Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ



«Քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33)

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ավետիսով այսօր խնդությամբ է լցված մեր հոգին, քանզի «Այստեղ չէ, որովհետև հարություն առավ» հրեշտակաձայն ավետիսով փառավորում ենք Քրիստոսի Սուրբ Հարությունը, որով բացվեց փրկության ճանապարհը, և մխիթարություն սփռվեց մարդկային հոգիներում:

Գոհություն ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Տիրոջ երկնառաք շնորհներով մշտավառ է մեր ժողովրդի հավատքը, զորավոր եկեղեցանվիրումն ու հայրենասիրությունը, և հզոր ու ամուր է Հայոց Բանակը:

Սուրբ Հարության շնորհանորոգ ու փրկագործ այս օրերին Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք Հարուցյալ Փրկչից, որպեսզի համայն աշխարհին` պետություններին ու ժողովուրդներին, պարգևի խաղաղություն, ապահովություն ու կյանքի նորոգ ընթացք` հիմնված սիրո, հաշտության, եղբայրության ու փոխգործակցության սկզբունքների վրա, որպեսզի աշխարհում ընդմիշտ դադարեն թշնամությունը, ահաբեկչություններն ու պատերազմները, և վերացվեն դրանց կործանարար հետևանքները:

Հոգեպարար ու բերկրալի այս օրերին խնդրանքս է առ Հարուցյալ Փրկիչը, որ Իր Սուրբ Աջով միշտ պահպանի Հայոց Բանակը, հայոց Բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Աղոթում ենք, որ Հարուցյալ Փրկչի աստվածային սիրո շնորհները ճառագեն ամբողջ աշխարհում` սփռելով շողերը հույսի, եղբայրության, համերաշխության ու խաղաղության, որպեսզի մարդկությունը քրիստոսավանդ պատվիրանների իրագործումով երկրի վրա նորիմաստ իրականություն դարձնի «խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց միջև» հրեշտակաձայն ավետիսը:

Փրկչի Սուրբ Հարության ավետիսը աշխարհային առօրյա հոգսերի ու մտահոգությունների առջև նոր ու բարի հույսեր և սպասումներ է պարգևում քրիստոնյաներիս, նոր բովանդակություն ու նոր իմաստ հաղորդում մեր կյանքին ու գործունեությանը և մասնավորաբար մեր ժողովրդին` նորոգելու հավատքը, հույսն ու սերը և առավել զորացնելու միասնականության ու եղբայրության ոգին` հանուն ազգանվեր, հայրենանվեր ու եկեղեցաշեն նոր ձեռքբերումների և աշխարհասփյուռ հայորդիների բարօր կյանքի:

Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հրավիրում է վերափոխման, հրավեր, որ հոռետեսությունը լավատեսության է փոխակերպում և վհատությունը` խանդավառության:

Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որ Հարուցյալ Քրիստոս Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի հայոց ազգը, Հայաստան աշխարհը, Հայոց Եկեղեցին ու Բանակն անսասանության, խաղաղության ու առաջընթացի մեջ:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

ՔՐԻՍՏՈՍԻ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային


02/04/2015