կառավարության և կուսակցության ղեկավարները գերմանական նավով տարվում են Գերմանիա: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Շաքիրը և այլք դատարանով մեղադրվում են Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, հայերի կոտորածը կազմակերպելու համար և հեռակա դատապարտվում մահվան: 1919 թվականի աշնանը Երևանում կայացած Դաշնակցության 9-րդ համագումարում երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու որոշում է ընդունվում:

«ՆԵՄԵՍԻՍ» գործողությունը նախապատրաստվել է ամենայն մանրամասնությամբ, աչքի է ընկել արդյունավետությամբ: Իրականացման ընթացքում ոչ մի կողմնակի մարդ չի տուժել:

Այն օրերին այս լեգենդար գործողության մասնակիցների կապը արտաքին աշխարհի հետ իրականացվել է Հռոմում, Վիեննայում և Բեռլինում քանդակագործություն ուսումնասիրող Արա Սարգսյանի միջոցով: Եվրոպական և արևելյան մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ ուսանողին հաջողվում է դուրս գալ երիտթուրք պարագլուխների հետքի վրա: Այնուհետև արդեն նրանք իրենց արժանի պատիժն են ստանում Արշավիր Շիրակյանի ղեկավարած վրիժառուների ձեռքով:

Ապագա հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի փոստային հասցեով են փոխանցվել ղեկավար բոլոր ցուցումներն ու ֆինանսական միջոցները: Եվրոպական ոստիկանությանը այդպես էլ չի հաջողվում գտնել վրիժառու հայորդիների հետքը, քանի որ նրանց մտքով չի անցնում ստուգել արվեստով տարված 19-ամյա տաղանդավոր պատանու փոստարկղը:

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային


02/04/2015