Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 1918-1920ԹԹ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Մայիսի 11-ին, ժամը 1500-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Հարությունի Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ)» /2011թ./ գրքի շնորհանդեսը:
Պրոֆ. Գ.Պետրոսյանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում վարում է մասնագիտական դասընթացներ: Հրատարակել է չորս մենագրություն և շուրջ չորս տասնյակ գիտական հոդվածներ, որոնցում հայոց պատմության մեջ առաջին անգամ քննել է 1918-1920 թթ. Ուկրաինայի, Ռուսաստանի ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ ՀՀ հարաբերությունների պատմությունը: Դրանցից հիշատակության են արժանի հատկապես «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918-1920թթ.)» (Եր., 2002), «Հայաստանի Հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918թ. հունիս-նոյեմբեր)» (Եր., 2004, ռուս., Դոնի. Ռոստով, 2005), «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920թթ.)» (Եր., 2006) աշխատությունները:
«Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ)» գրքում համակողմանիորեն ներկայացվում և ամբողջացվում են Ռուսաստանի հետ ՀՀ-ի երկամյա հարաբերությունները` որպես նրա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մի առանձին փուլ: Գիտականորեն լուսաբանվում են Ռուսաստանի հակամարտող պետական կազմավորումների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների հաստատման գործընթացը, պատմական անհրաժեշությունն ու պատճառները: Քննության են առնվում նաև այդ հարաբերությունների հաստատման դժվարությունները, քաղաքական և գաղափարական իրարամերժ մոտեցումները, որոնք պայմանավորված էին ինչպես պատմական բարդ ժամանակաշրջանով, այնպես էլ Ռուսաստանում և ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով:

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


10/05/2011