ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ
Կապիտան Վալերի Մեհրաբյանը վաշտի հրամանատար է: Նա ծառայում է ՊԲ զորամասերից մեկում: Մարտական ծառայության մեդալակիր է, բազում զորավարժություններում լավագույն արդյունք արձանագրած զինվորական: Նա թերեւս առանձնանում է նաեւ մեկ այլ հատկանիշով. երբեւէ ինձ հանդիպած ամենաբարձրահասակ սպան է: Երբ այդ մասին ասում եմ՝ ժպտում է:
-Բարձր հասակս ժառանգել եմ հորիցս: Նրա կողքին ես գուցե եւ փոքր-մոքր երեւամ: Հայրս` Իվանը, ոչ միայն բարձրահասակ է, այլեւ վիթխարի ուժի տեր հսկա մարդ: Պատերազմի տարիներին ջոկատի հրամանատար էր: Մի անգամ շփոթվել եւ միայնակ հայտնվել է հակառակորդի դիրքում. բոլորը վախեցել, փախել են: Այդ օրվանից էլ ադրբեջանցիները նրան կնքել են «Սատանա» անունով…
-Ձեզ ոգեշնչել է Ձեր հոր կերպարը, և Դուք որոշել եք զինվորական դառնալ…
-Ես ծնվել եմ Ստեփանակերտում: Փոքր էի, երբ սկսվեց պատերազմը: Փոքր էի, բայց ամեն ինչ հիշում եմ` ռմբակոծությունները, օդային տագնապի ազդանշանը եւ մեր շնչակտուր վազքը դեպի նկուղ… Բայց, թերեւս, պատերազմն ինձ համար ամփոփված է մի դրվագում. ես, մայրս, տատիկս հոսպիտալի սենյակում ենք, նրանք լացում են, իսկ ես… Ես աչքս հառել եմ հորս անդամահատված ոտքին… Նա պայթել էր ականի վրա` փորձելով փրկել վիրավորված ընկերոջը… Այդ օրը ես ատեցի պատերազմը եւ որոշեցի` զինվորական չեմ դառնալու, կռվել չեմ ուզում, ընտրելու եմ բոլորովին ուրիշ բնագավառ…
-Այնուամենայնիվ, այսօր համազգեստով եք…
-Ուզում էի ուսումս շարունակել Ռուսաստանում, անգամ երկու տարի այնտեղ դպրոց հաճախեցի: Բայց երբ ստացա ավարտական վկայականս, կտրուկ մտափոխվեցի մասնագիտության հարցում: Ախր, հայրս անգամ մեկ ոտքով շարունակել է ծառայությունը, եղել է գնդի հրամանատար… Այդ օրը հասկացա` ես հաղթել եմ իմ ներսում ապրող պատերազմը…
-Իսկ Ձեր հա՞յրը, ինչպե՞ս ընդունեց Ձեր որոշումը:
-Ասաց` երկրորդ ոտքս վերականգնվեց… Հուզվել էր: Ես նրան երբեք հուզված չէի տեսել, առաջին անգամն էր:
-Ընդունվեցիք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
-Երբ հայրս գնդի հրամանատար էր, մենք ընտանիքով ապրում էինք զորամասում: Իննսունականներն էին, ես էլ առաջին դասարանի աշակերտ էի: Հայրս առավոտյան ինձ էլ էր արթնացնում, եւ ես զինվորների հետ մարզվում էի, նրանց հետ նախաճաշում: Այդպես` հինգ տարի: Հայրս տանն էլ էր հրամանատար, նա այնքան ուշադիր էր մանրուքների հանդեպ: Հիշում եմ` ամեն գիշեր անպայման ստուգում էր մեր դասերը, եղունգները, զրուցում էր մեզ հետ: Ես հայրական խնամք, դաստիարակություն եմ ստացել: Երբեմն նրա խստապահանջության իմաստը չէի հասկանում: Բայց ռազմական ինստիտուտում այդ ամենն ինձ շատ օգնեց: Հիմա էլ զորավարժությունների, մարտական հերթապահության ժամանակ համոզվում եմ` ամուր կարգապահությունն է մարտունակ բանակի գրավականը: Գիտակից զինվորն էլ միշտ ձգտում է ծառայել այնտեղ, որտեղ խստություն եւ կարգուկանոն կա. չէ՞ որ նման պայմաններում նվազում է սխալվելու հավանականությունը… Հայրս ասում է. «Իմացիր` մարտի ժամանակ էլ է հաղթում կարգապահությունը…»:
Անցած տարվա նոյեմբերին իմ վաշտը մասնակցում էր զորավարժությունների: Մենք, ըստ սցենարի, պետք է փոխարինեինք հակառակորդի կողմից խոցված վաշտի անձնակազմին: Հրամանի էինք սպասում, երբ հանկարծ մեր թիկունքում խոցվեց հայկական զինված ուժերի Մի-24 ուղղաթիռը: Ես նույն խոր ցավն ապրեցի, ինչ այն ժամանակ հոսպիտալի սենյակում… Բայց այդ պահին ես ոչ թե ընկճվել էի, այլ իրական հրամանի էի սպասում` հարձակման հրամանի… Մենք օր ու գիշեր մարտական պատրաստությամբ ենք զբաղվում, քայլ առ քայլ հարձակում, պաշտպանություն ենք մշակում, մենք խաղաղ ժամանակ էլ ենք պատերազմում, ուստի վստահ էի` եթե նման հրաման ստանանք, գերազանց կանենք մեր անելիքը:
-Պահանջկո՞տ եք:
-Մեկ տարվա դասակի հրամանատար էի, գնդիս հրամանատարը կանչեց, թե` վաշտի հրամանատար ես նշանակվում: «Ոչ մի կերպ»,- պատասխանեցի: Զարմացավ: Հրաժարվեցի, որովհետեւ զգում էի` պատրաստ չեմ: Ուսադիրին ավելացվող ամեն աստղ լրացուցիչ պատասխանատվություն է… Ես պիտի կատարյալ դասակի հրամանատար լինեի, որպեսզի ինքս ինձ թույլ տայի դառնալու վաշտի հրամանատար: Երեք տարի անց էլ առաջարկեցին, բայց խնդրեցի, որ ինձ ուղարկեն վերապատրաստման դասընթացների: Ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ: Ինձ միշտ համեմատում եմ հորս հետ, նա իդեալական զինվորականի կերպար է, իսկ ես կատարելագործվելու դեռ շատ տեղ ունեմ… Շատ եմ աշխատում, որովհետեւ ուզում եմ օրինակելի լինել զինվորիս համար…
-Վստահ եմ` Ձեր հայրը Ձեզնով հպարտանում է…
-Չգիտեմ: Երբեք այդ մասին բարձրաձայն չի ասել: Բայց անցած օրն ուրախ-ուրախ եկավ տուն, թե. «Եթե նախկինում քեզ տեսնում, ասում էին` Իվանի որդին է, ապա այսօր մեկը բարեւեց, հետո հարցրեց` Դուք մեր կապիտանի` Մեհրաբյանի հայրն եք, չէ՞…»:
Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում