ԵՐԳՆ ԷԼ ԻՄ ԶեՆՔՆ Է
Երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» հ/կ հիմնադիր նախագահ Մադլեն Ասրյանը շուրջ 35 տարի բեմում է: Այսօր էլ նա հանդես է գալիս մենահամերգներով, մասնակցում տարբեր բարեգործական նախաձեռնությունների:
-Տիկին Ասրյան, մեր ընթերցողին անշուշտ կհետաքրքրի` որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ միջավայրում մեծացել, ինչպե՞ս սկսվեց բեմ տանող Ձեր ճանապարհը:
-Մեր ընտանիքը հայտնի էր իր երաժշտասիրությամբ` երգում էինք, պարում, նվագում, ի բնե, ի ծնե արվեստով հետաքրքրված մշակութային տոհմ ենք: Հայրս Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղից էր: 1941թ. կամավոր մեկնում է ճակատ, Սևաստոպոլի ճակատամարտի ժամանակ գերի է ընկնում, բայց կարողանում է փախչել համակենտրոնացման ճամբարից: Հասնում է Փարիզ, որտեղ էլ միանում է Դիմադրության շարժմանը՝ Միսաք Մանուշյանի խմբին: Դառնում է Ֆրանսիայի կոմկուսի անդամ, և 1945թ. Սեն Ժերմենում նրան հանձնում են կուսակցական տոմս` Մորիս Թորեզի ստորագրությամբ: Հայրս այնքան շատ էր սիրում երգն ու նվագը, որ այստեղ էլ իր ձեռքով թառ է պատրաստում և նվագում, անգամ խումբ է ստեղծում: Այդ թառը հետագայում հայրենիք վերադառնալուց առաջ հայրս նվիրում է Լիոնի պատմության թանգարանին: Երազում եմ մի օր գնալ Ֆրանսիա և անձամբ իմ աչքով տեսնել ինձ համար այդ սուրբ մասունքը:
Մայրս ծագումով Հասան Ջալալյանի իշխանական տոհմից էր, որը սերում է Արցախի Խաչեն գավառից, Սաթենիկ Եսայի բեկ Հասան Ջալալյանի դուստրն էր: Ինձ ավելի շատ հենց Սաթեն տատս է դաստիարակել, նա է մեծապես ազդել իմ ներաշխարհի ձեւավորման վրա: Ու հիմա Արցախի այայի կերպարով երգելիս ճիշտ և ճիշտ նրան եմ ընդօրինակում: Տատս հայ կնոջ առաքինության եւ բարեպաշտության տիպար էր, հայրենասիրության իսկական մարմնացում: Մի փոքրիկ դրվագ պատմեմ` 1989թ. արդեն տարիքն առած տատս ձին հեծնել-բարձրացել է Գանձասար և հավաքված ժողովրդին կոչ արել՝ անվախ կռվել եւ մի թիզ հող անգամ չհանձնել թշնամուն:
…Ու էսպես հայրենասիրական մթնոլորտում, երգը շուրթիս ու հոգուս մեջ մեծանում էի: Հետո սովորեցի Հովհաննես Բադալյանի դասարանում: Երգել եմ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլին կից կանանց վոկալ համույթում, այնուհետեւ՝ «Բարեկամություն», «Գանձասար» համույթներում:
Հիմնականում հայկական ժողովրդական երգեր եմ կատարում: Համերգներով շրջագայել եմ Սիրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում…
-90-ականների ծանր ու դժվարին տարիներին շատ արվեստագետներ հեռացան հայրենիքից…
-Ես ինքս էլ այդ տարիներին բազմիցս փայլուն առաջարկներ եմ ստացել, բայց չեմ համաձայնել, ինձ թվում է` ես ուրիշ տեղ չեմ կարող ապրել, շնչահեղձ կլինեմ, ես միայն իմ հողի վրա եմ ինձ վստահ և ամուր զգում, հայրենիքն իմ հենման կետն է, ինձ ուժ տվող ակունքը…
-Այն դժվար ու օրհասական օրերին էլ, կարծեմ, Դուք սկսեցիք նաև ռազմահայրենասիրական երգեր գրել:
-90-ականներին իսկապես իրավիճակը շատ ծանր էր… Մի ներքին տագնապ ունեի` Արցախը հանկարծ չկորցնենք, եւ հենց այդ ժամանակ էլ սրտիս խոսքը, սրտիս ցավը դարձան երգի տողեր… Ու այդպես ծնվեց առաջին երգս` «Հայրենի Արցախ»:
Երգը անպայման սրտից, հոգուցդ պետք է բխի, հիշում եմ՝ երբ մեր չքնաղ Շուշին ազատագրվեց, ընդամենը 20 րոպեում պահի ներշնչանքով գրեցի «Իմ Շուշի» երգը:
Երգը, մանավանդ ժողովրդական, ազգային երգը հզոր միջոց է մարդու հոգում արթուն պահելու հայրենասիրության թրթիռը: Երգը ևս պետք է ճիշտ և նպատակային օգտագործվի, չէ՞ որ այն զենք է` հոգևոր զենք: Երգը ամուր թելերով քեզ կապում է հարազատ վայրերին, արթուն է պահում ազգային ինքնագիտակցությունը:
Այն դժվար տարիներին հաճախ էինք այցելում հեռավոր զորամասեր, երգում խրամատում կանգնած զինվորի, սահման պահող ազատամարտիկի համար: Տեսնել էր պետք նրանց խանդավառությունն ու ոգեւորվածությունը, նրանց աչքերի փայլը, ու որքան էլ ծանր ու դժնդակ ժամանակներ էին, միեւնույն է, ես նրանց աչքերում միայն հաղթանակի հավատն էի տեսնում:
Այժմ էլ սիրով համագործակցում եմ պաշտպանության նախարարության հետ, պարբերաբար այցելում եմ զորամասեր, իմ երգով ոգեւորում հայրենի օջախից հեռու մարտական ծառայություն իրականացնող, մեր սահմաններն ամուր պահող զինվորներին:
-Տիկին Ասրյան, այս տարի հոբելյանական է Ձեզ համար: «Հայ զինվորը» սրտանց շնորհավորում է Ձեզ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ, եւ Ձեր կատարումներով շարունակեք անխաթար պահել մեր ազգային երգարվեստն ու շարունակեք Ձեր երգով ուրախացնել եւ ոգեւորել մեր զինվորին:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր