Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՌԸ ԶԵՆՔԻՑ

Սառը զենքով հարձակվող հակառակորդից պաշտպանության ժամանակ խորհուրդ չի տրվում հարվածը դիմավորել անշարժ վիճակում: Անհրաժեշտ է դուրս գալ հարվածի ուղղությունից կամ կենտրոնացման կետից: Դեպի ետ խուսափումը ժամանակավորապես փրկում է հարձակումից, բայց հակառակորդին տալիս է հարձակումը ավելի ակտիվ շարունակելու հնարավորություն: Բացի այդ, դեպի ետ խուսափելիս չի բացառվում անսպասելի խոչընդոտների հանդիպելը:

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ավելի արդյունավետ են կանխող գործողությունները: Կախված իրավիճակից՝ կարելի է կատարել դեպի առաջ, առաջ-կողք, կողք խուսափումներ:

Դանակով ձեռքը անպայման պետք է վնասազերծել, այսինքն՝ դանակը խլել, այլապես, վերջին շնչում անգամ, նույնիսկ ակամա հակառակորդը կարող է վնասել:

Շատ դժվար է բռնել հարվածող ձեռքը այն պահին, երբ այն արագություն է ստացել: Առավել հեշտ են կանխումով գործողությունները: Եթե կանխելը ուշ է՝ ավելի լավ է ուղղակի խուսափել և կատարել հակահնարք հակառակորդի հավասարակշռությունից դուրս գալու պահին:

Մի ձեռքով հակառակորդի զինված ձեռքը բռնելը դժվար է, քանի որ պահանջվում է արտակարգ ռեակցիա և մկանային ուժ: Ավելի հուսալի է երկու ձեռքով բռնումը: Առավել հեշտ է բռնել արմնկահոդին մոտ, քան դաստակից:

Կարևոր է հոգեբանորեն լինել հանգիստ, սառնասիրտ և համարձակ: Հայացքով հակառակորդի զինված ձեռքին հետևելը կարող է շփոթեցնել: Ավելի ճիշտ է նայել հակառակորդի աչքերին կամ ուսերին և տեսնել նրա մարմինը ամբողջությամբ: Անհրաժեշտ է ընտրել ճիշտ պահը, քանի որ և՛ շտապողականությունը, և՛ դանդաղկոտությունը հավասարապես կարող են վնասել:

Սակրավորային բահով կամ կացնով զինված հակառակորդից պաշտպանվելիս խորհուրդ է տրվում դիմել ակտիվ պաշտպանության, փոքրացնել հակառակորդի հետ տարածությունը, քանի որ զենքի ծայրով ստացած հարվածը կասեցնելը համարյա հնարավոր չէ (եթե չօգտագործենք տեղանքի առարկաները):

Անհրաժեշտ է կասեցնել հարվածը քանի դեռ զինված ձեռքը արագություն չի ստացել, կամ հստակորեն խուսափում կատարելուց հետո կատարել հակահնարք այն պահին, երբ հակառակորդի դիրքը անկայուն է:

Սվինով ավտոմատի հարվածներից պաշտպանվելիս շատ կարևոր է խուսափումների հստակ կատարումը, քանի որ ձեռքերով շեղում (բլոկ) կատարելը հավասարազոր է ինքնախեղման: Հստակ խուսափումից հետո հեշտ է կատարել արդյունավետ հակահնարք:

ԿԱՇԿԱՆԴՈՒՄՆԵՐԻՑ, ԲՌՆՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ

Կաշկանդումներից և բռնումներից ազատվելու համար պետք չէ հենվել ուժի վրա: Ավելի լավ է ուժին հակազդել ճկունությամբ և խելքով:

Երբ հակառակորդը բռնել է ձեռքի դաստակից, ավելի ճիշտ է ազատվել դաստակի պտույտով դեպի բութ մատը, քանի որ հակառակ ուղղությամբ ստիպված կլինեք հաղթահարել չորս մատի ուժը:

Երբ հակառակորդը կատարում է խեղդող հնարք, կարեւորը շնչուղիներն ազատելն է, քանի որ այդ վիճակում հնարավոր չէ երկար դիմադրել: Եթե փորձենք ուժով դիմադրել` ավելի կուժեղացնենք հակառակորդի ազդեցությունը: Ավելի ճիշտ է` մի պահ մարմնով ենթարկվել, բայց բռնելով հակառակորդի սեղմող ձեռքի որևէ մատը, սեղմել դեպի ետ ու բացելով գրկումը` ազատվել: Եթե ինքնապաշտպանության համար որոշել ենք հարվածել հակառակորդի աչքերին կամ այլ ցավեցնող հնարք կատարել, անհրաժեշտ է մի ձեռքով թուլացնել վզի սեղմումը, իսկ մյուսով` կատարել հակահնարքը, այլապես հակառակորդը կարող է ցավի ազդեցությունից ջղաձգվել և մահացու վնասվածք հասցնել:

Եթե հակառակորդը գրկել է իրանից, և մեր ձեռքերը ազատ են, շատ հակահնարքներ կան: Իսկ երբ մեզ գրկել են ձեռքերի հետ, դիմացից գրկելու դեպքում կարելի է ճակատի ամուր մասով հարվածել հակառակորդի դեմքին, ձեռքով կամ ծնկով հարվածել նրա ամորձիներին: Երբ գրկել են մեջքի կողմից` կարելի է ծոծրակի գանգոսկրով հարվածել հակառակորդի դեմքին, ձեռքով` աճուկներին, կրունկով դեպի ետ` ծնկներին, ոտքերի սրունքներին, կոճերին, ոտնաթաթերին:

Հաջող հարված կատարելուց հետո հեշտ է թուլացնել բռնումը կամ գրկումը և հակաբռնում կատարելով` կատարել հակահնարք:

Շարունակելի

Գևորգ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
«Ձեռնամարտի ձեռնարկ» գրքից

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ազգային բանակ


09/04/2015