Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



Սկիզբը՝ նախորդ համարում

Մայորներ Վ. Ստեփանյանի և Հ. Փալանդուզյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հաջորդ հենակետ, որտեղ արդեն ժամկետային զինծառայողներն են:

-Ուսումնական նոր շրջանում ստորաբաժանումների հրամանատարները, շտաբի պետերը սպաների, կրտսեր հրամանատարական կազմի հետ արդեն քննարկել, պատրաստել են մարտական պատրաստության առաջիկա պլանները, նախատեսված թեմաները, ուսումնասիրել պարապմունքներ անցկացնող սպաների, ավագների աշխատանքային ուղեցույցները,- ճանապարհին զորամասի աշխատանքային մթնոլորտն է ներկայացնում զորամասի ԱՀՏԱ տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանը, ապա ավելացնում,- զինվորական դաստիարակությունը մշտապես զուգորդվում է մարտական պատրաստվածության դասերի հետ: Պատմական ակնարկներով ծանոթացնում ենք մեր նախնիների մարտավարությանը, ինչպես տանել հաղթանակ փոքրաթիվ թվաքանակով և տեխնիկայով:

Սպայական կազմն ամեն օր խոսում է Եղեռնից, և դա արվում է հստակ նպատակով` զոհի բարդույթից ձերբազատվելու հոգեբանությամբ: Եվ ասեմ, որ մեզ հաջողվում է: Մեր զորամասից 1 կմ հեռավորության վրա կա երկու հուշակոթող` Արցախյան ազատամարտի հերոսների և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված:

Երդման արարողությունները, հանդիսությունները, միջոցառումները այդ երկու հուշակոթողների մոտ ենք անցկացնում, և միայն այն համեմատությունը, որ 1915 թվականին 8 մլն թուրքերը ցեղասպանություն իրականացրին 3 մլն մեր հայրենակիցների դեմ, ապա Արցախյան ազատամարտում նույն թվաքանակն էր` նույնքան հայերի դեմ 7 մլն ադրբեջանցիներ, և մենք կարողացանք հաղթել: Զոհի բարդույթից ձերբազատվելու հիմնական գործոնը հենց սա է, որ Հայոց բանակ ոտք դրած զինվորին կարողանում ենք հոգեբանորեն պատրաստել: Եվ ամենակարևորը, մենք երկու տարվա ընթացքում կարողանում ենք այնպիսի զինվորներ պատրաստել, որ, իրոք, զորացրվելիս ափսոսում ես: Սակայն մխիթարվում ենք այն հույսով, որ կոփում ենք զինվոր ողջ կյանքի համար: Եվ հետո հին զինվորները կարողանում են իրենց փորձը ճիշտ և ժամանակին փոխանցել իրենց փոխարինողներին: Այսօր սահմանին կանգնած ամեն մի սպա և զինվոր պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, «հայրենասիրության պակաս չզգա», այսինքն, երբ թշնամին զգա, որ մեր հոգում բույն է դրել այդ «պակասը», այդ «դատարկությունը» կա, մեզ հետ պիտի այսպես խոսի.

«Հաննիբալը դարպասների մոտ է»: Մենք պետք է ստիպենք, որ վախի և տագնապի զգացումով մեզ վերաբերվեն, ձեռնպահ մնան դավադիր գործողություններից: Զորամասի հրամանատարական կազմի գերակա խնդիրն է անփորձանք մարտական հերթափոխ իրականացնելը: Եվ դա մեզ հաջողվում է: Հունվարի 23-ի դիվերսիոն ներթափանցումից հետո, երբ, ցավոք, զոհվեցին մեր երկու զինծառայողները, թշնամու կորուստները մի քանի անգամ ավելի էին: Միայն այդպես պետք է վախ ներշնչել թշնամուն: Շարքային Մխիթարյանը կրակի տակից փրկել, դուրս էր բերել շարքային Ավանեսյանին, ցույց տվել առաջին բուժօգնությունը, ապա իր գնդացրով կրակ բացել թշնամու ուղղությամբ: Այսօր էլ Մխիթարյանը իր ծառայությունն է իրականացնում մարտական հենակետում:

…Մարտական հենակետում մեզ դիմավորում է դասակի հրամանատարի տեղակալ, ավագ Ա. Մելքոնյանը: Զեկույցից հետո շրջում ենք հենակետում, մտնում կացարան: Պատշաճ մաքրություն է, սնունդը պահվում է առանձին պահոցներում, ջուրը հաճախակի է թարմացվում: Մայոր Վ. Ստեփանյանը ստուգում է հերթապահության մատյանը և համապատասխան գրառում կատարում: Ավագ Ա. Մելքոնյանի հետ քայլում ենք խրամատներով, և նա ներկայացնում է զինվորներին` շարքայիններ Հ. Սմբուլյան, Ա. Սարգսյան, Մ. Փաշինյան, Հ. Ղազարյան, Հ. Համբարձումյան, Ն. Սարգսյան:

-Զգոնությունը պահում ենք ամենաբարձր աստիճանի,- ասում է ավագը,- առանձնակի ուշադրությամբ ենք հետևում գիշերային շարժերին: Մեծ է պատասխանատվությունը մարտական հերթապահության իրականացման նկատմամբ: Վերջին շրջանում լինում են հատուկենտ կրակոցներ, սակայն արժանի պատասխանից հետո հակառակորդը լռում է:

Ավագ Ա. Մելքոնյանի մասին գովեստի խոսքեր են ասում մեզ ուղեկցող սպաները:

-Ծառայությունը անց է կացրել սահմանային այս տարածքում: Ծառայությունից հետո պայմանագրային սերժանտական դասընթացներից հետո նորից իր ծառայությունն է անցկացնում այստեղ: Ուզում է սպա դառնալ, շարունակել ծառայությունը: Սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանում: Մեկ տարի անց կավարտի և կներկայացնենք սպայի կոչման, սակայն Ա. Մելքոնյանը արժանի է, որ արտահերթ համալրի մեր սպաների շարքերը: Գործունյա է, աշխատասեր և անչափ պատասխանատու,- այսպես նրան ներկայացրեց մայոր Վ. Ստեփանյանը:

-Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե իրենից ինչ է պահանջվում և գիտի իր պարտականությունները,- ասում է շարքային Ա. Սարգսյանը,- բացի այն, որ այդ մասին մշտապես պարապմունքների, ստուգումների ժամանակ հիշեցնում է հրամանատարությունը: Մենք դա զգում ենք ամեն անգամ մարտական հենակետ բարձրանալիս:

-Ճիշտ է, անհրաժեշտ է իմանալ քո մասնագիտական պարտականությունները, սակայն մեզ մոտ ընդունված է, որ բոլորս էլ իմանանք դիտորդի, գնդացրորդի, հրաձիգի և մյուս մասնագիտությունների պարտականություններն ու մարտական խնդիրները,- ընկերոջն է լրացնում շարքային Ն. Սարգսյանը:

Առաջ շարժվելով հանդիպում ենք դիտորդ Ն. Սարգսյանին: Նա զեկուցում է, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի դիրքերում փոփոխություններ չի նկատել:

-Այն, ինչ սովորում ենք սկզբնական շրջանում լսարաններում, մարտական փորձադաշտերում, մարտական հենակետերում տեսնում ենք մեր աչքերով, և ամեն պահ, ամեն օր սովորելու բաներ կան: Եվ գուցե մեզանից էլ ոմանք, ինչպես Արման Մելքոնյանը, ժամկետային ծառայությունից հետո նորից ցանկություն հայտնի շարունակելու ծառայությունը, և հավատացած ենք, որ ինձ և իմ ընկերների նման մարտականորեն այսպես տրամադրված զինվորների հետ ծառայությունը կանցնի պատվաբեր,- ասում են տղաները:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/04/2015